Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ներկայացված ընտրացուցակներում հայեր չկան


Թուրքիա -- Խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

Թուրքիա -- Խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

Թուրքիայի հայազգի քաղաքացիները, ովքեր դիմել էին ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար, այժմ հիասթափված են, քանի որ չեն ընդգրկվել կուսակցությունների ընտրացուցակներում:

Թուրքական Today’s Zaman թերթի տեղեկացմամբ, 60 հազար հայազգի բնակչություն ունեցող մայրաքաղաք Ստամբուլից ընտրություններին մասնակցելու ցանկություն էին հայտնել հայազգի Արեւ Ջեբեջին, Մելքոն Կարաքյոսեն եւ Հերման Պալյանը: Նրանք դիմել էին կուսակցություններին, որպեսզի ընդգրկվեն հունիսի 12-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների պատգամավորության թեկնածուների ցուցակներում:

Արեւ Ջեբեջին, ով մինչեւ վերջերս Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ղեկավար կազմում ներկայացնում էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, ասում է, որ կուսակցությունը չի արդարացրել իր սպասումները:

«Ոչ-մահմեդական փոքրամասնությունը երբեք իրեն հարազատ չի զգացել այդ կուսակցությանը», - ասում է Ջեբեջին, քանի որ «Ժողովրդահանրապետականի» քաղաքականությունը հիշեցնում է երիտթուրքերի «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունը:

Հայազգի Ջեբեջին ասում է, թե կարծում էր, որ կուսակցության այժմյան ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն կարող էր փոխել դրությունը: Նա հիշեցնում է կուսակցության խորհրդաժողովում Քիլիչդարօղլուի ելույթը, որում նա ակնարկել էր, որ կուսակցությունը պատրաստ է առաջադրել ազգությամբ հայ եւ քուրդ թեկնածուների:

«Կուսակցությունն առաջադրել է քուրդ թեկնածուների, բայց ոչ հայերի», - Today’s Zaman-ին տված հարցազրույցում հավելում է Ջեբեջին:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը լինելով պահպանողական` մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ է ձեռնարկել, եւս որեւէ հայ թեկնածու չի առաջադրել, չնայած հայկական համայնքը նման ակնկալիք ուներ:

Հայ գործարար Մելքոն Կարաքյոսեն, ով դիմել էր իշխող կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար, ասում է` շատ ցավալի է, որ հայազգի թեկնածու չի առաջադրվել հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Մենք այս երկրի մասն ենք եղել շուրջ 4000 տարի: Մենք կցանկանայինք մասնակցություն ունենալ Թուրքիայի մեծ խճանկարում», - ասում է Կարաքյոսեն:

«Ես զարմացած եմ, որ «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդահանրապետական», «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունները չեն առաջադրել որեւէ հայազգի թեկնածու, քանի որ նրանք ավելի վաղ հայտարարում էին, թե կողմ են խորհրդարանում հայերի ներկայացվածության գաղափարին», - ասում է գրող, լրագրող Հայկո Բաղդադը, ով ցանկանում էր առաջադրվել քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից:

Հայկո Բաղդադի կարծիքով, խորհրդարանական ընտրություններում հայազգի թեկնածուներ չառաջադրելը ցույց է տալիս, որ հայերի նկատմամաբ որոշակի նախապաշարմունք կա:

Վերջին 50 տարիների ընթացքում Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր չի ընտրվել: Հայազգի վերջին պատգամավորը Պերճ Սահակ Թուրանն էր, ով Թուրքիայում պատգամավոր է եղել 1961–1964 թվականներին:
XS
SM
MD
LG