Մատչելիության հղումներ

Հովսեփ Խուրշուդյան. Պետք է թույլ չտալ, որ ընդդիմությունը մասնատված գնա ընտրությունների


Ըստ «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի, բոլոր ուժերի համար ցանկալի է համագործակցությունը «Ժառանգություն» կուսակցության հետ։

«Ժառանգության» հետ համագործակցությունը ցանկալի է բոլոր ուժերի համար, և դա նրանք չեն էլ թաքցնում, բայց հենց «Ժառանգություն»-ը և Րաֆֆի Հովհաննիսյանը եղան մերանն այս պրոցեսի` ամենասկզբում, երբ որ սկսվեցին այս քննարկումները՝ միասնական հանդես գալու, վերջապես իշխանափոխության հասնելու համար։ Այնպես որ, մենք ուզում ենք նաև ժամանակից առաջ չընկնել և օգնել, որ այդ պրոցեսը հասնի տրամաբանական ավարտին», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Ժառանգության» անդամը՝ շարունակելով. - «Եթե այսօր «Ժառանգություն»-ը հստակ ինչ-որ մի կողմ վերցնի, մի դաշինքին միավորվելու մասին հայտարարի, դա կարող է որոշակիորեն դժվարացնել, փակեր դռներն՝ ավելի լայն դաշինք ստեղծելու համար»։

Խուրշուդյանը նշեց, որ դեռ ժամանակ կա, և պետք է այդ օրերն օգտագործել՝ ակտիվ քննարկումները շարունակելու համար․ - «Ամեն դեպքում, դեռ ժամանակ կա, ճիշտ է, չեմ ասում, որ շատ է մնացել ժամանակը, գիտեք՝ ամսի 6-ից է սկսվում ցուցակների տրամադրումը, մինչև ամսի 16-ը՝ փետրվարի, բայց, ամեն դեպքում, չասելով, որ պետք է ձգել մինչև ամսի 6-ը, պետք է այս քանի օրը օգտագործել՝ ակտիվ քննարկումները շարունակելու, հասնելու նրան, որ ուժեղները մի քիչ ավելի ներողամիտ լինեն իրենց ընդդիմախոսների հավակնություններին, ոչ թե ընդդիմախոսների, այլ պոտենցիալ պարտնյորների հավակնությունների հանդեպ, և փոքր այդ կուսակցությունները, որոնք որ շատ դեպքերում անձ-կուսակցություններ են, չթաքցնենք, իրենք էլ մի քիչ իրենց ախորժակները զսպեն, և այս ամբողջը կարող է բերել նրան, որ այդ միասնական դաշինքը կայանա՝ ի նպաստ ժողովրդի ցանկության իրականացման»։

Հարցին, թե ի՞նչ կարծիքի է Հայ ազգային կոնգրեսի մասին, ՀԱԿ-ը կա՞ «Ժառանգության» բանակցությունների շրջանակում, Խուրշուդյանը պատասխանեց. - «Որքան ես տեղյակ եմ՝ այո, և եթե իմ կարծիքն եք հարցնում՝ բնականաբար, բոլոր ուժերը, իսկ մենք տեսանք, որ ՀԱԿ-ը նաև պոտենցիալ ունի, սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում մենք համագործակցեցինք իրենց հետ շատ արդյունավետ կերպով, և այնտեղ շատ լուրջ քաղաքական գործիչներ կան, որոնք ունեն այդ պոտենցիալը, նաև շարքերում շատ ռադիկալ, ընդդիմադիր տրամադրված մարդիկ, որ պետք չէ կորցնել»։

Խուրշուդյանի խոսքով՝ պետք է թույլ չտալ, որ ընդդիմությունը մասնատված գնա ընտրությունների։ «Տեսեք՝ իշխանության նպատակը որն է, որ որպեսզի ինչքան առանձին, ինչքան փոքր ուժերով գնան ընտրությունների, այնքան մեծ է [հավանականությունը], որ կփոշիանան, այնքան մեծ է շանսը, որ շատ ուժեր չեն կարողանա անցնել, և այդ ռադիկալ էլեկտորալ պոտենցիալը կփոշիանա, շատ դեպքերում կգումարվի, եթե հանկարծ իրենք հաջողացնեն, որ մասնատված գնա ընդդիմությունը, և իրենք ամենամեծ տոկոսը ստանան, կգումարվի արդեն իրենց։ Տեսեք՝ 12 թվականին էլ դա եղավ, 7 թվականին էլ դա եղավ՝ շատ ընդդիմադիր, շատ կարևոր, արժեքավոր ուժեր չկարողացան համախմբվել այն ժամանակ և առանձին շարասյուներով գնալով, ուղղակի 3-ից 4 տոկոս հավաքելով՝ փոշիացրեցին հսկայական՝ 20-ից 25 տոկոս մինչև էլեկտորատ, այն էլ այդ պասիվ պայմաններում, երբ որ ժողովրդի ընդամենը կեսն էր մասնակցում ընտրություններին: Դա պետք է թույլ չտալ»:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 22-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG