Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերի 75 տոկոսը կապված է արտագնա աշխատանքի հետ


Հայաստանի - ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված ակցիա Երևանում, 1-ը դեկտեմբերի, 2012թ․

Հայաստանի - ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված ակցիա Երևանում, 1-ը դեկտեմբերի, 2012թ․

Դեկտեմբերի 1-ին նշվեց Մարդու իմունային անբավարարության վարակի դեմ պայքարի միջազգային օրը:

Դեկտեմբերի 1-ին նշվում է Մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) դեմ պայքարի միջազգային օրը: Ամբողջ աշխարհում մարդիկ այս օրը փորձում են ներդրում անել վարակի դեմ պայքարում:

Այս տարի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին անձամբ է ներգրավվել այդ խնդրին նվիրված «Մի ամաչիր» արշավում, որի նպատակն է վստահություն սերմանել հիվանդների ու վարակվածների մոտ, ինչպես նաև ընդգծել, որ ինքնաբացահայտումն ավելի մեծ հասարակական շփման ու աջակցության հնարավորություններ կբացի իրենց համար:

Այսպիսի գործունեությունը նոր չէ արքայական տան համար: ՄԻԱՎ-ի դեմ պայքարին նվիրված ծրագրերին հատկապես հետևողական մասնակցում էր իշխանուհի Դիանան՝ մինչ իր եղերական մահը: Նա կարևոր էր համարում իրազեկումը՝ իբրև հիվանդության տարածման կանխարգելիչ միջոց:

ՄԻԱՎ-ը հիմնականում տարածվում է սեռական և թմրամիջոցների կիրառման ճանապարհով: Հիվանդները հիմնականում կա՛մ շատ ուշ են իմանում, որ վարակված են, կա՛մ ընդհանրապես խուսափում են բուժումից՝ այսպիսով հասարակությունից թաքցնելով հիվանդ լինելու հանգամանքը՝ կարծելով, թե դրա ի հայտ գալը կմեկուսացնի իրենց և կվանի մարդկանց:

Հիվանդությունն արագ տարածվում է սեռապաշտպանիչ միջոցների կիրառման ցածր մակարդակի պատճառով, ինչպես նաև թմրամոլության բարձր մակարդակ ունեցող երկրներում:

Այս վարակը շարունակում է մնալ ժամանակակից աշխարհի ամենամեծ մարտահրավերներից մեկը, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր: Սակայն այն հատկապես մոլեգնում է Ռուսաստանում, Հնդկաստանում, Պակիստանում, Թայլանդում և այլ զարգացող ու թերզարգացած երկրներում:

Ռուսաստանում, չնայած առողջապահական լայնածավալ համակարգի առկայությանը, հիվանդության աճի մակարդակը ահագնացող չափերի է հասնում:

Լիդիա Սերեբրովսկայան ՄԻԱՎ-ի կանխարգելման ու վերահսկման կենտրոնի ավագ գիտաշխատող է: Ըստ նրա, անհրաժեշտություն կա «կլոր սեղանի» շուրջ հրավիրելու վարակվածներին ու մասնագետներին՝ քննարկելու հիվանդությունը: Ավելին՝ նա գտնում է, որ պետք է լայնորեն իրազեկել բնակչությանը հիվանդության վերաբերյալ դասախոսությունների միջոցով և համագործակցելով լրատվական միջոցների հետ:

Ռուսաստանում, ՄԻԱՎ-ի կանխարգելման ու վերահսկման կենտրոնի տնօրեն Վադիմ Պոկրովսկին նշում է, որ համաճարակի՝ ՁԻԱՀ-ի տարածումը կանգնեցվել է աշխարհում: Սակայն հավելում է, որ վարակը մտել է Ռուսաստան հայտնաբերվելուց շուրջ տասը տարի ավելի ուշ, և դա է պատճառը, որ Ռուսաստանը ետ է մնացել դրա դեմ պայքարում: Ըստ նրա՝ մինչ ամբողջ աշխարհը հսկայական ծրագրեր է իրականացնում ՄԻԱՎ-ի դեմ, Ռուսաստանը դեռևս պատրաստվում է դիմակայել դրան: Եվ միայն ազգային ռազմավարական ծրագրի մշակումն ու իրականացումը ամենաբարձր մակարդակով կարող է կանգնեցնել այս վարակը Ռուսաստանում:

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1924 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ ունեցող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է մոտ 3 հազար 700:

Հայաստանում ՄԻԱՎ վարակի տարածումն ունի որոշակի առանձնահատկություններ տարածաշրջանի այլ երկրների համեմատ. վերջին տարիներին բավականին մեծացել է միգրացիայի գործոնի ազդեցությունը Հայաստանում արձանագրվող դեպքերի ընդհանուր թվի վրա։ Այսպես՝ վերջին 5 տարիների ընթացքում արձանագրված հիվանդների կեսից ավելին հավանաբար վարակվել է արտերկրում, որոնցից ավելի քան 90 տոկոսը՝ Ռուսաստանում և 5.5 տոկոսը՝ Ուկրաինայում: Արձանագրված դեպքերի մեծամասնությունը՝ 58 տոկոսը կազմում են արտերկրում վարակվածները, 17 տոկոսը՝ նրանց զուգընկերները: Այսպիսով, արձանագրված դեպքերի 75 տոկոսը կապված է միգրացիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG