Մատչելիության հղումներ

Սփայսեր. «Իրանում պետք է հասկանան, որ Սպիտակ տունը նոր ղեկավար ունի»


Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ

«Իրանի իշխանությունները ի վերջո պետք է ըմբռնեն, որ Միացյալ Նահանգներում արդեն նոր նախագահ կա». - երեկ Վաշինգտոնում կայացած ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը:

«Կարծում եմ, որ [Իրանի] նախագահը կամ այաթոլաները ի վերջո կհասկանան, որ Միացյալ Նահանգներում նոր նախագահ է պաշտոնավարում: Այս նախագահը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու հետևել, թե ինչպես է Իրանը խախտում համատեղ [միջուկային] համաձայնագրի դրույթները: Նախագահ Թրամփը շարունակելու է ձեռնարկել այն քայլերը, որոնք իր տեսանկյունից ճիշտ կլինեն: Նախագահը նաև շարունակաբար նշում է, որ չի պատրաստվում բացահայտել, թե ինչ բնույթ են կրելու այդ քայլերը: Բայց ես կարծում եմ, որ Իրանը զբաղված է ինքնախաբեությամբ, եթե չի հասկանում, որ Միացյալ Նահանգներում այլևս նոր նախագահ է առկա», - հայտարարում էր Սփայսերը:

Սպիտակ տան խոսնակի այս պնդումները պատասխանն էին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի երեկ հնչեցրած կոշտ հայտարարությունների: Իրանցի զինվորականների հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում Խամենեին արձագանքեց Միացյալ Նահանգների կողմից անցած ուրբաթ օրը Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներին: Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այս որոշումը կայացրեց Իրանի կողմից սեփական արտադրության բալիստիկ հրթիռների նոր փորձարկումներին ի պատասխան:

«Մենք երախտապարտ ենք Թրամփին, որովհետև նա հեշտացնում է մեր գործը և [իր քայլերով] ցույց է տալիս Ամերիկայի իրական դեմքը: Իր նախընտրական արշավի ընթացքում արդեն այդ մարդը ի ցույց դրեց այն ամենը, ինչ մենք մատնանշում էինք վերջին 30 տարիներին: Խոսքը Միացյալ Նահանգների իշխող վերնախավին պատած քաղաքական, տնտեսական, բարոյական ու սոցիալական փտախտի մասին է», - հայտարարում էր Խամենեին:

Իրանի հոգևոր առաջնորդը Թեհրանում հնչեցրած իր ելույթում անդրադարձավ նաև Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե ամերիկյան նախորդ վարչակազմը չափազանց մեղմ դիրքորոշում էր որդեգրել Իրանի հանդեպ, և պաշտոնական Թեհրանը պետք է շնորհակալ լինի Օբամային տարիներ շարունակ նման քաղաքականություն վարելու համար:

«Հատկապես ինչի՞ համար մենք պետք է երախտապարտ լինենք: Պատժամիջոցնե՞րի համար: «Իսլամական պետությանը» ցուցաբերած աջակցությա՞ն, տարածաշրջանում սկիզբ առած այս հրդեհի՞, Սիրիան, Իրաքը հրդեհելու համա՞ր մենք պետք է երախտապարտ լինենք», - հռետորական հարցերի շարան էր հնչեցնում Խամենեին`մեկ անգամ ևս պնդելով, թե «իրանցիները Միացյալ Նահանգներից չեն վախենում»:

Իրանցի պահպանողականներն էլ վերջին օրերին ակտիվորեն քննադատում են պաշտոնական Թեհրանի՝ վերջին շրջանում որդեգրած քաղաքականությունը, որի հիմնական նպատակը Արևմուտքի հետ բնականոն հարաբերությունների վերականգնումն է: Թրամփի կողմից միջուկային համաձայնագրի հասցեին հնչող անդադար քննադատության ֆոնին նրանք նույնիսկ կասկածի տակ են առնում այդ պայմանագրի կնքման նպատակահարմարությունն ընդհանրապես:

Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ստիպված էր մեկ անգամ ևս խոսել միջուկային համաձայնագրերի կարևորության մասին:

«Ոմանք դեմ էին բանակցություններին և հայտարարում էին, որ մենք չպետք է բանակցենք: Գերագույն առաջնորդը [Խամենեին], սակայն, խոսեց այսպես կոչված «հերոսական ճկունության» մասին: Այս գաղափարով, ինչպես նաև տրամաբանությամբ, ռացիոնալությամբ և արժանապատվությամբ զինված մենք կարողացանք ավարտին հասցնել այդ բանակցությունները: Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը, մինչդեռ, խուսափում է ընդունել միջուկային այդ համաձայնագիրը», - Թեհրանում կայացած հավաքի ժամանակ հայտարարում էր Իրանի նախագահը:

Ամերիկյան Fox News հեռուստաընկերության տեղեկություններով, ի դեպ, Թեհրանը պատրաստվում էր առաջիկա օրերին սեփական արտադրության «Սաֆիր» տեսակի հրթիռի նոր փորձարկում իրականացնել: Վերջին պահին, այդուհանդերձ, ըստ ամերիկյան լրատվամիջոցի, Իրանի իշխանությունները հրաժարվել են փորձարկման մտքից: Որպես ասվածի ապացույց՝ Fox News-ը երեկոյան լուրերի թողարկման ընթացքում ցուցադրել է Պենտագոնի տրամադրած արբանյակային լուսանկարները, որոնցից հստակորեն երևում է, որ իրանական հրթիռը սկզբում տեղադրվել է փորձարկումների համար նախատեսված հարթակում, իսկ որոշ ժամանակ անց կրկին հեռացվել է այդտեղից: Fox News-ի աղբյուրները պնդում են, որ իրանական կողմի այս հետքայլը Թեհրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների առաջին արդյունքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG