Մատչելիության հղումներ

Թուրքիայում հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը կարծես հանգուցալուծվում է


Ստամբուլի հայ համայնքում տարիներ շարունակ քննարկվող նոր պատրիարքի ընտրության հարցը կարծես հանգուցալուծում է ստանում:

Նախօրեին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած եկեղեցական ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն այլևս հիշատակվելու է իբրև «Հանգստյան կոչված պատրիարք», այլ կերպ ասած՝ նա թոշակի է անցնում:

Պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակման համաձայն, հոգևոր ժողովը, առաջնորդվելով եկեղեցական կանոնադրությամբ և ավանդույթներով, պատրիարք Մութաֆյանի ուխտը լուծարված է համարել:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծանր հիվանդության պատճառով 2008 թվականից ի վեր` ութ տարի, փաստացիորեն անգործունակ է և չի կարողանում կատարել իր պաշտոնական պարտականությունները:

Համաձայն եկեղեցական կանոնադրության, եթե պատրիարքը յոթ տարի բացակայում է, ապա հոգևոր ժողովը իրավասու է լուծարել նրա պատրիարքական ուխտը: Այսպիսով Պոլսո Հայոց պատրիարքի աթոռը մնում է թափուր և նոր պատրիարքի ընտրություններ են ակնկալվում:

Այս համատեքստում ընդհանուր ժողովը որոշել է վերոնշյալ հանգամանքները և եկեղեցական ավանդույթները նկարագրող դիմում հղել թուրքական պատկան մարմիններին` նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թույլտվություն ստանալու համար:

Ըստ օրենքի, պատրիարքի ընտրության թույլտվություն իրավասու է տալ Ստամբուլի նահանգապետարանը` այն համաձայնեցնելով ներքին գործերի նախարարության հետ:

Հոգևոր ընդհանուր ժողովը նախագահած Սահակ եպիսկոպոս Մաշալյանը «Ակօս» պարբերականին հայտնել է, որ համապատասխան դիմումը կներկայացվի նոյեմբեր ամսին:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը «Ակօս» պարբերականի հետ զրույցում նշել է, թե նախևառաջ պետք է սպասել իշխանությունների թույլտվությանը:

«Պատրիարքի ընտրությունը կանցկացվի ինչպես նախկինում է եղել: Հայտնի չէ, թե երբ թույլտվություն կստանանք, հնարավոր է մեկ կամ երկու ամսից, մի՞գուցե և չստանանք: Միայն դրանից հետո աշխատանքները կսկսվեն, առանց թույլտվության ոչ ոք ոչինչ չի կարող անել», - ասել է Աթեշյանը:

Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ազատության» հետ զրույցում պատրիարքի ընտրության գնալու որոշումը պատմական որակեց: Նրա խոսքով` համայնքի առջև ուրվագծվում է նոր պատրիարք ընտրելու հեռանկար:

«Սրանից նախորդող շրջանի իրադարձություններից, նախորդող շրջանի երևույթներից էականորեն տարբերվող իրավիճակի մեջ ենք գտնվում այս պահի դրությամբ։ Նա արդեն ակնհայտորեն տեսնվում է, որ պատրիարքարանը վերջնականորեն կայացրել է իր որոշումը որպեսզի ընտրվի Թուրքիայի հայոց ուղղակիորեն նոր՝ 85-րդ պատրիարքը։ Ի վերջո համայնքի առջև ուրվագծվում է նոր պատրիարքի ընտրություն կատարելու հեռանկար», - ասաց Գոչունյանը։

Նա չի կարծում, որ թուրքական իշխանությունները կարող են խոչընդոտել պատրիարքի ընտրությունների անցկացումը: Նրա գնահատմամբ, հայ համայնքը լիահույս է, որ շուտով նոր առաջնորդ կունենա:

«Կարող է պատասխանը հապաղի, եթե պատասխան չլինի գործնականորեն արդեն այդ պրոցեսը առաջ չի գնում, բայց ընդհանրապես համայնքի մոտ սպասումները, տրամադրություններն այնքան էլ հոռետես չեն», - ասաց Գոչունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG