Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳՆ. «Փարիզը չի հանդուրժի որևէ արտաքին միջամտություն առաջիկա նախագահական ընտրություններին»


Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոն

«Ֆրանսիան չի հանդուրժի որևէ միջամտություն երկրում ծավալված նախընտրական գործընթացներին», - այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն:

Խորհրդարանի ստորին պալատում` Ազգային ժողովում ծավալված քննարկման ընթացքում պատգամավորներից մեկը հարց ուղղեց Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` փորձելով ճշտել արդյո՞ք պաշտոնական Փարիզը որևէ մարտավարություն արդեն իսկ մշակել է օտար պետությունների` նախևառաջ Ռուսաստանի կողմից կիբեր հարձակումների միջոցով ընտրությունների բնականոն ընթացքը խափանելուն ուղղված քայլերը բացառելու, քվեարկության արդյունքների վրա հնարավոր ազդեցությունը կանխելու նպատակով:

«Մենք որևէ պետության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից մեր ընտրական գործընթացներին որևէ միջամտություն հանդուրժել չենք կարող: Սա մեր ժողովրդավարության, ինքնիշխանության, մեր ազգային անկախության հարցն է: Եթե, այդուհանդերձ, նման փորձեր ձեռնարկվեն, ապա դրանց հետևելու են համարժեք պատասխան քայլեր: Որևէ օտար պետություն չի կարող ազդել Ֆրանսիայի քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա, որևէ օտար պետություն չի կարող ընտրել Հանրապետության նախագահին», - հայտարարում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

Հիշեցնեմ, որ այս հարցը այսօր խիստ հրատապություն է ձեռք բերել հատկապես 2016-ին կայացած ամերիկյան նախագահական ընտրությունների շուրջ ծավալված սկանդալների ֆոնին: Ամերիկյան հատուկ ծառայությունների հայթայթած տեղեկությունների համաձայն ռուսաստանցի հաքերներին անցած տարի հաջողվել էր կոտրել Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության սերվերը` գաղտնազերծելով Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի մարտավարության մի շարք կարևորագույն դետալները, ինչպես նաև հրապարակելով դեմոկրատների նախընտրական շտաբի առանցքային դերակատարների նամակագրությունը: Շաբաթասկզբին Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքերով հանդես եկավ արդեն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբը: Նրա թիմակիցներից Ռիշար Ֆերանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Ռուսաստանի պետական բյուջեից ֆինանսավորվող երկու լրատվամիջոցներ` Russia Today-ը և Sputnik-ը, կեղծ լուրեր են տարածում Մակրոնի մասին:

«Ռուսական պետությանը պատկանող երկու լրատվամիջոցներ ամենօրյա ռեժիմով զբաղված են կեղծ լուրերի տարածմամբ: Հետագայում դրանք դրվում են շրջանառության մեջ, այդ կեղծ լուրերը մեջբերվում են այլ լրատվամիջոցների էջերում: Որպես հետևանք՝ այդ ամենը ազդում է երկրում ծավալված ժողովրդավարական գործընթացի վրա», - հայտարարում էր Ֆերանը:

Մեկրոնին ուղղված մեղադրանքների թվում են նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, ինչպես նաև սերտ կապերը ամերիկյան ֆինանսական շրջանակների հետ: Կենտրոնամետ թեկնածուի թիմակիցները նաև պնդում են, որ վերջին օրերին Ռուսաստանում գտնվող համակարգիչներից Մակրոնի նախընտրական շտաբի ներքին ցանցը կոտրելու հազարավոր փորձեր են եղել:

Էմանուել Մակրոնի հանդեպ նման հետաքրքրությունը պատահական չէ: Նրան բավական կարճ ժամանակահատվածում հաջողվեց առաջ անցնել իր հիմնական մրցակցից` Մոսկվայի հանդեպ առավել մեղմ դիրքորոշման կողմնակից Ֆրանսուա Ֆիյոնից: Ֆրանսիայում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը ապա Մակրոնը կստանար քվեների 22, իսկ Ֆիյոնը` 20 տոկոսը: Նախագահական ընտրությունների ապրիլի 23-ին կայանալիք առաջին փուլի միանձնյա առաջատարը, սակայն, ծայրահեղ ազգայնական Մարին լե Պենն է, ով կարող է հավակնել ֆրանսիացի ընտրողների 27 տոկոսի քվեներին: Երկրորդ փուլում, սակայն Մակրոնը համոզիչ հաղթանակ է տոնելու` ստանալով քվեների 64 տոկոսը: Մարին լե Պենը երկրորդ փուլում կարող է հավակնել ընտրողների քվեների 36 տոկոսին, պնդում են ֆրանսիացի սոցիոլոգները:

Ֆրանսիայում ծավալված նախընտրական կրքերի ֆոնին պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է ներկայացված մեղադրանքները: Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշում էր․ - «Մենք այլ պետությունների ներքին գործերին, առավել ևս այդ պետությունների ընտրական գործընթացներին միջամտելու որևէ մտադրություն չունենք: Պաշտոնական Մոսկվան նման գործունեությամբ երբեք չի զբաղվել, հետագայում ևս չի պատրաստվում զբաղվել: Մենք, սակայն, չենք համակերպվի, եթե ուրիշները փորձեն միջամտել մեր ներքին գործերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG