Մատչելիության հղումներ

ՀՀԿ Շիրակի կառույցի ղեկավարը «քաղաքական պատվեր» է տեսնում իր դեմ ուղղված նամակում


Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, ում անունը՝ որպես կոռումպացված նախկին պաշտոնյայի, երեկ հնչեցվեց Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, քաղաքական պատվեր է տեսնում այդ ամենում:

Երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի Ազգային ժողովում ընթերցեց Գյումրիի մի խումբ մանկավարժների նամակ-բողոքը՝ ուղղված կառավարությանը, որում նշվում է, թե Սահակ Մինասյանը շուրջ 20 տարի լինելով Շիրակի մարզի կրթության վարչության պետ՝ կոռումպացված չինովնիկի համբավ ունի, բացի այդ՝ նրա ղեկավարությամբ ԳՊՄԻ-ում մագիստրատուրայի ընդունելության քննությունները կոպիտ խախտումներով են անցկացվել: Ի պատասխան՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ կհանձնարարի վերահսկողական ծառայությանը ուսումնասիրել այդ տեղեկությունները:

Ինքը՝ Սահակ Մինասյանը, հնչեցրած մեղադրանքը չի ընդունում կապված բուհում մագիստրատուրայում ընդունելության քննությունների շուրջ բարձրացված աղմուկին: 2 փաստաթուղթ ցույց տվեց մեկը նախկին ռեկտորի ժամանակ հաստատված, մյուսը՝ իր:

«Նախկին ընթացակարգով մագիստրատուրայում կազմակերպվում էին ընդունելության քննություններ: Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության համապատասխան կարգի համաձայն մագիստրատուրայում ընդունելությունը կազմակերպվել է առանց ընդունելության քննությունների և նույնիսկ առանց մրցույթի: Վարչապետի վերահսկողական ծառայությունը միտված է մագիստրատուրայում ընդունելության քննությունների կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու: Մագիստրատուրայում ընդունելության քննություն և մրցույթ չի եղել: Հայտարարություն անողը աղերս չուներ այս տեքստի հետ: Հնչեցրել է՝ պատվիրված կամ խնդրած ինչ-որ տեքստ: Եթե հարցում անեք՝ կգտնեք նաև, թե ում անձնական շահերից էր բխում հարցադրումները», - հայտարարեց նա:

Սահակ Մինասյանն ասում է՝ չի փնտրելու, թե ովքեր են անանուն բաց նամակի հեղինակները, քանի որ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո տարբեր գերատեսչություններ այդպիս նամակներ շատ են ուղարկվել: Ի դեպ՝ ասուլիսի ընթացքում նաև բուհի դեկանների կողմից նամակ ներկայացվեց՝ ուղղված ԱԺ-ի նախագահին, որի մեջ, մասնավորապես, ասվում է, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ քննարկման թեմա դարձած նամակում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է բուհին, ապա առաջիկայում այն համալսարան կդառնա: Սահակ Մինասյանը հայտարարեց, որ բուհում վճարովի սովորող ուսանողների թիվն է ավելացել, բարձրացել է նաև դասախոսների աշխատավարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG