Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Չերնոբիլի աղետի 25-րդ տարելիցը


Ուկրաինա - Չեռնոբիլի ատոմակայանը

Ուկրաինա - Չեռնոբիլի ատոմակայանը

25 տարի առաջ ապրիլի 26-ին Ուկրաինայում Չերնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը:

Տվյալ ժամանակաշրջանում Չերնոբիլի ԱԷԿ-ը ամենախոշորն էր Խորհրդային Միությունում, աղետը ազդեց հարյուր հազարավոր մարդկանց վրա:

Վթարի մասին ուկրաինական ռադիոն հայտարարեց միայն ապրիլի 27-ին` Չերնոբիլի ատոմակայանի պայթյունի հաջորդ օրը, եւ այն ժամանակ, երբ մարդիկ պետք է տարհանվեին եւ կազմակերպված օգնություն ստանային, նրանք հեռուստատեսությամբ դիտում էին մայիսյան տոներին նվիրված միջոցառումները: Իսկ ատոմակայանի վթարի մասին` միայն սուղ տեղեկություններ, երկար ժամանակ թաքցվում էին աղետի իրական մասշտաբները:

Պայթյունը, որը հանգեցրեց միջուկային աղետին, տեղի ունեցավ գիշերը: Չերնոբիլի ատոմակայանի չորս ռեակտորներից մեկի պայթյունի հետեւանքով մթնոլորտ էր արտանետվում մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութ, որը հանրագումարում տասնյակ անգամներ գերազանցեց ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա նետված ռումբերի ռադիացիան:

Չերնոբիլի ռադիացիան հայտնաբերվել է անգամ սկանդինավյան երկրներում, որտեղ դեռ ռադիացիոն աղտոտված արգելված գոտիներ կան:

Չնայած աղետի հետեւանքով առաջին ամիսներին զոհերի թիվը չէր գերազանցում 100-ը, աղտոտված միջավայրը ազդեց հարյուր հազարավոր մարդկանց վրա` առաջացնելով տարբեր հիվանդություններ եւ կրճատելով նրանց կյանքը:

Այսօր էլ ատոմակայանի շուրջ 30 կիլոմետր շառավղով արգելված գոտի է, գոտուց ներս լքված քաղաքներ ու բնակավայրեր են:

Տովստի Լիս բնակավայրը ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում ատոմակայանից: Ժամանակին դա ծաղկուն գյուղ էր, իսկ այժմ ամբողջությամբ դատարկ է:

Օլգա Բոլյուրան, ով ծնվել է Տովստի Լիսում, ասում է, որ իրենց գյուղի 3 հազար բնակիչներից քչերն են կենդանի մնացել. - «Գրեթե կենդանի մարդ չի մնացել, բոլոր վարորդները, շինարարները մահացել են: Նրանք երիտասարդ էին, եւ նրանցից միայն մի քանիսն են հիմա կենդանի: Չգիտես ինչու հենց երիտասարդները շուտ մահացան, ավելի տարեցները դեռ կենդանի են»:

Երեքշաբթի օրը Ուկրաինայում հիշատակի միջոցառումներ են անցկացվելու, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում էլ հատուկ խորհրդաժողով կգումարվի Չերնոբիլի աղետի 25-րդ տարելիցի կապակցությամբ:

Նախատեսվում է, որ հիշատակի միջոցառումները կսկսվեն զանգի ղողանջով: Զանգը կհնչեցնի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը` Չերնոբիլում տեղի ունեցած աղետի ժամին` 1.23:

Տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռ ապրիլի 19-ից, երբ աշխարհի տասնյակ պետությունների ղեկավարներ ժամանել էին Կիեւ: Նրանց հավաքի ընթացքում 550 միլիոն եվրո հանգանակվեց` Չերնոբիլի ատոմակայանի վթարված ռեակտորը արտաքին աշխարհից մեկուսացնող նոր սարկոֆագը կառուցելու համար. Ուկրաինայի իշխանությունները հավաստիացնում են, որ հինն արդեն մաշվել է, եւ ռադիացիոն արտահոսքերի վտանգը մեծ է:

Նոր սարկոֆագը նախատեսված է ավարտել 2015 թվականին, դրա կառուցման համար պահանջվում է 740 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG