Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցները երթ անցկացրեցին


«Հիմնադիր խորհրդարանի» անդամները Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշեցին Պահանջատիրական երթով։

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները, որոնց թիվը չէր գերազանցում 100-ը, շեշտում էին, որ եկել են ևս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանում մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումների մասին։ Մինչև քայլերթը, որի նպատակն էր նաև աջակցություն հայտնել անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից 2016-ը հատկապես առանձնացավ․ - «Այսօր մենք ունենք քաղաքական պատճառներով կալանավորված բազմաթիվ քաղաքացիներ, մարդու իրավունքները Հայաստանում ձևական առումով են, դրանք թղթի վրա ամրագրված են, բայց այն փաստը որ կան բազմաթիվ կալանավորված անձիք ապացուցում է որ թղթի վրա ամրագրվածը իրականում չկա»:

Ալեք Ենիգոմշյանը պնդեց՝ մեր երկրում պաշտպանված չեն ազատ խոսքի, արժանապատիվ կյանքի, նաև արդար դատավարության իրավունքները։ Ըստ նրա՝ դրա ապացույցն է այն, որ «Սասնա ծռերի» անդամներից շատերին դեռևս չեն թույլատրում տեսակցել հարազատների հետ։ Ենիգոմշյանը համաձայն չէ նաև նրանց առաջադրված մեղադրանքների հետ։

«Այն մեղադրանքները, որոնք առաջադրված են անհիմն են և կալանավորվածները չունեն այն իրավունքները, որոնք պետք է լինեին», - ասաց նա:

Մինչև քայլերթը, ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Կազմակերպիչները նրան ներկայացրեցին երթուղին և միայն դրանից հետո ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ՊՊԾ գնդում տեղի ունեցած դեպքերից հետո բուժում են ստանում «Սասնա ծռերի» որոշ անդամներ։

Պահանջատիրական երթի մասնակիցներից էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը։

«Ես իմ համերաշխություն եմ հայտնում երթի մասնակիցներին, որոնք բողոքի ձայն են բարձրացնում Հայաստանում մարդու իրավունքների իրականացման և քաղբանտարկյալներ չլինելու պահանջով», - ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյան էլ անդրադարձավ Հայաստանում արդարադատության համակարգում առկա խնդիրներին։ Ըստ նրա, սա ամենախոցելի ոլորտն է, որտեղ խախտումները բազմաթիվ են․ - «Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն օրենքով և սահմանադրությամբ մարդու իրավունքները չեն պահպանվում, այլ հակառակը՝ հանգեցնում են ավելի բարդ հետևանքների: Եթե մի կողմ դնենք «Սասնա ծռերին», ապա մյուսները բոլորը ապօրինի ձերբակալվել են․ մասնակցել են ցույցերին, ակտիվ են եղել ընդամենը»:

Երբ քայլերթի մասնակիցները անցան Մաշտոցի պողոտայով և մտան Գրիգոր Լուսավորիչ փողոց, ոստիկանները նրանց արգելեցին անցնել Ռուսաստանի դեսպանատան կողքով։ Իսկ արդեն «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ կենդանի պատ կազմած ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ շենքին։ Երթը կանգ առավ, հերթով հնչեցին «Սասնա ծռերի» այն տղաների անունները, որոնք այդ պահին գտնվում էին հիվանդանոցում։

Այդտեղ մոտ 30 րոպե մնալուց հետո պահանջատիրական երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ՝ այս անգամ անցնելով Տիգրան Մեծով, Աբովյանով, Սայաթ Նովայով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG