Մատչելիության հղումներ

Հայերն ու թուրքերը «դանդաղ առաջընթաց» են արձանագրում 1915-ի իրադարձությունների քննարկումներում


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Բուրսա, 14-ը հոկտեմբերի, 2010թ.

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Բուրսա, 14-ը հոկտեմբերի, 2010թ.

Հայերն ու թուրքերը «դանդաղ առաջընթաց» են արձանագրում 1915-ի ողբերգական իրադարձությունների քննարկումներում: Այս կարծիքն են հայտնել գիտնականներ Ահմեդ Ինսելը եւ Միշել Մարյան, ովքեր ժամանակին նախաձեռնել էին հայերից ներողություն խնդրելու արշավը։

2008 թվականի դեկտեմբերին ինտերնետում «Ես ներողություն եմ խնդրում» վերնագրով հայտարարություն տեղադրվեց , ուր ասվում էր. - «Իմ խիղճը չի ընդունում, որ մենք անհաղորդ մնանք եւ ուրանանաք Մեծ Եղեռնը, որին Օսմանյան Թուրքիայի հայերը ենթարկվել են 1915 թվականին։ Ես մերժում եմ այդ անարդարությունը, կիսում եմ հայ եղբայրների զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»։

Հաշվված օրերի ընթացքում հայտարարությանը միացել էին 10 հազարից ավելի մարդիկ։

Այս նախաձեռնության հեղինակները համատեղ գիրք են գրել «Երկխոսություն հայկական տաբուի շուրջ» վերնագրով։ Անցած շաբաթ Ստամբուլի Բիլգի համալսարանում հեղինակների մասնակցությամբ կայացել է գրքի շնորհանդեսը։ Hurriyet-ը չորեքշաբթի օրը հարցազրույց է հրապարակել նրանց հետ։

Թուրքական առաջատար թերթերից մեկում Միշել Մարյան 1915 թվականի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն, իսկ Ահմեդ Ինսելի կարծիքով` դրանք համապատասխանում են մարդկության դեմ հանցագործություն բնորոշմանը։

«Խնդիրը բնութագրումները չեն», - ասել է Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Ինսելը. - «Հնարավոր է` հինգ տարի հետո ես կօգտագործեմ ցեղասպանություն տերմինը։ Այժմ խնդիրն այն է, որ հենց հիմա ընդունակ լինենք այդ հարցի քննարկմանը»։

Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Միշել Մարյան, ով ծագումով հայ է, ասել է, որ «թուրք հանրության կարծիքը ձեւավորելու համար մենք պետք է խնդրին անդրադառնանք ավելի առաձգական շրջանում»։

«Երկխոսություն հայկական տաբուի շուրջ» գրքում Միշել Մարյան կենտրոնանում է այն հարցի վրա, թե ինչպես ճեղքել երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող տաբուն եւ երկխոսություն նախաձեռնել։ Մարյան ասել է, որ գրքի հրապարակումից հետո բացասական արձագանքներ է ստացել, քանի որ օգտագործել է ցեղասպանություն տերմինը։

Հարցազրույցում նա ասում է, որ հայկական սփյուռքը «միատարր միություն չէ, եւ այն դանդաղ փոխվում է»։ «Այնտեղ կան մարդիկ, որոնք ջերմ են վերաբերվում Թուրքիային` սրանում Հրանտ Դինքը նշանակալից դերակատարություն է ունեցել», - ասել է Միշել Մարյան:

Ահմեդ Ինսելն ասել է, որ ինքն ու Միշելը անդրադարձել են երկխոսությանը, որը տաբու է հայերի համար։ «Գրքի վերնագիրը արտացոլում է ոչ միայն հայերի մի մասի, այլեւ թուրքերի կողմից դրված տաբուն։ Թուրքերի տաբուն նրանց չի թողնում քննարկել, թե ինչ են վերապրել հայերը, իսկ հայերի տաբուն նրանց չի թողնում երկխոսություն ունենալ այն թուրքերի հետ, որոնք չեն ընդունում ցեղասպանությունը», - շեշտել է Ինսելը։

Մարյան հայտել է, որ իր նախնիները Թուրքիայի արեւելյան Էրզրում նահանգից են։ 1915 թվականին նա կորցրել է իր ընտանիքի մի մասը, իսկ մյուսները փրկվել են թուրք պաշտոնյաների օգնությամբ. - «Աղլիում ջարդից քիչ առաջ տեղի իշխանությունը զգուշացրել է իմ պապին։ Ահա թե ինչպես են նրանք փրկվել, պապս ամբողջ կյանքում շնորհակալ էր նրան»:

Ահմեդ Ինսելը 1915 թվականի դեպքերի մասին առաջին տեղեկությունները ստացել է, երբ 15 տարեկանում մի գիրք է կարդացել, այնուհետեւ տարիների ընթացքում խորացրել է իր ուսումնասիրությունները։

Թուրք գիտնականը հիշատակում է 1919 թվականի դատավարությունները, որ նախաձեռնել էր Դամաթ Ֆերիթ փաշայի կառավարությունը։ Ահմեդ Ինսելը ընդգծում է, որ 1915-ի իրադարձությունների համար պատասխանատուները հետապնդվել են դատարանի կողմից։

«Դատարանի արձանագրություններում մեղադրողի կողմից գերազանց բնորոշում կա, ուր ասվում է, որ այդ իրադարձությունները «սպանություն են մարդկության դեմ»։ Թուրքիայի ազգային ազատագրական շարժումը անտեսել է այս դատավարությունները։ Բողազիլիանի նահանգապետը, որը դատարանի կողմից մահվան էր դատապարտվել, մեկ տարի անց խորհրդարանի կողմից հռչակվել էր ազգային հերոս», - Hurriyet-ի հարցազրույցում շեշտում է Ինսելը:

Նրա կարծիքով, 1915 թվականի իրադարձությունների բնորոշումների շուրջ քննարկումները խանգարում են կողմերին` հաշտվելու անցյալի ցավերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG