Մատչելիության հղումներ

Ատամբաևը մտադիր է դատի տալ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությանը


Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը մտադիր է որևէ միջազգային դատարանում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության՝ «Ազատտըկ»-ի դեմ հայց ներկայացնել:

Ուրբաթ օրը ելույթ ունենալով Բիշքեկում՝ Ատամբաևը «սուտասաններ» է անվանել «Ազատտըկ»-ի լրագրողներին և Zanoza.kg անկախ լրատվական կայքը՝ հայտարարելով, որ սեպտեմբերին նախատեսված վաշինգտոնյան այցի ընթացքում այդ մասին բողոքելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ղրղըզստանի նախագահը պնդում է, որ իրեն զրպարտել են ընդդիմադիր առաջնորդ Օմուրբեկ Տեկաբաևի ձերբակալության մասին ռեպորտաժներում: Դրանցում լրագրողները մեջբերել են Տեկաբաևի գլխավորած կուսակցության՝ «Աթա-Մակեն»-ի հայտարարությունը, որ իշխանությունները ճնշում են գործադրում ընդդիմադիր առաջնորդի նկատմամբ, որպեսզի նա չհրապարակի իր ունեցած՝ թուրքական օդանավի կործանման մասին փաստաթղթերը:

Ընդդիմադիր կուսակցության փաստաբանի համաձայն՝ խոսքն այն մասին է, որ հունվարի 16-ին կործանված օդանավը պատկանում էր Ատամբաևին և նրա կնոջը: Ավիաաղետի պատճառով զոհվել են օդանավի անձնակազմի 4 անդամներ, 35 մարդ էլ՝ ամառանոցային ավանում, որտեղ վայր է ընկել ինքնաթիռը:

Տեկաբաևը, ով համարվում է Ատամբաևի գլխավոր քաղաքական ընդդիմախոսը, իշխանությունների ամենակոշտ քննադատներից մեկը, իր կուսակցության կողմից առաջադրվել է 2017 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններին:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փոխնախագահ Նենադ Պեյիչը կորպորացիայի ղեկավարության անունից պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Ատամբաևի հետ և քննարկելու ծագած բոլոր խնդիրները: Պեյիչն ընդգծել է, որ կորպորացիայի լրագրողները մշտապես ներկայացնում են հավասարակշռված տեղեկատվություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG