Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Հարության տոնը եւ ոգեկոչեց Եղեռնի զոհերի հիշատակը


Սուրբ Հարության պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 24-ը ապրիլի, 2011թ., լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Սուրբ Հարության պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 24-ը ապրիլի, 2011թ., լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Այս տարի ապրիլի 24-ին աշխարհի բոլոր քրիստոնյաները նշում են Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Սուրբ Հարության տոնը, ի տարբերություն Սուրբ Ծննդյան տոնի, շարժական է, եւ սովորաբար քրիստոնյա եկեղեցիները տարբեր օրեր են նշում այն: Բայց այս տարի այն բացառիկ դեպքերից է, երբ եկեղեցական տոնացույցերը համընկել են, եւ բոլոր եկեղեցիները` թե' Կաթոլիկ, թե' Ուղղափառ, եւ Հայ Առաքելական եկեղեցին, նույն օրն են նշում Սուրբ Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը:

Այս տարի Սուրբ Հարության տոնը նաեւ համընկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, եւ առաջին անգամ այսօր Մեծ եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հոգեւոր հայրերը` Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի գլխավորությամբ, հոգեհանգստյան կարգ կատարելուց հետո տվեցին նաեւ Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը, որ մեկ ժամ հետո արդեն հնչեց Էջմիածնի Մայր տաճարում եւ աշխարհասփյուռ մյուս բոլոր հայկական եկեղեցիներում:

Էջմիածնի Մայր տաճարում, ինչպես միշտ, պատարագիչն էր Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Զի խնդրէք զկենդանին ընդ մեռեալս. չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. ԻԴ 5-6): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան եւ ի Սփյուռս, Քրիստոսի Հարության հրեշտակաբարբառ այս ավետիսը, որ հնչեց Տիրոջ թափուր գերեզմանի մոտ եւ խնդությամբ ու բերկրանքով համակեց առաջին քրիստոնյաներին, այսօր թեւածում է ամբողջ աշխարհում, Միածնաէջ այս Սուրբ Տաճարում, լուսազարդ մեր բոլոր եկեղեցիներում: Այսօր քրիստոնյա ողջ աշխարհը բազմալեզու աղոթքով փառաբանում է մարդկության համար խաչված ու մահվանից հարություն առած Որդուն Աստծո եւ օրհնաբանում մարդկանց պարգեւած Նրա անգերազանցելի շնորհը` լինելու ժառանգորդը երկնքի արքայության եւ աստվածտեսության խնդության մեջ ունենալու հավիտենական կյանք», - ասաց Վեհափառ հայրապետը: - «Քրիստոսի Հարությամբ խորտակվել են մահվան շղթաները, երկրի վրա սփռվել երկնային օրհնություններն ու հավիտենական պարգեւները, մարդկանց հոգիներում հաստատվել ոգեշնչումը, քաջալերությունն ու վստահությունը, որ Հարուցյալ Քրիստոս մարդկանց հետ է Իր անսահման սիրով, խնամքով ու ողորմությամբ, չարից, փորձություններից ու նեղություններից ազատելու զորությամբ։ Արդարեւ, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ պարտվում է մահը, եւ հորդում է կյանքը, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ հաղթանակն է կյանքի եւ խնդությունն ու երանությունը հավիտենության»:

«Մենք հավատում ենք, որ նոր սկսված դարում պիտի հաղթանակի մերժողականությունը բռնության, իրավունքի ոտնահարման հանդեպ, եւ դրանց հակառակ` պիտի արգասավորվի մարդասիրական արժեքների հաստատումը` հնարավոր դարձնելով ամենուր արդարության եւ խաղաղության իրագործումը», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Վեհափառը խոսեց նաեւ այսօր աշխարհում տեղի ունեցող անարդարությունների եւ պատերազմների մասին:

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, զատկական այս նվիրական օրը, երբ ոգեկոչում ենք հիշատակը բյուրավոր մեր նահատակների, աղոթենք նաեւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հոգիների համար։ Աղոթենք Ճապոնիայում երկրաշարժից զոհվածների համար, հազարավոր մարդկանց համար, ովքեր աշխարհի տարբեր կողմերում կրում են ծանր հետեւանքները բնական աղետների եւ պատերազմական ավերների։ Հայցենք միասնաբար, որ Հարուցյալ Տերը անխռով պահպանի աշխարհը Իր անբավ ողորմության մեջ եւ պարգեւի մարդկանց կամքն ու իմաստությունը` հաղթահարելու փորձություններն ու դժվարությունները կյանքի, գտնելու հիմնախնդիրների կարգավորման ուղիները։ Աղոթենք եւ հայցենք նաեւ, որ երկնավոր մեր Տերը Իր օրհնության, սիրո ու շնորհների մեջ պահի մեր Հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին` այսօր եւ միշտ եւ հավիտյանս. ամեն», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ խոսքն ավարտեց Քրիստոսի Հարության ավետիսով:

Հայրապետական պատարագին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ:

Օրվա երկրորդ կեսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մայր Տաճարի հարեւանությամբ կանգնեցված Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգիստ 1915 թվականի Հայոց Եղեռնի նահատակների համար, ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG