Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Ռուսաստանի հետ համագործակցում ենք Սիրիայում և Ադրբեջանում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ»


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան և Ռուսաստանը համագործակցում են տարածաշրջանային մի շարք խնդիրների լուծման շուրջ` մասնավորաբար Սիրիայում և Ադրբեջանում: Այս մասին երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում գործող Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հանդես գալով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում աշխատող մի քանի տասնյակ ամերիկացի և օտարերկրացի լրագրողների առջև` Չավուշօղլուն բավական դրական է գնահատել թուրք-ռուսական հարաբերություններում վերջին ամիսներին նկատվող դինամիկան: «Մենք վերականգնել ենք մեր հարաբերությունները, կարողացել ենք հաղթահարել տարաձայնությունները: Այսօր մեր հարաբերությունները վերականգնվել են», - հայտարարում էր թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Մևլութ Չավուշօղլուն Մամուլի ազգային ակումբում իր ելույթում, սակայն, հատուկ ընդգծում էր․ - «Թուրքիան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Խոսքը նաև Ղրիմի մասին է»:

Ուշագրավ է, ի դեպ, որ Մամուլի ազգային ակումբի ղեկավարությունը առիթը բաց չթողեց և Չավուշօղլուի հետ հանդիպումն օգտագործեց նաև Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումների մասին բարձրաձայնելու համար: «Թուրքիայում մամուլի ազատության ծանր վիճակը մեզ լրջորեն մտահոգում է», - Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման մեկնարկին հայտարարեց ակումբի ղեկավար Ջեֆ Բալուն` հիշեցնելով․ - «2016 թվականից ի վեր Թուրքիայում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մենք հինգ հայտարարություն ենք ընդունել»: «Այժմ ևս կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին վերջ տալ լրագրողների կալանավորումներին, նրանց դեմ գործադրվող ճնշումներին և կիրառվող մյուս տեսակի հալածանքներին», - հայտարարում էր Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբի ղեկավարը:

Ի դեպ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Վաշինգտոն է ժամանել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կազմում ընդգրկված պետությունների արտաքին գործերի նախարարների հավաքին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում Չավուշօղլուն հանդիպել է նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների` Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի և Ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերի հետ:

Սեշընզի հետ բանակցությունների ընթացքում Չավուշօղլուն կրկին դիմել է ամերիկյան իշխանություններին` Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին արտահանձնելու խնդրանքով: Թուրքական իշխանությունները պնդում են, որ անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի հեղինակը հենց Գյուլենի կողմնակիցներն են: Չավուշօղլուն Մամուլի ազգային ակումբում հնչեցրած ելույթում նաև ակնարկել է, որ Գյուլենի արտահանձնումը այն մի քանի խնդիրներից մեկն էր, որ խաթարում էին պաշտոնական Անկարայի և Բարաք Օբամայի վարչակազմի հարաբերությունները:

«Մենք պատրաստվում ենք աշխատել նոր վարչակազմի հետ: Վստահ ենք, որ կկարողանանք ակտիվացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները», - նշում էր Չավուշօղլուն:

Գյուլենի արտահանձնումից բացի, Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա մյուս խնդիրը Սիրիայի քրդերին Վաշինգտոնի կողմից ցուցաբերվող օժանդակությունն է:

Վաշինգտոն այցի ընթացքում Չավուշօղլուն հանդիպել էր նաև ամերիկա-թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպման ընթացքում թուրքական դիվանագիտության ղեկավարը խոսում էր հենց քրդերի հետ հարաբերությունների մասին` պնդելով, որ Սիրիայի քրդական ամենաազդեցիկ զինված կազմավորումը` «Ժողովրդական պաշտպանության ուժերը», իրականում Աբդուլա Օջալանի ստեղծած Քրդական բանվորական կուսակցության մասնաճյուղերից մեկն է:

«Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչներն են պատասխանատու վերջին հարձակումների համար: Անկարայում և Ստամբուլում գործած ինքնասպան ահաբեկիչները Թուրքիա էին եկել Սիրիայում տեղակայված քրդական ճամբարներից», - հայտարարում էր Չավուշօղլուն՝ ընդգծելով․ - «Ինչպե՞ս կարող ենք «Իսլամական պետության» դեմ պայքարում հույսեր կապել մեկ այլ ահաբեկչական կառույցի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG