Մատչելիության հղումներ

Մարտիրոսյան. Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալով կամ չդառնալով որևէ խնդիր երկրում չի փոխվելու


Վարչապետ Կարեն Կարապետյանի` Հանրապետական կուսակցության անդամ դառնալով կամ չդառնալով, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, երկրում ոչինչ չի փոխվելու։

Հիշեցնենք, վարչապետը հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ դիմում է ներկայացրել իշխող Հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար:

Մարտիրոսյան. - Ակնհայտ էր, որ իր կուսակցական դառնալով կամ չդառնալով որևէ խնդիր երկրում չի փոխվելու։ Կարող է քարոզչական առումով ինչ-որ խնդիրներ փորձում են լուծել, բայց ակնհայտ է, որ բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, և չմոռանանք, որ մենք ևս, այսպես ասեմ, քաղաքակիրթ, վարչական ռեսուրսի մուտք Հանրապետական կուսակցություն ևս մեկ անգամ ունեցել ենք Տիգրան Սարգսյանի հետ, և ի՞նչ տվեց դա երկրին՝ ոչինչ, և չէր էլ կարող տալ, որովհետև, այնուամենայնիվ, իրենք գնում են ոչ թե փոխելու Հանրապետական կուսակցությունն, այլ իրենք դառնում են հանրապետական, և ակնհայտ է, որ համակարգն այնպիսին է ձևավորված, որ փոփոխություն ուղղակի հնարավոր չէ: Եվ վերջապես, ես կարծում եմ, որ չկա այդպիսի կուսակցություն՝ Հանրապետական, այս պահին, դա ադմինիստրատիվ ռեսուրսի կենտրոնացում է։

«Ազատություն». - Նկատի ունեք, որ գաղափարական հենք չկա՞։

Մարտիրոսյան. - Այո՛, և Կարեն Կարապետյանը համակարգի այդ ներսում աշխատելու է, առավել ևս, որ Կարեն Կարապետյանի ֆունկցիան ևս փոփոխությունները չեն, այլ նախընտրական ժամանակահատվածում իշխանության, Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի դեմքը մաքրելու, սպիտակեցնելու, ավելի ներկայանալի դարձնելու խնդիր է լուծում, հասարակական նաև դժգոհությունը փորձում են մեղմել մի որոշակի առումով, այսինքն՝ գազի գնի իջեցում... գազի գինը սրանից երկու տարի առաջ պետք է իջներ, երբ որ նավթի գինը հասել էր 25 դոլար, բայց այդ ժամանակ բարձրանում էր, ինչո՞ւ՝ որովհետև այդ ժամանակ խնդիր չկար դրված, որ իշխանության համար շատ բարենպաստ պայմաններ ստեղծվի, հասարակական զայրույթի մակարդակն իջեցնեն, խնդիր էր դրված՝ որքան կարելի էր շատ գումար աշխատել։

«Ազատություն». - Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կամ Վիգեն Սարգսյանը նաև ցուցակում կլինե՞ն՝ որպես առաջատար անդամներ, նաև՝ քարոզչության մասնակիցներ։

Մարտիրոսյան. - Բնականաբար, խաղի կանոնները դա է թելադրում, մենք տեսանք 2012 թվականին Տիգրան Սարգսյանի պարագայում նույն սցենարն է, որևէ փոփոխություն այս պարագայում չկա և չի էլ կարող լինել։ Այսպես, փոխաբերական իմաստով ասեմ, կառավարության փչացում է։

«Ազատություն». - Եվ դրա հե՞տ եք Կարեն Կարապետյանի այդ ուշագրավ բացատրությունը կապում, որ ասում է՝ «ես իմ կուսակցությունը չեմ ստեղծում, որովհետև Ղարաբաղի հարց կա, և երկրում ապակայունացումից եմ խուսափում»։

Մարտիրոսյան. - Ի՞նչ է նշանակում։ Բերեք բոլոր կուսակցությունները փակենք։ Եթե կուսակցություն բացելը Ղարաբաղի խնդրին անմիջականորեն հարվածում է, բերեք օրենք ընդունենք Հայաստանում կուսակցական գործունեությունն արգելել։ Այսինքն՝ մենք Ղարաբաղին դեմ ենք, դրա համար առանձին կուսակցություն ենք ստեղծել, հա՞։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG