Մատչելիության հղումներ

Ալիևը պաշտոնանկ է արել Թրամփի բիզնես գործընկերոջը


Զիյա Մամեդով, արխիվ
Զիյա Մամեդով, արխիվ

Ադրբեջանում կառավարման լծակներից զրկվել է երկրի ամենաազդեցիկ և հարուստ պաշտոնյաներից մեկը՝ Զիյա Մամեդովը, որին տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակել էր դեռ գործող նախագահի հայրը` Հեյդար Ալիևը:

Ինչո՞ւ Իլհամ Ալիևը որոշեց պաշտոնանկ անել Դոնալդ Թրամփի բիզնես գործընկերոջը` Ադրբեջանի Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին: Արդյո՞ք Ալիևի շրջապատում մտավախություններ կային, որ պաշտոնյան կարող է ուղղակի կապեր հաստատել Սպիտակ տան նորընտիր ղեկավարի հետ` շրջանցելով Ալիևին ու նրա աշխատակազմը, թե՞ Մամեդովի պաշտոնանկության հիմնական պատճառն, այնուամենայնիվ, Ադրբեջանում վերջին ամիսներին սաստկացած ներկլանային պայքարն է:

Այս հարցերի հստակ պատասխանները Բաքվում դեռ չեն հնչում, սակայն, մի բան ակնհայտ է` կառավարման լծակներից զրկվել է երկրի ամենաազդեցիկ և հարուստ պաշտոնյաներից մեկը՝ Զիյա Մամեդովը, որին տրանսպորտի նախարարի պաշտոնում նշանակել էր դեռ գործող նախագահի հայրը` Հեյդար Ալիևը:

Պաշտոնավարման 15 տարիների ընթացքում Մամեդովի ընտանիքն ու մերձավոր շրջապատը դարձել էր Ադրբեջանում գործող ամենաազդեցիկ օլիգարխիկ խմբավորումներից մեկը: Բաքվում աշխատող ամերիկացի դիվանագետները դեռ 2011-ին Վաշինգտոն ուղարկած իրենց հաղորդագրության մեջ նշում էին, որ Մամեդովը վերահսկում է Բաքվի շինարարական բիզնեսի զգալի մասը:

Տարիներ առաջ հենց շինարարական բիզնեսի շրջանակներում է Մամեդովի որդին` Անարը, գործարար կապեր հաստատեց այժմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփի հետ: Մամեդովների ընտանիքին պատկանող ZQAN հոլդինգը` Trump կորպորացիայի տրամադրած լիցենզիոն արտոնագրով մոտ հինգ տարի առաջ Բաքվի կենտրոնում 33 հարկանի հյուրանոցի շինարարություն սկսեց: Անցած տարեվերջի տվյալներով, սակայն, շինարարությունը դեռ ավարտված չէր:

2016-ի դեկտեմբերին, ամերիկյան նախագահական ընտրությունների ավարտից մոտ մեկ ամիս անց, Trump կորպորացիան հայտարարեց ադրբեջանցի նախարարի ընտանիքին տրված լիցենզիոն արտոնագրի սառեցման մասին: Բայց նույնիսկ Trump կորպորացիայի այս քայլից հետո ամերիկյան ամենահեղինակավոր գործարար պարբերականներից մեկը` Bloomberg-ը, շարունակում էր մտավախություն հայտնել շահերի հնարավոր բախման և ամենակարևորը` այն մարդկանց ոչ այնքան բարի համբավի մասին, ում հետ տարիներ շարունակ համագործակցում էր Դոնալդ Թրամփի ղեկավարած ընկերությունը:

«Ադրբեջանում առկա հիմնական խնդիրը Թրամփի գործընկերներն էին: 2012 թվականին պայմանագիրը կնքվել էր շինարարական, տրանսպորտային և հեռահաղոդակցության ոլորտների շուրջ 30 ընկերություններ միավորող Garant Holding-ի հիմնադիր՝ 35-ամյա Անար Մամեդովի հետ, որը երկրի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին է: Լիզենզիոն արտոնագրի տրամադրման դիմաց Թրամփը 2014 թվականից տարեկան 3 միլիոն դոլար էր ստանում: Այդ գումարը փոխանցում էր Զիյա Մամեդովի եղբայրը` նախկին պատգամավոր Էլտոն Մամեդովը»,- գրում էր Bloomberg-ը անցած տարվա դեկտեմբերին:

«Իշխող ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող նման գործընկերների առկայությունը կարող է շատ խնդրահարույց լինել, երբ նախագահն արտաքին քաղաքական ասպարեզում որոշումներ կայացնելու անհրաժեշտություն ունենա»,- Bloomberg-ի հետ զրույցում նշել էր նախկին նախագահ Ջորջ Բուշի` էթիկայի հարցերով խորհրդական Ռիչարդ Փեյնթերը:

Թրամփի և Մամեդովների ընտանիքի սերտ կապերի մասին խոսակցություններն անցած տարեվերջին այն աստիճանի տարածվեցին, որ Զիյա Մամեդովը ստիպված էր արդարանալ: «Իմ նախագահը Դոնալդ Թրամփը չէ, իմ նախագահն Իլհամ Ալիևն է»,- Yeni Musavat թերթին տված հարցազրույցում հայտարարել էր Մամեդովը:

Ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որքանով են լուրջ նրա առջև ծառացած խնդիրները: Եթե Մամեդովը չհամակերպվի իր պաշտոնանկության հետ և փորձի դիմադրել, կարող է կրկնել նախիջևանյան կլանի երբեմնի առաջնորդներից մեկի` առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի ճակատագիրը․ վերջինս արդեն 12 տարի է, ինչ բանտում է:

«Կառավարությունն այսօր Ադրբեջանում բավական ուժեղ է: Պաշտոնանկությունից հետո նախկին պաշտոնյային կարող են ազատարզկել, իսկ եթե որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվում իշխանությունների հետ, հակառակը՝ կարող են և նոր պաշտոնի նշանակել:

Մամեդովի պաշտոնանկությունը ներկլանային պայքարի արդյունք էր: Դա է վկայում այն հանգամանքը, որ Մամեդովի փոխարեն նորաստեղծ Տրասպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է մի մարդ, ով նախկինում երկար տարիներ աշխատել է առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած հիմնադրամում»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշում է քաղաքագետ Ազեր Ռաշիդօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG