Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Այսօր բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին:

Հիշատակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ: Հետագայում տրված բոլոր անուններն ու բնորոշումները` լինեն բարոյական, իրավական, թե քաղաքական, պայմանական են եւ միայն մասնակիորեն են արտահայտում կատարվածը: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտենք միայն մենք, եւ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, իր անձնական ճակատագրի վրա է զգում Մեծ եղեռնի ավերիչ հետեւանքները թե՛ բարոյական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական եւ թե՛ քաղաքական առումներով»:

«Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր: Դրա իրականացման բոլոր փուլերում հայերի սպանդը, բռնագաղթը, կրոնափոխությունն ու ստրկացումը Թուրքիայի ներքին կյանքում դիտվել են որպես սովորական, կենցաղային մանրուքներ: Իսկ արտաքին միջամտությունները ո՛չ միայն չեն կանգնեցրել հանցագործներին, այլեւ առանձին դեպքերում վերջիններիս մղել են ավելի կտրուկ գործողությունների», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում: - «Բայց հակառակ բոլոր հրեշավոր ծրագրերի ու հաշվարկների` հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Վերապրեց անդառնալի կորուստներով, մաքառեց 20-րդ դարում իրեն բաժին ընկած այլ արհավիրքների դեմ, որպեսզի իր հաղթանակած անկախ պետականությամբ մուտք գործի նոր հազարամյակ: Պետականություն, որ այլեւս թույլ չի տալու նման հանցագործության կրկնություն: Պետականություն, որ պաշտպանելու է իր արդար դատը եւ միջազգային ատյաններում պայքարելու է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար»:

«Եթե նախորդ դարի 20-ական թվականներին մեր ազգի եւ երկրի առջեւ ծառացած էր չմեռնելու, աշխարհի երեսից չվերանալու, վերապրելու խնդիր, ապա մերօրյա Հայաստանի խնդիրներն այլ են: Մեր առջեւ բացված են պատմական ճշմարտության վերականգնման, զարգացման, առաջընթացի եւ արարելու լայն հորիզոններ», - հայտարարում է Հայաստանի նախագահը` հավելելով. - «Հայաստանի Հանրապետությունն իր գործնական քայլերով հստակորեն ցույց է տվել, որ ինքը, չնայած պատմության սեւ էջերին, ձգտում է խաղաղության իր հարեւանների հետ, նույն Թուրքիայի հետ: Այնտեղ այսօր, առավել քան երբեւէ, հնչում են ողջախոհության ձայներ: Մենք բարձր ենք գնահատում ինչպես անհատ թուրք մտավորականներին, այնպես էլ հանուն արդարության իրենց ձայնը բարձրացնող ազնիվ մարդկանց, որոնք քիչ չեն աշխարհում»:

«Սակայն, դրանով հանդերձ, Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը շարունակում է մերժման ուղեգիծը: Ավելին` այն «կատարելագործվում է», եւ դառնում է իբր «ավելի ճկուն», նախաձեռնվում են եզակի ձեւական-քարոզչական քայլեր: Մեզ համար միարժեք է հետեւյալը. ուրացման քաղաքականությունը եղեռնի ամենաուղղակի շարունակությունն է: Հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ նոր հանցագործություն է», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձներ են հղել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը աշխարհի խորհրդարաններին կոչ է անում` հանուն պատմական արդարության վերականգնման, հետագա ցեղասպանությունների կանխման եւ ազգերի միջեւ բարիդրացիության հաստատման ճանաչել եւ դատապարտել հայ, ասորի եւ հույն ժողովուրդների նկատմամբ անցած դարասկզբին Թուրքիայում իրականացված ցեղասպանությունները», - ասված է, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի ուղերձում, որը տեղադրված է Ազգային ժողովի կայքէջում: - «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է Թուրքիայի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին` վերացնելու բոլոր իրավական, քաղաքական եւ այլ արգելքները, որոնք թույլ չեն տալիս Թուրքիայի հասարակությանը անկաշկանդ ձեւով ուսումնասիրելու անցյալը, հատկապես` Հայոց ցեղասպանության փաստն ու մարդկության դեմ իրականացված ոճիրում այսօրվա Թուրքիայի պատասխանատվությունը»:

«Հայոց ցեղասպանությունն իրականացման օրվանից դարձել է ոչ միայն մեր, այլեւ համաշխարհային պատմության այնպիսի դրվագ, որը հնարավոր չէ ջնջել դիվանագիտական վավերագրերից ու դուրս թողնել քսաներորդ դարի ժամանակագրությունից. անգամ այն մարդկանց հիշողությունից, ում նախնիներն են իրականացրել ցեղասպանությունը: Մեր ժողովրդի պահանջը հստակ է. Հայոց ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական», - ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, պաշտոնապես ընդունել են, որ նախորդ դարասկզբին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG