Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը աջակցություն է հայտնում Դանիել Իոաննիսյանին


«Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրած անձը պետք է գնահատվի, ոչ թե հետապնդվի», - հայտարարում է հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտելով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների դատական հայցը Դանիել Իոաննիսյանի դեմ:

«Եթե դպրոցների տնօրենները ամաչում են, որ բացահայտվել է իրենց անհարմար գործունեությունը, նրանք պետք է գնան ոչ թե լրագրողի, այլ իրենց այդ դրության մեջ դրած մարդկանց հետևից»,- գրում է «System Of A Down» աշխարհռչակ ռոք խմբի մենակատարը՝ հիշեցնելով, որ հետաքննության հրապարակումից հետո հանդիպել է Իոաննիսյանին և նրա հետ լուսանկար հրապարակել «Ինստագրամ» սոցցանցում՝ պատվելով երիտասարդ ակտիվիստի գործադրած ջանքերը:

Հայաստանյան քաղաքական ուժերից առայժմ միայն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն է պաշտոնապես զորակցություն հայտնել Իոաննիսյանին ու «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»՝ տնօրենների հայցը որակելով «իշխանության կատարած փոքրոգի ու անարժանապատիվ քայլ»: Լևոն Զուրաբյանը պնդեց՝ իշխող Հանրապետականն է կանգնած դատարան դիմած մանկավարժների հետևում․ - «Ամենաբարձր կաբինետներում որոշվել է, որ արմատապես լուծեն այս խնդիրը, այսինքն, որ անգամ քաղաքացիական հասարակությունը չփորձի այսուհետև ինքնուրույն հայթայթել իրենց հանցագործությունների ապացույցները»:

Առաջին անգամը չէ, հիշեցնում է Զուրաբյանը, որ ընտրակեղծարարին պատժելու փոխարեն թիրախավորվում է այն հայտնաբերողը․ - «Ընդհանրապես դա իշխանությունների ոճն է: Երբ նրանք պետականորեն կազմակերպում են ընտրակեղծարարություն, երբ որ մենք այդ ապացույցները բերում ենք, հետո պարզվում է, որ օրենքը խախտել է ոչ թե այն մարդը, ով ընտրակաշառք է բաժանել, այլ այն մարդը, ով ընտրակաշառքի մասին ապացույց է բերել: Անգամ եղել են դեպքեր, երբ մեր ակտիվիստների դեմ ընտրական գործընթացին խոչընդոտելու համար վարույթ են հարուցել: Հիմա, ըստ էության, կատարվում է նույնը»:

Հանրապետականի օգտին քվեարկողներին ցուցակագրած 30 տնօրեններից ամեն մեկը Դանիել Իոաննիսյանից պահանջում է 2-ական միլիոն դրամ և հրապարակային հերքում, թե Հանրապետական կուսակցությունը չարաշահել է վարչական ռեսուրսը: Բոլոր տնօրենները փաստաբանական նույն ընկերությանն են դիմել, իրենք էլ հիմնականում ՀՀԿ-ականներ են: Լևոն Զուրաբյանը չմտաբերեց ողջ երկրով մեկ գոնե մի ուսումնական հաստատության ղեկավարի, որ իր կուսակիցը լիներ, ուսումնասիրություն ունեն՝ տնօրենների 90 տոկոսից ավելին Հանրապետականի անդամ են․ - «Մի ցուցանիշ, որը կպատշաճեր նացիստական Գերմանիայում: Կամ, ասենք, Սովետական Միությունում՝ համարյա բոլոր տնօրենները Կոմունիստական կուսակցության անդամ էին»:

Զրպարտության մեղադրանքով բազմիցս դատարանի առջև կանգնած ու այս օրենսդրությանը քաջածանոթ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը տարակուսած է՝ Իոաննիսյանն ի՞նչը հերքի, նույնիսկ գաղտնի ձայնագրություններն են արդարացված հանրային շահի տեսանկյունից․ - «Զրպարտությունը շատ հստակ ձևակերպում ունի՝ պետք է փաստեր լինեն, տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ես այստեղ չեմ տեսնում որևէ փաստ, որը կարելի է վիճարկել և ընդհանրապես խոսել զրպարտության մասին»:

Հակառակը, Արմինե Օհանյանն ասում է՝ տնօրենների դատական հայցը եկավ ապացուցելու, որ հետաքննությունը նշանակետին է խփել․ - «Սա այն դեպքն է, որ ասում են՝ սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում: Վատ խորհրդատուներ են ունեցել այս տնօրենները, շատ վատ պրոցեսի մեջ են ներքաշել այդ կանանց և ավելի են բարդացրել իրենց վիճակը: Որովհետև երբ որ դատարանում սկսի քննվել այդ ամբողջ գործընթացը, այդ ձայնագրությունները դրվեն հատ-հատ վերլուծվեն, լրատվամիջոցները ներկա լինեն այդ դատական պրոցեսին, մեր կրթական համակարգը պարզապես խայտառակվելու է»:

«Հրապարակ»-ի խմբագիրն ասում է՝ հիմա էլ դատարանում ջրի երես դուրս կգա, որ տնօրեններն իրենց մանկավարժի կոչումը մի կողմ դրած՝ հանուն մի կուսակցության ապօրինությամբ են զբաղված․ - «Մենք, հասարակության անդամներս, որոնք մեր երեխաներին տանում ենք այդ դպրոցներ, լիքը մտածելու բան ունենք այդ առումով՝ արդյոք կարելի է այդպիսի տնօրեններին, այդպիսի կրթօջախներին վստահել մեր երեխաների դաստիարակությունը: Եվ ես այլ բան չեմ կարող ասել, քան ողջունել Դանիել Իոաննիսյանին և իր խմբին այդպիսի օգտակար, կարևոր գործ անելու համար»:

Հայցը բավարարվելու դեպքում հերքում հրապարակելուց բացի Իոաննիսյանը ստիպված կլինի մանկավարժներին վճարել 60 միլիոն դրամ՝ ավելի քան 120 հազար դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG