Մատչելիության հղումներ

Ընդդիմության պահանջների կատարումը «քաղաքական կամքի հարց է»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով` կան ազդանշաններ, որոնք թույլ են տալիս մտածել, որ «իշխանությունները, կարծես թե, մտադրություն ունեն կատարելու ընդդիմության մինիմալ պահանջները` ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, թույլատրել ընդդիմությանը Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել»:

«Իշխանության կողմից Մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է, եւ մենք ընկալում ենք դա որպես ազդանշան, որ իշխանությունները դիտարկում են մեր այդ մինիմալ փաթեթի այլ պահանջների կատարումը նույնպես», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Եվ օմբուդսմենի` այսօր հնչած հայտարարությունը, որտեղ նա արդեն առաջարկում է միջնորդի դեր ստանձնել կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, նույնպես նման մի ազդանշան է իշխանությունների կողմից: Բացի դրանից, նրանց հռետորայնության մեջ էլ զգացվում է մտահոգություն եւ գիտակցում, թե ինչքան լարված է վիճակը երկրում, եւ ինչքան սուր է քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը»:

Հարցին, թե որքանով է հնարավոր, որ մինչեւ ապրիլի 28-ը (ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքի օրը) ազատ արձակվեն անազատության մեջ գտնվող բոլոր ընդդիմադիրները, Զուրաբյանը պատասխանեց, թե իրենց բոլոր պահանջների կատարումը «քաղաքական կամքի հարց է», եւ ցանկացած պահի երկրի գործող ղեկավարությունը այդ հարցերը կարող է լուծել «րոպեների ընթացքում»:

Իսկ հարցին, թե մինչեւ ապրիլի 28-ը բոլոր երեք պահանջների չկատարման պարագայում հնարավոր է, որ ՀԱԿ-ը հետաձգի «ջրբաժանի օրը», ընդդիմադիր գործիչը արձագանքեց, որ իրենք շատ «վճռական են տրամադրված» եւ այդ երեք պահանջները «պե'տք է կատարվեն»:

Զուրաբյանի խոսքով` ընդդիմությունը առաջարկել է կոնկրետ քաղաքական գործընթաց, որը, իրագործելու դեպքում, հնարավորություն կտա երկրում ստեղծված ճգնաժամը կառավարելի պահել եւ այն կարգավորել բանակցությունների միջոցով:

«Եվ վստահ ենք, որ եթե լինի պատասխան քաղաքական կամք, դա հնարավոր է անել, իսկ եթե ոչ` ապա հարցը այսպես կարելի է դնել. ընդդիմությունը ցույց է տալիս պետական մտածողություն, ինքն է բացատրում, որ Ղարաբաղի հարցի չլուծված մնալու պայմաններում որեւէ ապակայունություն Հայաստանում վտանգավոր է: Մենք չենք ցանկանում առճակատում, բախումներ, էսկալացիա, բայց ընդդիմությունը չի կարող միայնակ կայունության եւ իրավիճակի պահպանման պատասխանատուն լինել: Պատասխանատվություն եւ պետական մտածելակերպ պիտի ցույց տա նաեւ իշխանությունը, եւ եթե իշխանությունը դա ցույց չտա, այդ դեպքում ընդդիմության կարողություններն էլ են սահմանափակ իրավիճակը վերահսկելու, պահելու առումով», - ասաց Զուրաբյանը:

Հակառակ դեպքում, ըստ Զուրաբյանի, իրենք ունեն «մշակված տարբերակներ», թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկելու: Իրենց քայլերի ընտրությունը կախված կլինի իշխանությունների գործողություններից, ներքաղաքական գործընթացներից ու նաեւ ժողովրդի տրամադրությունից: Զուրաբյանը չբացառեց «շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը»:

Ապրիլի 28-ի հանրահավաքից հետո կրկին Ազատության հրապարակ մուտք գործելու հնարավորության մասին Զուրաբյանն ասաց, թե «գտնվում ենք այնպիսի դինամիկ քաղաքական պրոցեսում, որ նախօրոք որոշումներ ընդունելը սխալ է»:

«Վերջնական որոշումները ընդունվում են հենց հարթակում, վերջին պահին` հաշվի առնելով թե' ներքաղաքական, եւ թե' արտաքին քաղաքական ամբողջ ինֆորմացիան», - ասաց Զուրաբյանը` հավելելով. - «Իշխանությունների գործողություններից է կախված, թե ապրիլի 28-ը դառնալու է երկխոսության սկզբնավորման օր, թե վերջնական ջրբաժանի օր, ինչպես դա ձեւակերպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG