Մատչելիության հղումներ

Օբաման կրկին ասում է Meds Yeghern` խուսափելով ցեղասպանություն բառից


Բարաք Օբաման ելույթ է ունենում Սպիտակ տանը, արխիվային լուսանկար

Բարաք Օբաման ելույթ է ունենում Սպիտակ տանը, արխիվային լուսանկար

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը հայտարարությամբ է հանդես եկել Հայկական հիշատակի օրվա առթիվ, որում, ինչպես եւ նախորդ երկու տարիներին, խուսափել է ցեղասպանություն բառից` փոխարենը օգտագործելով Մեծ Եղեռն (Meds Yeghern) բառերը:

«Մենք հանդիսավոր կերպով հիշատակում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, որոնց հետեւանքը եղավ 20-րդ դարի մեծագույն եղեռնագործություններից մեկը», - ասված է Օբամայի ուղերձում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի գրասենյակը: - «1915 թվականին մեկեւկես միլիոն հայեր կոտորվեցին կամ մահվան երթ կատարեցին Օսմանյան կայսրության մայրամուտին: Ես մշտապես հայտարարել եմ 1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ տեսակետը, եւ իմ տեսակետը այդ պատմության վերաբերյալ չի փոխվել»:

«Փաստերի լիակատար, շիտակ եւ արդարացի ճանաչումը բխում է մեր շահերից: Վիճարկվող պատմությունը ապակայունացնում է ներկան եւ ստվեր է գցում կյանքից զրկվածների հիշատակի վրա, մինչդեռ անցյալի հետ հաշվի նստելը ամուր հիմք է ստեղծում համատեղ խաղաղ եւ բարգավաճ ապագայի համար», - հայտարարել է Օբաման: - «Պատմությունը մեզ ուսուցանում է, որ մեր պետությունները ավելի հզոր են ու մեր գործը` ավելի արդար, երբ մենք պատշաճ կերպով ճանաչում ենք ցավոտ անցյալը եւ աշխատում ենք դեպի վաղվա ավելի լավ օրը փոխըմբռնման կամուրջները վերակառուցելու համար: Միացյալ Նահանգները այդ դասը լավ գիտի մեր իսկ պատմության մութ էջերից»:

«Ես սատարում եմ Հայաստանում եւ Թուրքիայում անհատների կողմից ձեռնարկվող խիզախ քայլերը` նպաստելու իրենց ընդհանուր պատմությունը ճանաչող երկխոսությանը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

«Հիշատակելով Մեծ Եղեռնը եւ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին` մենք նաեւ վերստին պարտավորվում ենք ապահովել, որպեսզի նման աղետալի իրադարձությունները երբեք չկրկնվեն: Դա արդի մի խնդիր է, որ հազարավոր ամերիկահայեր դարձրել են իրենց գործը: Հայ ժողովրդի ժառանգությունն է տոկունությունը, վճռականությունը եւ հաղթանակը նրանց նկատմամբ, ովքեր ցանկանում էին ոչնչացնել իրեն», - հայտարարել է Բարաք Օբաման:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներում մեծ ավանդ ունեն ամերիկահայերը, «որոնցից շատերը Մեծ Եղեռնից փրկվածների սերունդներն են». - «Հայկական ծագում ունեցող ամերիկացիները ուժեղացրել են մեր հասարակությունը եւ մեր համայնքները իրենց հարուստ մշակույթով եւ ավանդույթներով»:

«Այս ողբերգական պատմությանը դեմ հանդիման հայ ժողովրդի ցուցաբերած ոգին ոգեշնչում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են ավելի խաղաղ եւ արդար աշխարհի», - հայտարարել է Օբաման:

«Մեր սրտերը եւ աղոթքները հայերի հետ են ամենուր, երբ մենք հիշում ենք Մեծ Եղեռնի սարսափները, հարգում ենք տուժածների հիշատակը եւ մեր բարեկամությունն ու խորին հարգանքն են հավաստում առ Հայաստանի ժողովուրդը», - իր ուղերձը եզրափակել է Միացյալ Նահանգների նախագահը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ բավարարված չէ Օբամայի ուղերձով, եւ այն «բաց թողնված հնարավորություն» է որակել: «Բառերը իրոք կարեւոր են, եւ Սուրբ Զատիկին ու Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նախորդող այսօրվա հայտարարությունը անցյալի բաց վերքերը բուժելուն նպաստելու բաց թողնված հնարավորություն է», - ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արձանագրում է, որ «նախագահ Բարաք Օբաման կրկին դրժեց մարդկության դեմ այս հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտելու եւ հիշատակելու իր խոստումը»:

«Թուրքիայի սպառնալիքների առջեւ նախագահ Օբամայի ամոթալի կապիտուլյացիան, նրա մեղսակցությունը Թուրքիայի ուրացումներին եւ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա վարչակազմի ակտիվ հակազդեցությունը ճիշտ հակառակն են սկզբունքային եւ ազնիվ փոփոխությունների, որ նա խոստացել էր կատարել այդ ոճրագործությանը մեր երկրի արձագանքի հարցում», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը:

Ինչպես Սենատում աշխատանքի տարիներին, այնպես էլ 2008 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

Պաշտոնական Անկարան, իր հերթին, «խորը ափսոսանք» է հայտնել Օբամայի ուղերձի կապակցությամբ եւ այն որակել «միակողմանի»:

«Հայտարարությունը աղավաղում է պատմական փաստերը: Հետեւաբար, մենք այն համարում ենք շատ խնդրահարույց եւ խորապես ափսոսում ենք այդ կապակցությամբ: [...] Միակողմանի հայտարարությունները խոչընդոտում են ճշմարտության ըմբռնմանը», - ասված է կիրակի օրը Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունում:

«Մենք կցանկանայինք, որպեսզի մեր բարեկամ եւ դաշնակից Միացյալ Նահանգների նախագահը հաղորդակից լիներ նաեւ Թուրքիայի ցավին եւ ուղերձ հրապարակեր նոր տեսանկյունից», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Օբամայի ուղերձի վերաբերյալ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Ավելի վաղ` Բարաք Օբամայի ուղերձի հրապարակումից անմիջապես հետո, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը այն որակել էր «պատմության ոչ ճշգրիտ, թերի եւ միակողմանի քաղաքական բնութագրում»:


Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG