Մատչելիության հղումներ

Սարիթաղցիների պաշտպանը պահանջում է «անհատականացնել» մեղադրանքները


Արխիվ -- Բախում սարիթաղցիների և ոստիկանների միջև, 19-ը հուլիսի, 2016թ․
Արխիվ -- Բախում սարիթաղցիների և ոստիկանների միջև, 19-ը հուլիսի, 2016թ․

Սարի թաղի գործով 7-րդ դատական նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ անցավ առանց տեսանկարահանման։

Դատարանի որոշման դեմ առարկեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ կողմերից որևէ մեկը դեմ չէ տեսանկարահանմանը, դատական նիստն էլ դռնբաց է, հետևաբար արգելքը չի կարող օրենքի պահանջ համարվել։ Դատավորը որոշումը չփոխեց։

Ամբաստանյալների հարազատները կատարվածն անօրինականություն որակեցին՝ նշելով, որ սա դատարանի հերթական կամայականությունն է։ Դատական նիստն «Ազատությունը» ստիպված էր միայն ձայնագրել։

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված 9 քաղաքացիներից 4-ը նույն գործով են անցնում։ Մեղադրող Գևորգ Գևորգյանն այսօր ներկայացրեց Հարություն Թորոսյանի, Անդրանիկ Քյոսեյանի, Էդուարդ Զեյթունյանի և Հրայր Իսախանյանի մեղադրական եզրակացությունը։ Նրանք մեղադրվում են ոստիկանի առողջությանը և կյանքին վնաս հասցնելու մեջ։

Չորս ամբաստանյալներից երեքը նշեցին, որ իրենց համար անհասկանալի է առաջադրված մեղադրանքի էությունը։ Պաշտպանները միջնորդեցին՝ դատարանից պահանջելով բացատրել կոնկրետ ինչ արարք են կատարել չորս քաղաքացիները, որի համար կանգնել են դատարանի առաջ․ - «Արդյո՞ք Հարություն Թորոսյանը կամ Էդուարդ Զեյթունյանը բռնություն գործադրել են, այսինքն՝ ոտքերով, ձեռքերով, քարերով կամ այլ առարկայով հարվածներ հասցրել են, թե ոչ: Եթե այո, ապա՝ կոնկրետ ո՞ւմ, և արդյո՞ք այդ ենթադրյալ բռնությունը որևէ մեկի առողջության համար վտանգավոր է եղել, թե ոչ»:

Մեղադրող Գևորգ Գևորգյանը հակադարձեց․ - «Գործում առկա են տեսաձայնագրություններ, որտեղ երևում է, որ բոլոր ամբաստանյալները նետում են քարեր, քաշքշում են ոստիկաններին, հարվածներ են հասցնում»:

Դատարանը հարկ չհամարեց հավելյալ պարզաբանում ներկայացնել, մինչդեռ պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանի համար դատարանի նման դիրքորոշումն անընդունելի է:

«Քսան հոգի գտնվել են այնտեղ, երեսուն հոգին են գտնվել․․․ ինչ-որ մեկը քարեր է նետել, որը մյուսների հետ կապ չունի: Հիմա եկեք անհատականացրեք՝ մենք իմանանք, թե ինչից ենք պաշտպանվում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Սիմոնյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին։ Ցուցմունք կտան տուժող ճանաչված ոստիկանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG