Մատչելիության հղումներ

logo-print

«Հայերը Օսմանյան Կայսրությունում 19-ից 20-րդ դարերում» գիտաժողովին մասնակցում էին ամերիկյան բազմաթիվ գիտնականներ

Նոյեմբերի 20-ից 21-ը Վաշինգտոնի «Մարիոտ Ուարդման Փարք» հյուրանոցում տեղի ունեցավ Հայագիտական ընկերակցության հիմնադրման 40 ամյակին նվիրված «Հայերը Օսմանյան Կայսրությունում 19-ից 20-րդ դարերում» գիտաժողովը, որին մասնակցում էին ամերիկյան բազմաթիվ գիտնականներ, այդ թվում՝ հայկական, թուրքական և այլ համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման կազմակերպիչներից Պետրոս Տեր-Մաթոսյանը նշում է Հայագիտական ընկերակցության նման գիտաժողովների նշանակալի կարևորությունը ԱՄՆ-ում հայագիտության ոլորտում ուսումնասիրությունների զարգացման համար:

Հայագիտական ընկերակցությունը հիմնադրվել է 1974 թվականին Կալիֆորնիայի, Կոլումբիայի ու Հարվարդի համալսարանների մի խումբ ծագումով հայ ամերիկյան գիտնականների կողմից՝ Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ:

Հայագիտական ընկերակցության նպատակն էր զարգացնել հայագիտական ուսումնասիրությունները ԱՄՆ-ում և նպաստել հայագիտական տեղեկատվության փոխանակմանը աշխարհի գիտական կենտրոնների միջև: Ընկերակցությունը միավորում է ավելի քան 200 գիտնականների: ԱՄՆ-ի Հայոց ազգային հաստատություն կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Ավդալյանի խոսքով, այս գիտաժողովը հնարավորություն է տալիս հայագետներին ԱՄՆ-ում շփվել, գիտելիքներ փոխանակել, ինչպես նաև կապեր հաստատել միմյանց հետ:

Գիտաժողովին մասնակցում էին ոչ հայկական ծագումով գիտնականներ, որոնք ներգրավված են հայագիտական ուսումնասիրությունների ոլորտում:

Մուրաթ Յիլդըզը՝ Կալիֆորնիայի համալսարանից, ներկայացնում էր «Վերագնահատելով մշակութային կերպափոխումը Պոլիսում 20-րդ դարի սկզբում. հայերի նպաստը ընդհանուր օսմանյան ֆիզիկական ու մարմնամարզական մշակույթին» զեկույցը: Այն մեծ հետաքրքրություն էր առաջ բերել հետազոտողների շրջանում:

Նիստերից մեկը ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային: Այդ առումով հետաքրքրական էր Քլարքի Համալսարանից մեկ այլ՝ թուրքական ծագմամբ հետազոտող Ումիթ Քուրթի ներկայացրած «Այնթափում 1915- 1921 թվականների միջև նոր հարուստ խավի առաջացումը և հայոց ունեցվածքի առգրավումը տեղական վերնախավի կողմից» վերտառությամբ զեկույցը:

«Այս գիտաժողովը յուրահատուկ է մեր ժամանակներում, նաև այն պատճառով, որ մենք պատրաստվում ենք ունկնդրել նոր հետազոտություններ Հայոց ցեղասպանության և դրա արդյունքների վերաբերյալ՝ որոշ հարցեր, որ թերհետազոտված են ցայսօր», - ասաց դոկտոր Քուրթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG