Մատչելիության հղումներ

Առաջիկայում եւս մեկ երկիր կճանաչի Հարավային Օսիան


Սերգեյ Լավրովը (ձ) եւ Էդուարդ Կոկոյտին:

Սերգեյ Լավրովը (ձ) եւ Էդուարդ Կոկոյտին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Ցխինվալում է, երեկոյան կմեկնի Սուխումի։

Այցերի ընթացքում Լավրովը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իշխանությունների հետ կստորագրի միջկառավարական համաձայնագրեր, այդ թվում Վրաստանից անջատված այդ երկու ինքնահռչակ հանրապետություններում Ռուսաստանի տեղեկատվական եւ մշակութային կենտրոններ եւ Մոսկվայում աբխազական ու հարավօսական նույնանման կենտրոններ բացելու մասին։

Սերգեյ Լավրովը քննարկելու է ռուս-հարավօսական տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաեւ Աբխազիայում ռուսական գույքի պաշտպանության հարցերը։

Այսօր Ցխինվալիում Լավրովն ասել է, որ Մոսկվան ամեն կերպ կպաշտպանի «Հարավային Օսիան Վրաստանի ռազմական սադրանքներից»։

«Թբիլիսիի ներկայիս վարչակազմից ամեն բան սպասելի է։ Հարավային Օսիան մեր հարեւանն է եւ դաշնակիցը, որին մենք երբեւէ թույլ չենք տա ճնշել», - ասել է Սերգեյ Լավրովը։

Լրատվական գործակալությունները նշում են, որ Մոսկվան 1990-ական թվականներից նախ լռելյայն, ապա բացահատ սատարել է թե' Աբխազիայի եւ թե' Հարավային Օսիայի անջատականներին։

Բացի Ռուսաստանից. այդ երկու կազմավորումների անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուն։

Հարավային Օսիայի ղեկավարը ակնարկել է, որ այդ ցանկը կմեծանա։

«Առաջիկայում կստացվի Հարավային Օսիայի ժողովրդի եւ մեր բոլոր բարեկամների համար շատ ուրախալի մի լուր` եւս մեկ երկիր կճանաչի մեր անկախությունը»,- այսօր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Էդուարդ Կոկոյտին, ով սակայն հրաժարվել է հայտնել այդ պետության անունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG