Մատչելիության հղումներ

Փաստաբանը «կանխակալ» է որակում դատախազի թեկնածուի վերաբերմունքը Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ


Անդրիաս Ղուկասյանը մամուլի ասուլիսում, արխիվ:
Անդրիաս Ղուկասյանը մամուլի ասուլիսում, արխիվ:

Երեկ խորհրդարանի ամբիոնից Դավթյանը հայտարարեց, թե Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Ղուկասյանի ազատազրկումը հիմնավորված է․

Անդրիաս Ղուկասյանի փաստաբանը տարակուսանք է հայտնում՝ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը դեռ պաշտոնը չստանձնած կանխակալ վերաբերմունք է ցույց տալիս ընդդիմադիր գործչի նկատմամբ:

Երեկ խորհրդարանի ամբիոնից Դավթյանը հայտարարեց, թե Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Ղուկասյանի ազատազրկումը հիմնավորված է․ - «Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացված և՛ քրեական հետապնդումը, և՛ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը իր հիմքում ունի բավարար իրավական հիմնավորումներ»:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը հակադարձում է․ - «Ոչ միայն հիմքերը չկան ո՛չ կալանավորելու և ո՛չ էլ առավել ևս գրավի միջնորդությունը մերժելու: Ավելին՝ նա էսօր քաղբանտարկյալ է, քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին համապատասխանում է»:

Մեժլումյանը պնդում է, որ թե՛ առաջին ատյանի և թե՛ վերաքննիչ դատարանները գոնե մի հիմնավորում, փաստ չեն բերել, որ ազատության մեջ հայտնելով Անդրիաս Ղուկասյանը խոչընդոտելու է նախաքննությանը․ - «Գլխավոր դատախազի թեկնածուն չի կարող ներկայացնել էդ դատական ակտերից որևէ մեկում նման փաստի կամ փաստական տվյալի վերաբերյալ հղում: Ավելին ասեմ․ վերաքննիչ դատարանը Անդրիաս Ղուկասյանին հստակ հարցնում է, ասում է՝ ազատ արձակվելու դեպքում շարունակելո՞ւ եք Ձեր ընդդիմադիր գործունեությունը․․․ Դասական, քաղաքական որոշում, քաղբանտարկյալի հիմնավորում դատական ակտով»:

Դատարանը արդեն երկու անգամ հրաժարվել է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել գրավի դիմաց: Գլխավոր դատախազի թեկնածուն, մինչդեռ, որպես իրավապահների գործողությունների օրինականության ապացույց, վկայաչում էր հենց դատական ակտերը․ - «Խափանման միջոցի ընտրության հարցում ևս լիարժեք հետևել ենք օրենքի համապատասխան պահանջներին: Ես ներկայումս հասկանալի պատճառներով նախաքննության գաղտնիք համարվող տեղեկություններ չեմ կարող հրապարակել, բայց որպես վստահեցում կարող եմ հնչեցնել, որ արդեն իսկ մեր երկրի դատարանները մի քանի անգամ առիթ ունեցել են անդրադառնալու Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի համաչափությանը, և այս պահի դրությամբ դատարանները համաձայնվել են քրեական հետապնդման մարմինների դիրքորոշման հետ»:

Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը գիտի, թե ինչ հիմքերի մասին է խոսում արդեն Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը․ - «Ընդամենը երկու ոստիկան վկայում են, որ Անդրիաս Ղուկասյանը խախտել է Հայաստանի օրենսդրությունը: Բայց մյուս կողմից էլ մենք ունենք տեսաերիզներ, որտեղ [Անդրիասը] հանգստացնում է ժողովրդին»:

Կինը պնդում է, որ Անդրիաս Ղուկասյանն ինքն է ծեծի ենթարկվել, երբ ոստիկանությունն արդեն ցրում էր ցույցը:

Մեկուկես ամիս է Անահիտ Թարխանյանն ու անչափահաս դուստրը զրկված են Ղուկասյանին տեսակցելու հնարավորությունից, արգելքը վերացնելու միջնորդությանը Քննչական կոմիտեն նամակով է պատասխանել․ - «Ավելի քան տարօրինակ պատասխան: Ես կասեի՝ շատ վիրավորական: «Միջնորդություն» վերտառմամբ գրությունը ի՞նչ է նշանակում, գրում է ավագ քննիչ Ռ․ Մկրտչյանը: Եվ գրում է՝ որ այս պայմաններում, երբ որ Ձեր գրությունները նման են բախտագուշակի նամակի, ուստի չեմ կարող դիտարկել որպես միջնորդություն և վարույթ իրականացնող մարմնի կողմից դառնալ քննության առարկա»:

Ավելին, այս գրությամբ քննիչը հրաժարվել է նաև տրամադրել տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելանքի որոշումը, քանի որ «ենթադրվում է, որ դրա վերաբերյալ Ղուկասյանի պաշտպանների եզրահանգումները լինելու են անհիմն»:

Թարխանյանի արձագանքը․ - «Եթե դա է արդարադատությունը, ինչի մասին խոսում էր երեկ նոր նշանակվելիք դատախազը, ինձ համար շատ տարօրինակ է: Եթե այդպիսին են իրենց բոլոր հավաքած և կուտակած հիմքերը օրինական, իհարկե, ինձ համար շատ տարօրինակ է այդ ամենը և շատ ցավալի է»:

Անդրիաս Ղուկասյանը հերթական անգամ դիմել է վերաքննիչ ատյան՝ բողոքարկելով գրավի դիմաց իրեն ազատ չարձակելու որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG