Մատչելիության հղումներ

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ: Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նախարարները քննարկել են նաեւ նաեւ միջազգային եւ տարածաշրջանային, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:

Վրացի քաղաքագետ Լեւան Ուրուշաձեն այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չէր բացառել, որ Վաշաձեի երեւանյան այցի ընթացքում կարող է քննարկվել նաեւ ռազմական փոխադրումների վերաբերյալ վրաց-ռուսական համաձայնագիրը կասեցնելու Վրաստանի խորհրդարանի օրերս ընդունած որոշումը:

Հիշեցնենք, ապրիլի 19-ին ընդունված որոշմամբ` Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանության արժանացրեց նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առաջարկը` չեղյալ հայտարարելով 2006 թվականին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր արտերկրում գտնվող ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական բեռների` Վրաստանի տարածքով փոխադրումը:

Որոշ հայ վերլուծաբանների պնդմամբ` Վրաստանի խորհրդարանի այս որոշումը բացասական անդրադարձ կարող է ունենալ ռուսական ռազմակայանների, հետեւաբար նաեւ Հայաստանի անվտանգության վրա, քանի որ հայ-ռուսական նորացված պայմանագրով այդ ռազմաբազաները ստանձնել են նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթ:

Լեւան Ուրուշաձեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած հայտնեց, թե այս պարագայում Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ:

«Չեմ կարծում, թե դա կանդրադառնա Հայաստանի անվտանգության վրա, քանի որ ռուսական ռազմակայանները մշտապես եւ ամենուրեք ապահովում են միայն Ռուսաստանի անվտանգությունը: Ռուսաստանը դեռեւս կայսրություն է, եւ անհեթեթ է կարծել, որ այդ կայսրությունը իրենից բացի մտածում է նաեւ այլ երկրների անվտանգության մասին», - ասաց Ուրուշաձեն:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս չբացառեց, որ Վրաստանի խորհրդարանի որոշումը ինչ-որ կերպ կշոշափվի Վաշաձեի երեւանյան հանդիպումների ընթացքում: Սակայն, ըստ քաղաքագետի, դա օրակարգային գլխավոր հարցերից մեկը չի լինի:

«Այդ հարցը արդեն իսկ ժամանակին քննարկվել էր` միգուցե նույնիսկ նախագահների մակարդակով, բայց ավելի կոնկրետ պաշտպանության նախարարի այցի ժամանակ: Ավելին` Հայաստանը Վրաստանի հետ այս թեմայով բազմիցս բանակցել է, եւ կան որոշ պայմանավորվածություններ` առավել եւս, որ փաստորեն ֆորմալ ձեւով այդ պայմանագիրը չէր գործում նունիսկ ավելի առաջ քան [2008-ի ռուս-վրացական] 5-օրյա պատերազմը», - ասաց Մինասյանը:

Նրա կարծիքով` փոխադրումների կասեցման պայմանագիրը չի անդրադառնա Հայաստանի անվտանգության վրա:

«Ռուսական ռազմակայանը, ինչպես որ մինչ այդ, մատակարարվում էր ոչ այնքան Վրաստանի տարածքով, որքան այլ միջոցներով, այդ թվում նաեւ` Ադրբեջանի տարածքով», - ասաց քաղաքագետը:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն անցած տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած իր այցի ժամանակ եւս քննադատաբար էր արտահայտվել Հայաստանում ռուսական ռազմակայանների մասին:

«Այդ ռազմակայանը որեւէ երկրի կայունության, անվտանգության եւ համագործակցության հնարավորություն չի ընձեռում: Բացի այդ այն չի ստեղծում բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում առկա խնդիրները խաղաղ եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար», - այն ժամանակ հայտարարել էր Վաշաձեն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG