Մատչելիության հղումներ

Amnesty International. «Հայաստանի ոստիկանությունը 2016-ի հուլիսին անհամաչափ ուժ է կիրառել»


«2016-ի հուլիսին հայաստանյան ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել հիմնականում խաղաղ բնույթ կրող ցույցերը ցրելու նպատակով», - աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին նվիրված տարեկան զեկույցում պնդում է միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը` Amnesty International-ը:

«Հուլիսյան իրադարձությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին կամայական ձերբակալությունների: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, բերման ենթարկվելու և ձերբակալության ընթացքում շատերը վիրավորվել էին, ծեծի ենթարկվել կամ այլ տեսակի դաժան վերաբերմունքի արժանացել», - նշում են իրավապաշտպանները:

Հպանցիկ կերպով ամփոփելով 2016 թվականի հայաստանյան իրադարձությունները` զեկույցի հեղինակները նշում են. - «Տարին աչքի ընկավ քաղաքական և տնտեսական անկայունությամբ, ինչպես նաև անվտանգությանն առնչվող մտահոգությունների աճով: Դրանց պատճառը Ադրբեջանից անջատված և Հայաստանի աջակցությունը վայելող Լեռնային Ղարաբաղի շուրջ լայնածավալ ռազմական հակամարտությունն էր, որը սկիզբ առավ ապրիլին», - հիշեցնում են Amnesty International-ի փորձագետները: Որպես 2016-ի կարևորագույն հայաստանյան իրադարձություն նրանք հիշատակում են նաև Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում:

Այսօր հրապարակված զեկույցի համաձայն` Հայաստանին առնչվող գլուխը հիմնականում նվիրված է անցած տարվա հուլիսյան իրադարձություններին և դրանց զուգահեռ ծավալված բողոքի գործողություններին, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին, այդ ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին:

Amnesty International-ի հրապարակած փաստաթղթում առավել շատ են ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու մասին պնդումները: Իրավապաշտպանները բավական մանրամասնորեն նկարագրում են ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում ծավալված իրադարձություններին զուգահեռ` հուլիսի 20-ին և 29-ին տեղի ունեցած բախումները:

«Հուլիսի 20-ին ոստիկանությունն արգելեց ցուցարարներին սննդամթերք փոխանցել ոստիկանական ստորաբաժանման տարածքում դիրքավորված խմբի անդամներին: Ի պատասխան՝ ցուցարարներից ոմանք սկսեցին հրել ոստիկաններին, նրանց ուղղությամբ քարեր և ջրի շշեր նետել: Ոստիկանությունն ի պատասխան առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ կիրառեց` վիրավորելով խաղաղ ցուցարարներից և պատահական անցորդներից շատերին: Ականատեսներից մի քանիսի պնդմամբ ոստիկանները հետապնդում էին փախչող ցուցարարներին և ձերբակալությունից առաջ նրանց ծեծի ենթարկում: Այդ օրը 136 մարդ ձերբակալվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին», - նշում են զեկույցի հեղինակները:

Նույնքան մանրամասնորեն Amnesty International-ի փորձագետները անդրադառնում են հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձություններին` հատուկ ընդգծելով․ - «Այդ օրը Սարի թաղում` գրավված ստորաբաժանման հարևանությամբ, ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանությունը հավաքվածներից պահանջեց ցրվել, քիչ անց առանց տարբերակման արցունքաբեր գազ և ձայնալուսային նռնակներ կիրառեց ցուցարարների հանդեպ` վիրավորելով տասնյակ ցուցարարների և լրագրողներից մի քանիսին: Սրան էլ հաջորդեց ոստիկանական շղթան հատած, մահակներով զինված մի խումբ տղամարդկանց դարանակալ հարձակումը ցուցարարների և լրագրողների վրա», - գրում են զեկույցի հեղինակները` նշելով, որ այս իրադարձությունների արդյունքում առնվազն 14 լրագրող վիրավորվեց, որոնց վրա հարձակումը` «նպատակ ուներ կանխել իրադարձությունների լուսաբանումը ուղիղ եթերում»:

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի հեղինակների, հուլիսի 29-ի իրադարձությունների ընթացքում 60 մարդ վիրավորվեց և տեղափոխվեց հիվանդանոց:

«Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած շաբաթներին ոստիկանության հինգ աշխատակիցների լիազորությունները` «անհամաչափ ուժ կիրառելու համար» դադարեցվեցին: Երևանի ոստիկանության ղեկավարը հեռացվեց պաշտոնից, ևս 13 ոստիկաններ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, նկատողություն ստացան` «լրագրողների և ցուցարարների դեմ հարձակումները կանխելու գործում թերանալու համար», - նշում են Amnesty International-ի մասնագետները:

Զեկույցի հեղինակների պնդմամբ, հուլիսի 17-ին պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած շրջանում մոտ 200 մարդ` հիմնականում ընդդիմության աջակիցներ և քաղաքացիական ակտիվիստներ, ենթարկվել են կամայական ձերբակալությունների` երբեմն ընդհուպ մինչև 12 ժամ պահվելով ոստիկանության բաժանմունքներում: - «Նրանցից ոմանց ոստիկանությունը զրկել է ջուր, դեղամիջոցներ ինչպես նաև բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից», - նշում են իրավապաշտպանները:

Վերջում հավելեմ, որ հուլիսյան իրադարձություններից բացի զեկույցում հիշատակված են նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի շուրջ ծավալված իրադարձությունները` մասնավորաբար 2016-ի փետրվարին նրա նկատմամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բռնություն կիրառելու փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG