Մատչելիության հղումներ

Ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը գաղտնազերծող WikiLeaks տեղեկատվական կայքը վերջերս տեղադրել է Թուրքիայի քաղաքականությանը վերաբերող երկու ուշագրավ հեռագիր:

Այս տարվա ապրիլի 24-ին WikiLeaks-ը հրապարակել է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կազմած փաստաթուղթը թուրք - ֆրանսիական հարաբերություններում հայկական գործոնի մասին:

Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Իլքեր Բաշբուղը 2006-ի նոյեմբերի 15-ին հայտարարել է, թե պաշտոնական Անկարան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Փարիզի հետ, քանի որ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն դատապարտելի համարելու մասին:

2011-ի ապրիլի 7-ին կայքէջում հայտնվել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի դեսպանատան կազմած հեռագիրը, որի վերնագիրն է «Պարանոյա»` «Խելացնորություն»:

Ըստ այդ փաստաթղթի` «Թուրքիայի պետությունը սարսափում է պատմությունից, ինչն արտահայտում են հայկական անջատողականության դեմ պայքարելու մասին Անկարայից թուրքական ժանդարմերիային հասցեագրված հրամանները»:

Ժանդարմերիայի կազմում մի աղբյուր դեսպանատան աշխատակցին փոխանցել է, թե ժանդարմները երկար ժամանակ շփոթության մեջ են եղել, չեն հասկացել այդ հրամանների հրատապությունը եւ կարեւորությունը, քանի որ տառացիորեն մի քանի տասնյակ հայ է մնացել երկրի հարավարեւելյան շրջանում:

Փորձելով կատարել այդ հրամանները` ժանդարմներն ի վերջո հասկացել են, թե ինչն է մտահոգել Անկարային։ Խոսքը մանրամասն կազմվող nufus kutugu-ի` բնակչության ցուցիչի մասին է:

Ի շարս այլ տվյալների, այդ վիճակագրությունը տեղեկություններ է պարունակում նաեւ այն մասին, թե հարավային եւ հարավարեւելյան որոշ շրջաններում քաղաքացիներից քանիսը կարող են ունենալ հայկական արմատներ, որոնք հայերի զանգվածային սպանդի եւ տեղահանման ընթացքում ստիպողաբար կամ կամավոր եղանակով կարող էին թաքցվել:

Հայկական արմատները, պարզվում է, բավական տարածված են։ Օրինակ, ժանդարմները մի գյուղում նույնիսկ հանդիպել են ծագումով հայ մի իմամի` մահմեդական սպասավորի:

Դեսպանատան ծառայողներին Անատոլիայի շրջաններ կատարած այցերի ընթացքում զարմացրել է երեք հանգամանք` 1915 թվականի իրադարձությունների մասին շարքային բնակիչների տեղակացված լինելու աստիճանը, այդ ամենի մասին պատմելու պատրաստակամությունը եւ ակնհայտ հայկական հատկանիշներով մարդկանց մեծ թիվը:

Դեսպանատան հեռագրում ասվում է, թե «բնակչության ցուցիչը օսմանյան շրջանից հասած համակարգ է, որը ինչ-որ իմաստով նման է քրիստոնեական երկրներում ծխական մատյաններին, որոնցում գրանցվել են կնունքները»:

Բայց, ըստ հեռագրի, այդ nufus kutugu-ներն ավելի մանրամասն են կազմվում։ Եվ դա վկայում է այն մասին, թե որքան են Թուրքիայում զգոն եւ որքան են վախեցած քաղաքացիների շրջանում հնարավոր «օտար տարրերից»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG