Մատչելիության հղումներ

Լարիսա Ալավերդյան. «Օմբուդսմենին տրված չէ քաղաքական ուժերի միջեւ միջնորդության գործառույթը»


Լարիսա Ալավերդյան
Լարիսա Ալավերդյան
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ գործող պաշտպանին օրենսդրորեն տրված չէ երկու քաղաքական ուժերի միջեւ միջնորդ լինելու գործառույթը:

«Ես չեմ տեսնում եւ որեւէ օրենքի հոդված, կամ Սահմանադրությամբ նախատեսված որեւէ մի կետ, որը այդպես ուղղակիորեն կտա այդ լիազորությունները մարդու իրավունքների պաշտպանին», - ասաց Ալավերդյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ միջնորդ դառնալու` օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկը:

«Մարդու իրավունքների պաշտպանը գործ ունի այն մարմինների հետ, մարմինների` լինի պետական կամ տեղական ինքնակառավարման, այսինքն` հանրային կառավարման մարմինների հետ, որոնք իրենց ընդունած որոշումներով կամ անբարեխիղճ ներկայացուցիչներով ոտնահարում են մարդու իրավունքը», - ընդգծեց մարդու իրավունքների նախկին պաշտպանը` հավելելով. - «Որեւէ ձեւով, որեւէ մի տեղ` լինի օրենք կամ լինի Սահմանադրություն, որեւէ առումով չկա անգամ անդրադարձ քաղաքական ուժերի հետ աշխատելու մասին որեւէ գործառույթի: Շատ դժվար եմ կարողանում համաձայնել այն հիմնավորումների հետ, որը բերել է գործող պաշտպանը` առ այն, որ օմբուդսմենը ինքը հենց միջնորդ է, եւ իր պնդմամբ` Սահմանադրությունն է իրեն տալիս այդ հնարավորությունը, ես կրկնում եմ` քաղաքական ուժերի մեջ»:

«Իսկ ինչ վերաբերում է իր` կուսակցական եւ քաղաքական դաշտ մտնելուն, ես փոքր-ինչ մտավախություն ունեմ: Հարցն այն է, որ կարող է վաղը իրեն դիմեն այլ կուսակցական կամ քաղաքական ուժեր` էլի միջնորդ լինելու խնդրանքով: Ինչպե՞ս է անդրադառնալու, արդյո՞ք անընդմեջ միջնորդի դերակատարության մեջ` թողնելով այն լայն եւ ես կասեի` խոպան դաշտը, որ այսօր է մարդու իրավունքների պաշտպանության դաշտը», - հայտարարեց Ալավերդյանը եւ ամփոփեց. - «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը, անշուշտ, պետք է զարգանա, եւ պետք է ասեմ, որ դրա, այդ զարգացման ճանապարհներն ու ուղիները բավականին հստակ նշմարված են օրենքներով: Ցավոք սրտի, այդ ուղղությամբ չէ, որ հիմա տվյալ դեպքում հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG