Մատչելիության հղումներ

Իսկ Վրաստանի օմբուդսմենը խորհրդարանում ասել է, որ իշխանությունները մայիսի 26-ին «անհամաչափ» ուժ են կիրառել։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, երեկ հանդիպելով միջնակարգ դպրոցների մի խումբ գերազանցիկ շրջանավարտների հետ, խոսել է երկրում ստեղծված ներքաղաքական կացության մասին։

Նրա խոսքերով, Վրաստանի հասարակությունն անցյալից ժառանգել է պառակտումներ եւ քաղաքական տարբեր շրջանակների միջեւ իշխանության համար կատաղի պայքար։

Նախագահը հեգնանքով հայտարարել էր, թե դավաճանները նույնիսկ ի զորու չէին միավորվել, որպեսզի «միասին դավաճանեն»։

«Նրանք բոլորն ունեն մեկ օրակարգ` այն է «գործարք կնքենք Ռուսաստանի հետ, մեր երկիր նեխուժողների հետ։ Եկեք տապալենք մեր պետությունը, վերջ դնենք մեր անկախությանը», դա է նրանց նպատակը»,- ընդդիմախոսների մասին ասել է Միխեիլ Սահակաշվիլին եւ հավաստիացրել, որ այդ խմբավորումներն այնուամենայնիվ հաջողության չեն հասնի։

«Եկեք խուսափենք եվրոպական դիվանագիտական լեզվից եւ իրերն իրենց անունով կոչենք, դրանք մի խումբ դավաճաններ են, ովքեր պատրաստ են իրար կոկորդ կրծել», - ասել է Սահակաշվիլին։

Նա հույս է հայտնել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո լույս աշխարհ եկած սերունդներն են տօրինելու երկրի ճակատագիրը։

«Մենք ենք պատասխանատվություն կրում մեր երկրի համար, կանոնները փոխվում են, եկել է նոր սերունդ, որը մտածում է, որ ամեն ինչ որոշվելու է ոչ թե Մոսկվայում, Վաշինգտոնում, կամ Ավստրալիայում, այլ այստեղ` Վրաստանում, մեր բազմազգ ժողովրդի կամքով», - ասել է Վրաստանի նախագահը։

Երիտասարդների հետ իր երեկվա հանդիպման ընթացքում նա նաեւ անդրադարձել է մայիսի 26-ի բախումներին եւ հայտարարել, թե կասկած չկա, որ դրանք Ռուսաստանն է ֆինանսավորել։

Ընդդիմությունը կտրականապես հերքում է Մոսկվայի աջակցությամբ գործելու մեղադրանքը։

«Եթե մենք գործարք կնքեինք ռուսների հետ, նրանց «սպեցնազը» գահընկեց կաներ Սահակաշվիլիին», - օրերս Կիեւում ասել է «Դեմոկրատական շարժում – Միացյալ Վրաստան» կուսակցության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն։

Այսօր կեսօրին մի քանի տասնյակ կանայք խորհրդարանի շենքի մոտ նախաձեռնել էին բողոքի ակցիա, որի կազմակերպիչներից իրավապաշտպան Էկա Բեսելիան ասել է, թե ցուցարարները պահանջում են ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին եւ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի իրավապահների կողմից մայիսի 26-ին իրականացրած գործողությունները:

«Մեր տվյալներով, ձերբակալվածների թիվը հասնում է 300-ի, նրանց անտանելի պայմաններում են պահում», - ասել է Բեսելիան։

Պաշտոնական տվյալներով, Թբիլիսիում մայիսի 26-ին երեք մարդ է սպանվել, իրավապաշտպանները պնդում են, որ այսօրվա դրությամբ մոտ հինգ տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։

Այսօր Վրաստանի խորհրդարանում ելույթ է ունեցել երկրի օմբուդսմեն Գիորգի Տուղուշին, ով պարզորոշ, առանց այլեւայլությունների հայտարարել է, որ մայիսի 26-ին իշխանությունները անհամաչափ ուժ են կիրառել։

«Մենք այցելել ենք կալանավորներին, նրանցից 10-ը միջին ծանրության վիճակում են, այդ մարդկանցից մի քանիսը պնդել է, որ բռնության է ենթարկվել արդեն կալանավորվելուց հետո»,- խորհրդարանում ասել է Վրաստանի օմբուդսմեն Գիորգի Տուղուշին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG