Մատչելիության հղումներ

Եմենի նախագահը համաձայնել է հրաժարական տալ


Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը համաձայնել է հրաժարական տալ` 30-օրյա անցումային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է վերջ դնել նրա արդեն 32 տարի շարունակվող կառավարման դեմ բողոքի ակցիաներին ու հուզումներին:

BBC-ի փոխանցմամբ` պաշտոնական Սանան հաստատել է, որ կառավարությունը ընդունել է Պարսից ծոցի արաբական երկրների մշակած ծրագիրը:

Ըստ այդմ, Սալեհը ընդդիմության հետ համաձայնագրի ստորագրումից մեկ ամիս անց իշխանությունը հանձնելու է երկրի փոխնախագահին, ինչի դիմաց երաշխավորվելու է նրա անձեռնմխելիությունը:

Միացյալ Նահանգները ողջունել է այս հայտարարությունը: Սպիտակ տունը հայտարարությամբ է հանդես եկել` հորդորելով բոլոր կողմերին շուտափույթ իրականացնել իշխանության խաղաղ փոխանցումը:

Եմենի ընդդիմության առաջնորդ Յասին Նոմանը, Reuters լրատվական գործակալության վկայությամբ, հայտարարել է, որ ողջունում է Սալեհի հեռանալու լուրը, սակայն մասնակցություն չի ունենալու առաջարկվող ազգային միասնության կառավարությանը:

Շուրջ երկու ամիս շարունակված հուզումների հետեւանքով Եմենում առնվազն 120 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG