Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի աջակիցների ակցիա ԱԺ շենքի մոտ


Ակցիան Ազգային ժողովի շենքի դիմաց, Երևան, 13-ը սեպտեմբերի, 2016թ․
Ակցիան Ազգային ժողովի շենքի դիմաց, Երևան, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցները Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ սպասում էին պատգամավորներին՝ ճշտելու՝ իսկապե՞ս համաներում է լինելու, կտարածվի՞ այն «Ծռեր»-ի վրա: Օրենսդիրները, սակայն, չէին ցանկանում շփվել ցուցարարների հետ:

«Ճանաչենք՝ ով ով է մեր պատգամավորներից և ինչ դիրքորոշում ունեն մեր հերոսների նկատմամբ, որոնք պայքարել են մարտերի դաշտում, մեր հայրենիքը կերտել են և այսօր հայտնվել են բանտում», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Իսկ նրանք պարտավոր են ճանաչեն ժողովրդին, և էս «Սասնա ծռեր»-ի բողոքը հենց ուղղված ա նրան, որ իրանք ապրեն ժողովրդի համար, աշխատեն ժողովրդի համար, ոչ թե միայն իրանց համար: Հեսա, կանգնած տեսնում ենք, էլի, շքեղ մեքենաները՝ մենակ էդ ա իրանց աշխատանքը», - ասաց մի այլ կին:

Ժիրայր Սեֆիլյանի ու Արայիկ Խանդոյանի մարտական ընկեր, ազատամարտիկ Աղավնի Սահակյանն էր մոտենում պատգամավորներին․ - «Պատգամավոր կոչվածները, հատկապես՝ Հանրապետականից, ասոցիացվում են նաև նրա հետ, որ իրենք ընդհանրապես սովորական տարրական մոտեցում, մակարդակ էլ չունեն, որ գոնե լսեն՝ մարդիկ ինչ են ասում: Քաղբանտարկյալը հանրապետության դեմքն ա: Ինչ-որ նոր դատախազի թեկնածու կար, երեկ՝ մեկ, էսօր՝ երկու, դեռ չի էլ նստել էդ աթոռին, ասում է՝ մեր հանրապետությունում քաղբանտարկյալ չկա: Բա քաղբանտարկյալ որ չկա, դու էլ ո՞վ ես, ի՞նչ պիտի անես դու, ինքը ի՞նչ ա ի վիճակի անելու, և սրանից հետո ի՞նչ է լինելու: Էս կոսմետիկ փոփոխությունները ոչինչ չեն տալու»:

Բացառություն էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որ ինքն էլ միացել էր բողոքի ակցիային: Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Անկախության 25-ամյակի առթիվ սպասվող համաներումը պետք է ամբողջությամբ լուծի ընդդիմադիր գործիչների ազատության հարցը․ - «Բոլորին՝ և՛ Շանթի՝ իր ընկերների հետ, և՛ «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ պետք է տարածվի, և՛ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պետք է տարածվի: Բավ է մենք ունենանք քաղաքական հայացքներում բանտախցում քաղաքացիներ»:

«Նաև ակնարկներ կան, որ նախաքննության փուլում գտնվող գործերը, այդ թվում և՝ «Սասնա ծռեր»-ինը, համաներմամբ կարող է հանգուցալուծվել մի դեպքում՝ եթե իրենք նախաքննության փուլում մեղքը ընդունեն, հակառակ դեպքում ինչպե՞ս պիտի ներվեն», - «Ազատության» այս դիտարկմանը Փոստանջյանը արձագանքեց․ - «Ես չեմ կարծում, որ մեղքը պետք է նրանք ընդունեն, մենք ունեցել ենք մեր դատական պրակտիկայում նույնիսկ դեպքեր, երբ չեն ընդունել, բայց նրանց նկատմամբ պարտադրաբար կիրառել են համաներում և ասել են՝ «գնացե՛ք տուն», և հետագայում նաև այդ համաներման պարտադրանքի կիրառումը նույնիսկ մարդիկ կան, որ բողոքարկել են»:

Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը բացառում է, որ իր պաշտպանյալները ընդունեն մեղքը: «Հեղափոխականները երբեք իրենց մեղքը չեն ընդունում՝ մեկ պարզ պատճառով․ նախ պետք է կարողանան ապացուցել, որ իրենք մեղավոր են: Իշխանության անպատասխանատու, անմեղսունակ գործողությունների արդյունքում որոշակի մարդիկ դուրս էին եկել ապստամբության: Ապստամբությունը, գիտեք, նախատեսված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով՝ այն դեպքում, երբ իշխանությունները չեն կատարում իրենց պոզիտիվ պարտականությունները», - հայտարարեց փաստաբանը:

Համաներման է սպասում նաև Վահագն Ղումաշյանի հայրը, բայց էլի՝ ոչ մեղքը ընդունելու պայմանով: Որդուն մեղադրում են Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ: Ոստիկանները ցուցմունք են տվել, որ Վահագնը քար է նետել իրենց ուղղությամբ:

«Նույնիսկ հեռախոսազանգերով կարելի է ստուգել, որ ինքը Սարի թաղում պարզապես այդ ժամին այդ օրը լինել չէր կարող, և դա հրաշալի գիտեն, և միջնորդությունը, որպեսզի նրան գրավի դեմ ազատ թողեն, մերժվեց՝ առանց որևէ հիմնավորման, իսկ կիսատ-պռատ հիմնավորման մեջ նույնիսկ նրա անուն-ազգանունն է շփոթած՝ հենց այնպես գրել են, պատվերը կատարել են», - ասաց Վահագն Ղումաշյանի հայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG