Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հակադարձում է իր առաջարկը մերժած ընդդիմադիր գործընկերներին


Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) արձագանքում է ընդդիմադիր գործընկերներին, որոնք երեկ շտապել էին մերժել առաջարկը՝ 2017-ին ընտրություններով միասնաբար իշխանափոխություն անել:

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, ասել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսը «սպասարկում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունն» ու օրինակ բերել, որ «Ղարաբաղի, «Սասնա ծռեր»-ի և քաղաքական հալածյալների վերաբերյալ իշխանությունների ու Հայ ազգային կոնգրեսի տեսակետները համահունչ են»:

Ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակում է իր և Փոստանջյանի հանդիպումների մանրամասները։ «Նման բան չէի անի, բայց քանի որ այդ մեղադրանքը հրապարակայնորեն հնչել է... Զարուհի Փոստանջյանը երկու անգամ դիմել է ինձ այն մարդկանց ազատման համար նամակներ ստորագրելու, որոնց ինքը համարում է քաղհալածյալ, քաղբանտարկյալ, խոսքը Եղնուկյանի մասին է և այլն։ Ե՛վ ես, և՛ Արամ Մանուկյանը երկու նամակն էլ ստորագրել ենք։ Հարց է ծագում, եթե ինքը իսկապես հավատում է իր խոսքերին, որ Կոնգրեսն իր ասած քաղհալածյալներին չի փորձում կամ չի ուզում աջակցել, քանի որ Սերժի հետ է, ինքը ինչո՞ւ է դիմում մեզ, կամ մեր ստորագրությունները ստանալուց հետո, մեզ շնորհակալություն հայտնելուց հետո, ինչո՞ւ է նման խոսքեր ասում։ Սա արդեն պարկեշտության հարց է, և նաև արդյո՞ք ընդհանրապես իրա որևէ ասած խոսքին կարելի է լուրջ վերաբերվել և ընդունել որպես ճշմարտություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Եռյակում Կոնգրեսի մյուս նախկին գործընկեր «Բարգավաճ Հայաստան»-ն (ԲՀԿ) էլ միասնական ճակատով պայքարի կոչերին արձագանքել էր, թե իրենք իշխանափոխության փորձելու են հասնել ինքնուրույն: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էր պնդել, թե կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին գնալու է միայնակ՝ առանց որևէ այլ ձևաչափերի։

«Չեմ կարծում, որ Մելքումյանն այդ հարցը որոշում է, բայց այնպես էլ չի, որ մենք ինչ-որ շատ կոնկրետ ձգտում ենք նման բանի, այդտեղ ընդհանրապես պրոբլեմ չեմ տեսնում և չեմ ցանկանում հիմա որևէ կոշտ խոսք ասել, Մելքումյանը հաստատ էդ հարցերը չի որոշում», - ասաց Զուրաբյանը։

Զուրաբյանն առայժմ անուններ չի տալիս, թե ում հետ են պատրաստ համագործակցել, կամ որ քաղաքական ուժերին են բացառում․ - «Բնականաբար կան, բայց ես անգամ այդ անունները չեմ ցանկանում տալ, որովհետև դա միանգամից մեզ դնում է անհանդուրժող մի կուսակցության կարգավիճակի մեջ, որը այդպես չէ: Իհարկե կան՝ շատ վարկաբեկված ուժեր, ուժեր, ովքեր ուղղակի հակասությունները այնքան սկզբունքային են, որ դա հաղթահարելի չէ: Թեև պետք է հասկանանք, որ խնդիր է դրված փրկել երկիրը, և եթե բավարար ճկունություն ցուցադրենք, մենք կկարողանանք դա անել: Այո՛, պետք է ինչ-որ բաներ՝ հին քննադատություններ, իրարից նեղանալ, իրար վրա ցեխ շպրտելը՝ մոռացվի ինչ-որ իմաստով»:

Միավորվելու մասին ՀԱԿ-ի կոչին երեկ հեգնանքով էր արձագանքել «Հանրապետական»-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Զուրաբյանն արձագանքում է․ - «Ամենաքիչը մեզ հետաքրքրում է իր կարծիքը, որովհետև համախմբումը իրենց դեմ է լինելու: Տեսա՞ք ինչ թունավոր և հոգեկան ծանր բաների մեջ գտնվող անձի հայտարարություն արեց»:

Հայ ազգային կոնգրեսում համոզված են՝ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, երբ արդեն հրապարակվելու են ընտրողների ստորագրած մատյանները, լուրջ և հիմնավոր նախադրյալներ կան առաջիկա ընտրություններում իշխանափոխության ու ժողովրդավարության հաստատման համար:

«Սահմանադրական հանրաքվեում հայտարարվեց 1 միլիոն 300 հազար մասնակցության թիվ, մինչդեռ բոլոր վերլուծությունները՝ ինչպես ժողովրդագրական տվյալների, այնպես էլ ընտրական գործընթացների վիճակագրական վերլուծությունը, ցույց տվեցին, որ իրականում այդ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 800 հազար մարդ: Այսինքն, մոտ 500 հազար մարդ դա այն կեղծիքներն են, որոնք կատարվել են պաշտոնական մասնակցության թիվը կեղծելով: Եթե ցուցակները հրապարակվեն, դա նշանակում է, որ այս կես միլիոնը հաշվարկից դուրս է գալիս: Սա արդեն նշանակում է, որ կան նախադրյալներ իշխանափոխության համար», - ասում է Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG