Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան․ Բոլորի համար առանց հետաքննության մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել


«Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»․ - այսպես է արձագանքում պաշտոնական Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, թե երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց հետաքննության մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել:

«Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում», - ասում է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ըստ էության դիվանագիտական լեզվով որոշակիորեն քննադատելով եռանախագահների հայտարարությունը:

Հիշեցնեմ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող միջնորդները հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշում տեղի ունեցած միջադեպից շուրջ երկու շաբաթ անց միայն տարածած հաղորդագրությունում այդպես էլ չեն նշում, թե որ կողմն է դիվերսիոն փորձ կատարել:

Փոխարենը եռանախագահները Բաքվին և Երևանին կոչ են անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հորդորում է խստորեն պահպանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այդ թվում` «հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել միջադեպերի հետաքննության մեխանիզմը»:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «զգուշավոր և ուշացած» որակեց համանախագահների հայտարարությունը՝ ընդգծելով, թե նորից հավասարություն է դրվել ագրեսիան սանձազերծած Ադրբեջանի և Հայաստանի միջև․ - «Հենց ամսի 29-ին կարող էին հայտարարել, որ դա Ղարաբաղյան խնդրի հետ կապ չունեցող խնդիր է, բայց դատապարտեին, քննադատեին: Դա ընկալելի և հասկանալի կլիներ: Բայց այդպիսի անորոշ հայտարարությունները միշտ խոչընդոտում են կոնկրետացմանը, և հասցեական հայտարարությունները ավելի նպատակային կլինեին: Եթե նրանք զգուշավոր հայտարարություն են անում՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում հետագա բանակցային փուլը վնասել, դա մեր կողմից անընդունելի է»:

«Հասցեական հայտարարությունների համար քաղաքական կամք է պետք», - հավելեց Բաղդասարյանը:

Միջնորդներն արձանագրում են, որ «Հայաստանի զինված ուժերը դեռ իրենց մոտ են պահում մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը», ու ընդհանրական կոչ անում անհապաղ վերադարձնել աճյունները` հիշեցնելով «խնդրի բացառապես հումանիտար բնույթը»:

Այս առնչությամբ Վահրամ Բաղդասարյանն ասաց․ - «Ավելի ճիշտ կլիներ՝ տրվեր ճիշտ գնահատականներ, և, ինչպես որ կարգն է, միջնորդ կազմակերպությունների միջոցով արդեն գնահատականների պարզեցման և պարզաբանումից հետո կարելի էր նաև․․․ այդ դիակը մեզ ոչնչով պետք չի, բայց պարզապես պետք է հանգամանքների պարզաբանումը: Որովհետև նման երևույթների դեպքում, երբ որ ամեն ինչ վերադարձվել է, փոխանակումները լինում են, և դրա մասին ընդհանրապես մոռանում են: Ինձ թվում է, որ յուրաքանչյուր դեպք պետք է ստանա իր գնահատականները»:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից, Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ և պատրաստ է համաձայնության դեպքում աջակցել աճյունի տեղափոխմանը՝ որպես չեզոք միջնորդ:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով, համանախագահները երեկ մեկ անգամ ևս նպաստեցին, որ Բաքուն իրեն ազատ զգա բարձրացնել սահմանային լարվածությունը․ - «Արդեն շատ ուշացած, անիմաստ, հավասարության այդ պարիտետով, անատամ, հերթական անգամ Մինկսի խմբի՝ իրենք իրենց իմիջին հարվածող հայտարարություն էր»:

Պողոսյանը միջնորդներին հարց է ուղղում՝ ինչպե՞ս ադրբեջանցի զինվորականի աճյունը հայտնվեց հայկական դիրքում․ - «Նստեք ինքնաթիռներ, համանախագահներով, ձեր փորձագետներով եկեք, քննեք այս դեպքը, որը տեղի է ունեցել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության սահմաններին: Գնացեք, նայեք, ուսումնասիրեք: Մենք միակողմանի պատրաստ ենք։ Քննեք այս դեպքը և ըստ դրան համապատասխան զեկույցով հանդես եկեք՝ հասկանալու, թե նմանատիպ դեպքերի ժամանակ այդ հետաքննման մեխանիզմները արդյունք տալի՞ս են, թե՞ ոչ»:

Պաշտոնական Երևանը, այդուհանդերձ, Մինսկի խումբը համարում է այն եզակի ձևաչափը, որը, ինչպես այսօր Էդվարդ Նալբանդյանն է ասել, կարող է և պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG