Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Հնարավոր է համանախագահները հանդես գան նոր առաջարկներով»


Էլմար Մամեդյարովը զրուցում է լրագրողների հետ, արխիվային լուսանկար

Էլմար Մամեդյարովը զրուցում է լրագրողների հետ, արխիվային լուսանկար

Հնարավոր է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես գան նոր առաջարկներով: Այդ մասին Վենետիկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: ԼՐԱՑՎԱԾ

Վենետիկում նա մասնակցում է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումներին։ Ուրբաթ օրը Վենետիկում կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահների հետ:

Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ համանախագահների հետ քննարկվել է հայկական կողմի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

«Ես Մինսկի խմբի համանախագահներին հայտնել եմ, որ մենք պատրաստ ենք հանդիպմանը, եթե տեսնենք, որ հայկական կողմը չի ձգտում ձգձգել այս գործընթացը եւ առաջընթացի ցանկություն ունի», - ըստ APA գործակալության՝ ասել է նա եւ հույս հայտնել, որ համանախագահները Հայաստանի ղեկավարությանը կփոխանցեն Ադրբեջանի դիրքորոշումը, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա կանցկացվի հերթական հանդիպումը։

Անդրադառնալով երկու երկրների նախագահների նոր հանդիպման հնարավորությունը` Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում, եւ ինչպես հայտնի է` առաջարկվել է ժամանակավորապես ընդմիջել հանդիպումները։

«Բանն այն է, որ Մադրիդյան սկզբունքները ներկայացնելուց հետո, Աթենքում տեղի ունեցած հանդիպումները արդյունք չտվեցին։ Բոլորը գտնում էին, որ այդ փաստաթուղթը, որի վրա երկու տարի աշխատանք է տարվել, հնարավորություն է ստեղծում հիմնական փաստաթղթի վրա աշխատանքը սկսելու համար, բայց հայկական կողմից համաձայնություն չստացվեց», - պարզաբանել է նա:

Մամեդյարովն ասել է, թե որոշակի պատճառներով միջնորդները առաջարկեցին ընդմիջել բանակցությունները։ «Սակայն այդ ընդմիջումը շատ երկար է շարունակվում», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով, որ հասկանալի է բանակցությունները ակտիվացնելու համանախագահների ձգտումը, քանի որ նրանց կողմից պատրաստված փաստաթուղթը դրված է բանակցությունների սեղանին։

«Մեկ անգամ էլ եմ կրկնում` այդ փաստաթուղթը երկնքից չի ընկել, երկու տարի այն համաձայնեցվում էր», - հայտարարել է նա։

Ասելով, որ Ադրբեջանը ծանոթացել, աշխատել է այդ փաստաթղթի վրա, Մամեդյարովն ընդգծել է, որ այնտեղ սկզբունքային նոր բան չկա` «բացառությամբ որոշ նրբությունների, որոնց վրա Ադրբեջանը առաջարկել է աշխատել, ինչպես ասում են` գնդակը գտնվում է հայկական կողմում»։

Նրա խոսքերով` հիմա անհրաժեշտ է Հայաստանի դիրքորոշման հստակեցումը։

«Իրավիճակը հիմնականում այսպիսին է. համանախագահները պետք է հայկական կողմին փոխանցեն մեր այսօրվա մոտեցումները։ Միջնորդները հետո կքննարկեն ընդհանուր իրավիճակն ու հնարավոր է` հանդես գան նոր առաջարկներով», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Անդրադառնալով Ղարաբաղյան բանակցություններում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Թուրքիայի համանախագահ դառնալու հնարավորությանը` Մամեդյարովն ասել է, թե Թուրքիան Մինսկի խմբի անդամ է այն ձեւավորվելու օրվանից։ «Փաստաթղթերի համաձայն` Թուրքիան հանդիսանում է մշտական խորհրդի անդամ, այսինքն` Մինսկի խումբը հիմնողներից մեկը», - հավելել է նա:

Հայաստանի արտգործանախարարության խոսնակ Տիգրան Բալայանը երկուշաբթի օրը այս կապակցությամբ տարածել է հետեւյալ հայտարարությունը. - «Առաջընթացը բանակցային գործընթացում հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը սուր ճոճելու փոխարեն, ընդունի իր պատասխանատվությունը հակամարտության սանձազերծման եւ դրա հետեւանքների համար, դադարի ներկայացնել իր պատկերացումները իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք, եւ անպտուղ չաղավաղի հակամարտության էությունը եւ բանակցային գործընթացի բովանդակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG