Մատչելիության հղումներ

Շտայնմայեր․ Բունդեսգաթի բանաձևը կապ չունի թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրի հետ


Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարում է՝ Բունդեսգաթի՝ Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձևը ոչ մի կապ չունի գերմանացի պատգամավորների՝ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրի հետ:

Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան «Տորնադո» տիպի 6 հետախուզական ինքնաթիռ և վառելիքով վերալիցքավորող մեկ օդանավ ունի, որոնցով օժանդակում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին։ Թուրքիայի հետ համաձայնության չգալու պարագայում գերմանացի օրենսդիրները քննարկում են իրենց ռազմատեխնիկան հետ քաշելու հարցը։

«Ոչ մի ուղղակի կապ չեմ տեսնում երկու հարցերի միջև և այդ մասին հայտնել եմ նաև թուրք գործընկերներին», - գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Շտայնմայերը՝ հավելելով.- «Դաշնային խորհրդարանը պետք է հավանություն տա, որպեսզի զինվորները կարողանան շարունակել իրենց ծառայությունը արտերկրում։ Այդ նպատակով պատգամավորները ցանկանում են այցելել Ինջիրլիքում գտնվող զինվորներին։ Իմ պարտականությունը պատգամավորների համար նման հնարավորություն ապահովելն է»։

Շտայնմայերը հավելել է՝ ճիշտ չէ սպասել, որ գերմանացի օրենսդիրները, առանց զինվորների վիճակին ծանոթանալու, կհաստատեն Ինջիրլիքում գերմանացի զինվորների ծառայությունը երկարաձգելու մասին օրինագիծը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նախօրեին Անկարայում հայտարարել էր, թե ԻնջիրլիքԻ ռազմաբազայի հարցում իրենց որոշումը կախված է Գերմանիայի քայլերից․ - «Եթե Գերմանիան անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, ապա մենք կապահովենք նրանց այցը։ Մեր պատմության հետ խաղալու հանդգնություն ունեցողներին չենք կարող թույլ տալ այցելել մեր անձնական տարածքներ»: Չավուշօղլուն պարզաբանել էր, որ «անհրաժեշտ քայլեր» ասելով նկատի ունի Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում այն:

Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ թուրք-գերմանական հակասությունների ֆոնին կոշտանում է նաև Գերմանիայի դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում։ Եվրահանձնաժողովի թվային էկոնոմիկայի հարցերով գերմանացի հանձնակատար Գյունտեր Էթինգերը «Բիլդ» հանդեսին տված հարցազրույցում քիչ հավանական է համարել Թուրքիայի մուտքը Եվրամիություն, քանի դեռ այնտեղ նախագահում է Թայիփ Էրդողանը։

«Ներկայիս պայմաններում Թուրքիայի անդամագրումը ԵՄ-ին առաջիկա տասնամյակի ընթացքում իրատեսական չէ», - նշել է Էթինգերը։

Գերմանիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան դեռ 10-20 տարի չի համալրելու Եվրամիության երկրների շարքերը։

«Չեմ կարծում, որ Թուրքիան Եվրամիության անդամ կդառնա մինչև իմ կարիերայի ավարտը», - ասել է Գերմանիայի փոխվարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG