Մատչելիության հղումներ

Ապրիլի 26-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մեկնաբանը գրում է. - «Մեր «ազգային հասարակական միտքը» մի բացառիկ առանձնահատկություն ունի. մտածելը մեզանում համարվում է ազգային դավաճանության նման մի բան, իսկ իրականությունը ներկայացնելը` ծանրագույն հարված հայոց պետականությանը: Իսկ ինչո՞ւ է իշխանական քարոզչությունը այսօրինակ եռանդով պայքարում մտածելու դեմ: Որովհետեւ իշխանություններին ձեռնտո՞ւ է չմտածող հասարակությունը: Հասարակ հայ մարդն օրական 16 ժամ աշխատում է եւ չի կարողանում անգամ օրվա հացը վաստակել: Եթե մի քիչ մտածի` կհասկանա, թե ինչու է այդպես, եթե մի քիչ էլ մտածի` կհասկանա, թե ինչ է պետք անել, ու մեկ էլ տեսար` բոլորը միասին հավաքվեցին եւ իշխանափոխություն արեցին»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Մարտի 1-ի խնդրով Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո հայաստանյան քաղաքական դաշտում իրավամբ նոր իրավիճակ է ստեղծվել: Դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը հանդես է եկել գնահատականներով, որոնց կատարման հարցում այսուհետեւ պարզապես չի կարող հետեւողական չգտնվել: Նախ պետք է փաստել, որ ապրիլի 20-ի այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ամրագրեց, որ այլեւս Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը չի հանդիսանում, պարզ ասած` նա Ռոբերտ Քոչարյանի «իրավահաջորդից» փորձում է տեղափոխվել քաղաքական դաշտ ու հետագա գործընթացներում դառնալ ինքնուրույն գործոն: Իշխանության ներսում, թերեւս, սա դեռ ոչ բոլորն են ընկալում, բայց համաձայնեք` սա ժամանակի խնդիր է: Վաղ թե ուշ բոլորն էլ գիտակցելու են, որ Հայաստանը արդեն իսկ անցումային փուլում է գտնվում, եւ առճակատման փուլին այժմ գալիս է հետեւելու երկխոսության շրջանը, որն էլ հանգեցնելու է արտահերթ ընտրությունների»:

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է. - «10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը մշտապես եղել է երկրի քաղաքական իշխանության օրակարգում, եւ միայն կարելի է ողջունել, որ հանրապետության նախագահը եւս մեկ անգամ կոնկրետ ձեւակերպումներով դրեց այդ խնդիրը` համապատասխան հանձնարարական տալով պատկան մարմիններին։ Ես դա չեմ համարում արձագանք կոնգրեսի վերջնագրին. մի տարի առաջ, երբ հանձնաժողովը ներկայացնում էր իր եզրակացությունը, չէինք կարող կանխատեսել, որ ՀԱԿ-ը վերջնագիր է ներկայացնելու իշխանություններին։ Այլապես, նույն տրամաբանությամբ, կարելի էր ասել, թե ժամանակավոր հանձնաժողովն ընդառաջ է գնացել ՀԱԿ-ի վերջնագրին` արձանագրելով, որ գործը մինչեւ վերջ պետք է բացահայտվի, եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։

«Երկիր»-ը գրում է. - «Հայաստանի փլուզված տնտեսությունն ու ձախողված պետական կառավարումը կարող են արտաքին միջամտության համար լրացուցիչ խթան դառնալ: Մյուս կողմից՝ նույն խնդիրների պատճառով ստեղծված սոցիալական ծայրահեղ ծանր վիճակը, անզսպելի դարձած գնաճը, սոցալական անարդարությունը, օլիգոպոլիաների ընդարձակումը սոցիալական բունտի իրական նախադրյալներ են ստեղծել, որոնք ներկայումս փորձում է քաղաքական պահանջարկի վերածել ՀԱԿ-ը: Այս երկու գործոնների փոխլրացման արդյունքում՝ արտահերթ ընտրությունների հեռանկարը կարող է դառնալ բավական իրատեսական: Իշխանության համար սա, անշուշտ, միայն պահեստային տարբերակ է:Փակուղուց դուրս գալու համար դեռ կարելի է քաղաքական եւ վարչական որոշ գործիքներ օգտագործել` իրականացնել կադրային փոփոխություններ, կոռուպցիայի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել եւ, ի վերջո, արձակել կառավարությունը` վարչապետին դարձնելով քավության նոխազ: Սակայն անգամ այս ամենը կարող են չբավարարել»:

«168 ժամ»-ը գրում է. - «Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հերթական զավեշտալի նախաձեռնությամբ. նա պաշտոնապես առաջարկել է միջնորդի դեր ստանձնել իշխանական կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ: Խնդիրն այն չէ, որ միջնորդական գործունեությունը Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներից դուրս է, թեեւ ինքը` Կարեն Անդրեասյանը, դա փորձել է ներկայացնել որպես իրեն Սահմանադրությամբ վերապահված գործառույթ: Խնդիրն այն է, որ Կարեն Անդրեասյանն իրեն չափից ավելի լուրջ է վերաբերվում եւ կարծում է, որ կարող է լուծել այն խնդիրը, որն արդեն երեք տարուց ավելի Հայաստանի քաղաքական ճգնաժամի սկզբնաղբյուրն է: Ավելին` նա իրեն նույն հարթության վրա է դնում միջազգային միջնորդական առաքելությունների հետ, ովքեր այս ընթացքում փորձել են հարթել Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ գոյություն ունեցող հակասությունները»:
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG