Մատչելիության հղումներ

Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակը կնշվի հոբելյանական համերգով


Դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համերգի ընթացքում հնչելու են միայն «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները:

Ռոստոմյանի սիմֆոնիաները և այլ ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի և մենակատարներ Հենրիետտա Հարությունովայի և դաշնակահար Արմեն Ավանեսովի կատարմամբ:

Համերգը կղեկավարեն ՀՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն ու Մեծ Բրիտանիայից ժամանած դիրիժոր Դևիդ Դևիսը:

Այսօր հրավիրված ասուլիսին բրիտանացի դիրիժորը վերհիշեց, որ 1989-ին իրենք պատվիրել էին Ստեփան Ռոստոմյանին սիմֆոնիա գրել. - «Նա գրեց թիվ 3 սիմֆոնիան, որի պրեմերան շատ մեծ հաջողությամբ տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում: Մենք շարունակեցինք պատվիրել նոր ստեղծագործություններ Ստեփան Ռոստոմյանին, կատարում էին այդ գործերը աշխարհով մեկ և ամեն անգամ այդ նույն հաջողությունը, զգացողությունն էինք ունենում, որ դրանք առնչվում են մարդկանց սրտի և զգացմունքների հետ»:

Նշելով, որ Ռոստոմյանի հետ համագործակցության սկիզբը «շատ նշանակալից էր», և որ այդ համագործակցությունը շարունակվում է մոտ 20 տարի՝ Դևիդ Դևիսը շեշտեց, որ մեծ հաճույքով ու սիրով է մասնակցելու վաղվա համերգին՝ վայելելով տոնական կարկանդակի ամենահամեղ կտորը՝ ղեկավարելու է նվագախումբը թիվ 3 սիմֆոնիայի կատարման ժամանակ:

Խոսելով Ռոստոմյանի երաժշտության մասին՝ Էդվարդ Թոփչյանն ասաց․ - «Բարդ, ինտելեկտուալ երաժշտություն ա, իր աշխարհը ունեցող: Ուրիշ ոչ մի երաժշտության նման չի: Առանձին աշխարհ ա, որ պետք ա տրամադրվես և մտնես էդ աշխարհը»:

Արվեստագետի առաքելությունը Ստեփան Ռոստոմյանը տեսնում է գաղտնիքի բացահայտման մեջ, և այդ առումով իր համար ամենամեծ արվեստագետը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն է․ - «Եթե մի արվեստագետ գաղտնիք չունի, իր արածը ընդամենը պատճենահանելու պես մի բան ա, ֆոտո: Երաժշտի, կոմպոզիտորի խնդիրն է, որ անսլեսին առաջինը ինքը լսի, հետո լսելի դարձնի, նկարիչը անտեսանելին տեսանելի դարձնի, գրողը անիմանալին իմանալի դարձնի․․․ Դա շատ կարևոր միսիա է: Իսկ ինչ վերաբերում ա 60 տարեկանին, որևէ զգացողություն չունեմ, որ տարիքը իմ հետ ընդհանրապես կապ ունի»:

Ստեփան Ռոստոմյանը ցավով նշում էր, որ իր ընկերների մի մասը ապրում է արտասահմանում, բայց ինքը գերադասեց ապրել ու ստեղծագործել հայրենիքում․ - «Հենց առաջին առիթն եղավ, փախան բոլորը․․․ գնացին փոխեցին իրանց երկիրը․․․ Չեմ զղջացել․ եթե նորից կրկնվի, հազար անգամ էլի նույնը կանեմ, որովհետև ինձ համար իմ երկիրն ա․․․ եթե դու քո տունը չես սարքում, բա ո՞վ պիտի սարքի: Մի բան կա մեր երկրի մեջ, դրա համար եմ շատ վատ զգում․․․ Խաբել, պրոֆեսիոնալ խաբել: Այսինքն խաբում ես, բայց գիտես, որ վաղը չէ մյուս օրը էդ խաբկանքի պատճառով զինվորներ են մահանում, խաբում ես մշակությի մեջ, գիտես, որ մի ամբողջ սերունդ ա կործանվում, խաբում ես տնտեսության մեջ՝ մարդիկ են սոված մնում: Ես ուզում եմ էսօր բոլորս կենդանի աչքով ամեն ինչին արթուն նայենք: Էդ դեպքում մեր երկիրը կդառնա լավ երկիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG