Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ը վերագործարկել առաջարկող գործարարը սպասում է «հստակ պատասխանի»


Armenia -- Nairit chemical plant, undated.
Armenia -- Nairit chemical plant, undated.

EU-ASIA Business Finance Centre հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանի կառավարությանը մի քանի անգամ նամակ է գրել ու նշել, որ պատրաստ է վերագործարկել քիմիական հսկան ու ացետիլային եղանակով կաուչուկ արտադրել, սակայն մինչև օրս հստակ պատասխան չի ստացել։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հակադարձում է, թե այդ առաջարկներն առայժմ բարի ցանկությունների մակարդակում են, և որևէ հստակ ծրագիր չի ներկայացվել:

Սլովակիայում ապրող հայազգի գործարարի խոսքով, իրենք նախարարությանը համառոտ ծրագիր են ուղարկել, և համաձայնության դեպքում ընկերությունը պատրաստ է Հայաստան գալ ու մինչև 100 միլիոն դոլարի ներդրում կատարել։

Վերագործարկման հնարավորությունները պարզելու համար Համաշխարհային բանկի միջոցներով դեռ 2015-ին աուդիտ է իրականացվել․ միջազգային փորձագետները բացասական եզրակացություն տվեցին։ Մինչդեռ Գրիգորյանը պնդում է, որEU-ASIA Business Finance Centre-ի ներկայացուցիչները ևս ուսումնասիրություն են կատարել ու համոզվել, որ գործարանը դեռ կարելի է փրկել։

«Մեր ցանկությունն է՝ ստանալ կառավարությունից մեկ եվրոյով «Նաիրիտ» գործարանը, ստանալ 5 տարի ժամկետով, հարկային բարենպաստ ռեժիմի պայմաններ: Այնուհետև «Նաիրիտ»-ի տարածքի վրա, որը սարսափելի մեծ է և մի քանի անգամ գերազանցում է կաուչուկի արտադրության համար պահանջվող տարածքները, մենք ցանկանում ենք այնտեղ ևս մի քանի արտադրություններ՝ և՛ քիմիական, և՛ էներգետիկ, տեղավորել»:

Նախարար Լևոն Յոլյանը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված ամեն մի ողջամիտ առաջարկ՝ եթե այդպիսին կլինի․ - «Գուցե թե իսկապես կա նման ցանկություն։ Սակայն այլ բան է ցանկությունը, այլ բան՝ գործնական ծրագիրը։ Մայիսին անձամբ խոսել եմ հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որին երկար տարիներ անձամբ ճանաչում եմ։ Ասել եմ, որ ցանկացած իրական ծրագիր պատրաստ ենք քննարկել։ Այս ընթացքում բազմիցս փորձել ենք հոլդինգի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ ստանալ կոնկրետ հիմնավորումներ, սակայն գոնե մինչև այս պահը չենք ստացել»։

Յոլյանը նաև նշում է, որ վեց տարիների ընթացքում առաջարկություններ եղել են, սակայն դրանք երբեմն զավեշտի են հասել, երբ խոսակցությունները գործնական փուլ տեղափոխելուց հետո ընկերությունները պարզապես խուսափել են Հայաստան գալ։

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների կարծիքով, մինչդեռ, կառավարությունը պարզապես չի ցանկանում աշխատեցնել գործարանը։

«Թող դա լինի 1500, թող դա լինի 2000 աշխատեղեր, բայց եթե բազմապատկենք չորսով, հինգով, կտեսնենք, թե ինչքան ընտանիքներ ու ընտանիքի անդամներ կունենան նորմալ աշխատավարձ: Կարծում եմ, իշխանությունը ևս պետք է շահագրգռված լինի: Հենց իշխանությունը պետք է շահագրգռված լինի «Նաիրիտ»-ը վերագործարկելու, այսինքն՝ «Նաիրիտ»-ով սկիզբ դնելու տնտեսությունը զարգացնելուն», - ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը:

Միլիոնավոր դոլարների պարտքեր կուտակած «Նաիրիտ» գործարանը դադարեց աշխատել 2010 թվականի մարտին։ Գործարանի աշխատողների մեծ մասը կրճատվեց։

ԱՊՀ միջպետական բանկին, Երևանի ՋԷԿ-ին, ՀԷՑ-ին ու «Գազպրոմ Արմենիա»-ին գործարանը 100 միլիարդ դրամից ավելի գումար է պարտք։ Պարապուրդի տարիներին միայն աշխատակիցների աշխատավարձի վեց միլիարդ դրամի պարտքը մարվեց, այն էլ՝ ամիսների պայքարից, բողոքի ցույցերից ու ճանապարհներ փակելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG