Մատչելիության հղումներ

Եզդիների համայնքը ԱՄՆ-ում ջանքեր է գործադրում՝ ավելացնելու օգնությունը Իրաքի եզդիներին


Տեղահանված եզդիները Իրաքի և Սիրիայի սահմանի Ֆիշխաբուր անցակետի մոտ, 13-ը օգոստոսի, 2014թ․
Տեղահանված եզդիները Իրաքի և Սիրիայի սահմանի Ֆիշխաբուր անցակետի մոտ, 13-ը օգոստոսի, 2014թ․

Համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ցույց են անցկացրել Սպիտակ տան մոտ:

Վերջին շաբաթվա ընթացքում Իրաքում բնակվող եզդի կրոնական փոքրամասնության տառապանքները հայտնվել են միջազգային համայնքի ուշադրության կենտրոնում: Հյուսիսային Իրաքում բնակվող հազարավոր եզդիներ փախուստի են դիմել «Իսլամական պետության» սունի զինյալների առաջխաղացման հետևանքով՝ ապաստան գտնելով Սինջար լեռան վրա, առանց խմելու ջրի և սննդի:

Իրաքի եզդիները կարողացել էին փախուստի միջոցով փրկել իրենց կյանքն այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» զինյալների դեմ ԱՄՆ-ի և Իրաքի օդուժի հարվածները հնարավոր են դարձրել փախուստի մի քանի ճանապարհ բացելը:

Միացյալ Նահանգների եզդիների համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ցույց են անցկացրել Սպիտակ տան մոտ, որի ընթացքում շնորհակալություն են հայտնել ԱՄՆ-ին` իսլամիստ զինյալների դեմ ուղղված օդային հարվածների և ծանր վիճակում հայտնված եզդիներին սնունդ և ջուր հասցնելու համար: Նրանք միաժամանակ պահանջել են լրացուցիչ օգնություն տրամադրել` Իրաքում փոքրամասնություններին փրկելու հարցում:

Օբամայի վարչակազմը սկսել է թեթև զենքեր տրամադրել Քրդստանի տարածաշրջանային կառավարության «Փեշմերգա» անվանում կրող զինված ստորաբաժանումներին` միաժամանակ չցանկանալով վերջիններին տրամադրել ավելի ծանր սպառազինություններ:

«Դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ը սկզբունքորեն ցանկանում է պահպանել Իրաքի միասնությունը: Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ այս երկրի ներսում ոչ կառավարական զինված խմբերը լրացուցիչ մարտահրավեր դառնան առանց այն էլ դժվարին կացության մեջ հայտնված կենտրոնական կառավարության համար», - ասում է «Կատո» հետազոտական ինստիտուտից փորձագետ Ջասթին Լոգանը:

ԱՄՆ-ի վարչակազմը պնդում է, թե անընդհատ գնահատում է իրավիճակը` համարժեք արձագանքելու նպատակով: Ջասթին Լոգանը սակայն պնդում է, որ նախագահ Օբամայի վարչակազմը վճռական է ԱՄՆ-ի զինծառայողներ Իրաք չուղարկելու հարցում:

«Միացյալ Նահանգների վարչակազմի կարծիքով, Իրաք զինծառայողներ ուղարկելու դեպքում շատ է բարձրանում բախումների հետևանքով նրանց զոհվելու հնարավորությունը, ինչը է՛լ ավելի է խորացնելու ԱՄՆ-ի ներգրավվածությունը: Օդային հարվածներ հասցնելու դեպքում սակայն ԱՄՆ-ի զինծառայողներին վնաս հասցնելու վտանգը չափազանց ցածր է», - ասում է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG