Մատչելիության հղումներ

Արամ առաջին. Ցեղասպանության մասին լռելը հավասարազոր է ցեղասպանությանը


ԱՄՆ - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Պատարագը Վաշինգտոնի Անաղարտ Հղիության տաճարում, 9-ը մայիսի, 2015թ.

ԱՄՆ - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Պատարագը Վաշինգտոնի Անաղարտ Հղիության տաճարում, 9-ը մայիսի, 2015թ.

Մայիսի 9-ին Վաշինգտոնի Անարատ Հղիության տաճարում Հայոց երկու կաթողիկոսները Պատարագ մատուցեցին և ապա ազգին ու հավատացյալներին խոսք հղեցին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքի այս հոյակերտ տաճարում հավաքվել էին հավատացյալ հայերը՝ լսելու երկու կաթողիկոսների խոսքը առ Աստված և առ հայ ժողովուրդ:

Անարատ Հղիության Ազգային տաճարը կաթոլիկների ամենամեծ եկեղեցին է Հյուսիսային Ամերիկայում և աշխարհի ամենամեծ տասը եկեղեցիներից մեկն է։ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսները հրավիրվել էին այստեղ Պատարագ մատուցելու ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկևկես միլիոն սուրբ նահատակների:

Ամենայն Հայոց կաթողիկոսը Պատարագ մատուցեց Հայ Առաքելական եկեղեցու ծիսակարգով ու ավանդույթներով:

Ապա հայերին տաճար հրավիրած Կաթոլիկ եկեղեցու Վաշինգտոնի արքեպիսկոպոս, կարդինալ Դոնալդ Վուըրլը իր քաջալերումի խոսքն ուղեց հայ եկեղեցականներին ու հավաքված հավատացյալների բազմությանը:

«Այս եկեղեցին սկսել են կառուցել 1922 թվականին։ Այդ տարին մեզ համար կարևորվում է, քանի որ դա Ցեղասպանության ամենաահարկու դրվագներից է: Գոհունակությունս եմ հայտնում, որ այսքան հավատացյալներ են եկել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Պատարագին», - ասաց կարդինալը՝ շարունակելով. - «Մեզ համար պատիվ էր այս գեղեցիկ կառույցը տրամադրել Պատարագի ու առ Աստված ուղղված աղոթքի համար: Վերհիշելով այդ տառապանքների ահավոր ժամանակահատվածը՝ մենք նվիրաբար պետք է աշխատենք միասին՝ համոզվելու համար, որ նման զարհուրելի իրադարձություններ էլ չեն կրկնվելու երբեք»:

Ապա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հանդես եկավ ճառով, որը ժողովրդի, եկեղեցու ու հայկական պետականության միավորման կոչ էր հանուն հայրենիքի բարգավաճման ի հեճուկս չարագործների:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը 100 տարի շարունակ բախվում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությանը, որն իրագործվում է պետական մակարդակով, դիվանագիտական խարդավանքներով ու ճնշումներով: Սակայն ժամանակը, ինչպես և այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ցույց տվեցին, որ անհեռանկար է Թուրքիայի այս ամոթալի քաղաքականությունը, ասաց Վեհափառը՝ շեշտելով. - «Ճշմարտության ճանաչումը, արդարության իրագործումը անհրաժեշտ է ոչ միայն մեր ժողովրդին, ոչ միայն` մեր նահատակներին, ովքեր այլևս սրբադասված` բարեխոս են աշխարհում արդարության, մարդասիրության, խաղաղության համար, այլև նույնքան` Թուրքիային` սեփական պատմությանն առերեսվելու, անցյալի ոճրագործության մեղքը թոթափելու համար, անհրաժեշտ է և ազգերի ու ժողովուրդների մեծ ընտանիքին` արդարության հիմքի վրա կառուցելու համար հաշտ ու խաղաղ իր ապագան»։

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև շնորհակալություն հայտնեց կարդինալ Դոնալդ Վուըրլին աջակցության համար՝ կազմակերպելու ու անցկացնելու այս Պատարագը։

Այնուհետև ելույթով հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը: Նա զուգահեռաբար իր խոսքը վարում էր և՛ անգլերեն, և՛ արևմտահայերեն, այն մերթընդմերթ ընդհատվում էր ծափողջույններով:

Արամ առաջինը անգլերեն շեշտեց, որ «ցեղասպանության իրողության մասին լռելը հավասարազոր է ցեղասպանությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG