Մատչելիության հղումներ

Տոնավաճառների առևտրականները պահանջում են, որ «իրենց հանգիստ թողնեն»


Երևանի տարբեր տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ այսօր վաղ առավոտից փակել էին իրենց տաղավարները և բողոքի դուրս եկել Կառավարության շենքի դիմաց։

Արդեն 3 օր է հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես առևտրականներն են պնդում, իրենց հանգիստ չեն թողնում։ Ստուգումներ են իրականացնում, պահանջում ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը։

«Առանց որևէ զգուշացման մեր մոտ սկսել են էդ ստուգումները: Դրա համար էլ մենք վիրավորվել ենք, որ մեր հաճախորդներին նեղացնում են․․․ Հաճախորդը, որ մեքենայով մի բան առել, դուրս ա եկել, էդ մարդուն սկսում են անհանգստացնել, էդ մարդուն սպանես, էլ ըտե չի գա: Էդ մեր վերջը կլինի», - ասաց ցուցարարներից մեկը:

Վաճառականներն անիրատեսական են համարում հարկային մարմնի պահանջները․ - «Իրենց առաջարկած տարբերակները, որպեսզի մենք ամեն ապրանք փաստաթղթավորենք և հաշվապահներ վարձենք, որպեսզի էդ հաշվապահները ամբողջ օրը մեր մոտ նստեն ու փաստաթուղթ տանք նրանց, ովքեր մեզնից ապրանք են գնում․․․ էդի մենք չենք կարա անենք, էդ գումարները մենք չունենք: Մենք ունենք պարզապես էնքան գումար, որ կարում ենք գոյատևենք, կարողանում ենք մեր ընտանիքները պահենք»:

Ժամեր տևած ցույցի մասնակիցներին մի քանի անգամ առաջարկեցին փոքր խմբով Պետեկամուտների կոմիտեի մասնագետների հետ քննարկել իրենց խնդիրները։ Վաճառականները սկզբում չհամաձայնեցին այդ ձևաչափով հանդիպման գնալ՝ պահանջելով վարչապետի ներկայությունը հրապարակում։ Տեսնելով, որ իրենց պահանջը չի բավարարվում՝ որոշեցին երեք հոգով գնալ քննարկմանը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպումից հետո «Առինջմոլ»-ի աշխատակից Արմեն Ներսիսյանը մյուսներին ներկայացրեց կառավարության ներկայացուցչի պատասխանը․ - «Իրանց ասածն էս ա․ գնացեք դուք ձեր աշխատանքին, մեր տեսուչները ուղղակի իրանց աշխատանքն են անում: Իրանք ուղղակիորեն մի հատ մոնիտորինգ են ուզում անեն, թե մարդիկ ինչի չեն ՀԴՄ խփում, և եթե խփում են, պատճառն ինչ էղավ, որ խփում են»:

Պատասխանը չբավարարեց առևտրականներին։ Որոշեցին հաջորդ երեքշաբթի կառավարության շենքի դիմաց շարունակել իրենց ցույցը։

Բողոքի ցույցին զուգահեռ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ առևտրականների ակցիան ուղղորդված է։

«Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ», - ասված է հայտարարությունում։

ՊԵԿ-ը նաև հայտարարում է, որ տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որոնք պետք է օրենքի դաշտում գործեն, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի:

Քաղաքացիներն էլ իրենց խոսքն ուղղեցին կոմիտեին։

«Թող որոշում հանեն, փոխեն իրանց օրենքները, դնեն հաստատգրված վճար», - ասաց մի կին:

«Մեզ պետք է, որ մեզ հանգիստ թողեն: Էդ իրանց մտածած տարբերակը հիմի իսկական վախտը չի: Նախ առաջինը, թող մի հատ վերևներով ֆիլտրեն այս հարցը, հետո իջնեն միջինը ֆիլտրեն, հետո հասնեն փոքր ու միջինին», - հավելեց մի տղամարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG