Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով․ Երեկվա դիվերսիոն գործողությունը մարտահրավեր էր նաև ՀԱՊԿ-ին


Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է երեկ Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությանը:

«Ադրբեջանի նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մերժում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Միացյալ Նահանգների պետքարտուղար Քերրիի, իսկ այնուհետև Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի միջնորդությամբ: Սա ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը: Միգուցե սա պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթը գտնվում է ֆիասկոյի առջև, կամ իրենց սպասելիքները բանակցային գործընթացից ապրիլյան քառօրյա պատերազմից հետո չեն իրականացել, և Ալիևին ոչինչ չի մնում, քան իր ձախողումը կոմպենսացնել նմանատիպ ստոր դիվերսիաներով: Բայց մյուս կողմից էլ պետք է նշեմ, որ միջազգային հանրությունը, համանախագահ երկրները, կոնկրետ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, որոնք եղել են ավելի ակտիվ և՚ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում, պետք է քայլեր ձեռնարկեն՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու, և ևս մեկ անգամ վերահաստատեն և պրեսինգի ենթարկեն, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականություն դառնան: Ալիևի նման գործելաոճը ցույց է տալիո, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը շատ կարևոր խնդիր է», - ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով հայկական զինված ուժերին՝ նա նշեց․ - «Զինված ուժերը փառքով կատարել են իրենց վրա դրված պարտավորությունները»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցի հետաձգմանը, Հանրապետականի խոսնակն ասաց․ - «Այնուամենայնիվ Նազարբաևի բացակայությամբ, պետք է նշենք, որ ՀԱՊԿ-ը երևանյան դեկլարացիայում հստակ ամրագրել էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը և խաղաղ կարգավորումը: Եվ Ադրբեջանի երեկվա դիվերսիոն գործողությունը մարտահրավեր էր ոչ միայն համանախագահ երկրներին, այլ նաև ՀԱՊԿ-ին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG