Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի կազմում Գագիկ Ծառուկյանի ընդգրկվելը «օրինաչափ է» համարում


Հայաստան -- Նախագահ Սարգսյանը ողջունում է Գագիկ Ծառուկյանի ընդգրկումը ԱԱԽ կազմում, Երեւան, 22-ը ապրիլի, 2011թ.
Հայաստան -- Նախագահ Սարգսյանը ողջունում է Գագիկ Ծառուկյանի ընդգրկումը ԱԱԽ կազմում, Երեւան, 22-ը ապրիլի, 2011թ.
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պարզաբանմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը ԱԱԽ-ի կազմում է ընդգրկվել որպես իշխող կոալիցիայի մաս կազմող ուժի ներկայացուցիչ:

«Այսօր Հայաստանի իշխանության գործունեության համար քաղաքական պատասխանատվություն են կրում երեք կուսակցություններ, որոնք ներգրավված են երկրի պետական կառավարման համակարգում: Այդ որոշումը այդ համատեքստում միանգամայն օրինաչափ է», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու՞ այլ խմբակցությունների ղեկավարները նույնպես չեն նշանակվել խորհրդի անդամներ:

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի անդամ: Նույն օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Հանրապետության նախագահ, ԱԱԽ ղեկավար Սերժ Սարգսյանը, մինչ նիստի օրակարգին անցնելը, խորհրդի անդամների անունից շնորհավորեց Գագիկ Ծառուկյանին՝ Ազգային անվտանգության խորհրդի անդամ նշանակվելու կապակցությամբ:

Այսպիսով Հայաստանի իշխող կոալիցիայի մաս կազմող երեք քաղաքական ուժերի ղեկավարները` Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ընդգրկվում են Ազգային անվտանգության խորհրդի կազմում:

ԱԱԽ-ի կազմում ի պաշտոնե ընդգրկված են նաեւ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխվարչապետը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG