Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 23-ի մամուլ


«Ժամանակ»-ը, անդրադառնալով Ազգային անվտանգության խորհրդի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ընդգրկելուն, հատկանշական է համարում այն, որ Սերժ Սարգսյանն այդ մասին հրամանագիր է ստորագրում մարտի 1-ի մասին իր հայտնի հայտարարությունից երկու օր անց: - «Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի այդ քայլը ժեստ է Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Հայաստանում քչերն են կասկածում, որ ինչքան էլ Գագիկ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ նա Ռոբերտ Քոչարյանի շրջանակի գործիչ է: Այժմ այդ շրջանակի գործչին ներառելով Անվտանգության խորհրդի կազմ` Սերժ Սարգսյանը, թերեւս, փորձում է մեղմել մարտի 1-ի մասին իր հայտարարության առաջացրած այն լայն մտայնությունը, որ այդ` մարտի 1-ի բացահայտման նոր թափ ակնկալելու մասին բարձրաձայն հայտարարությամբ Սարգսյանը, ըստ էության, հարված ուղղեց Քոչարյանին: Հարցն այն է, թե այդպիսով Սերժ Սարգսյանը «փափուկ բա՞րձ» է դնում Քոչարյանի գլխի տակ եւ փորձում բթացնել նրա զգոնությունը, թե՞ պարզապես ստիպված է ԱԽ-ում, ըստ էության, Քոչարյանին լրացուցիչ քվոտա տալով` նրան լրացուցիչ երաշխիքներ տալ, որ մարտի 1-ի մասին հայտարարությունն ուղղված չէ նրա դեմ, եւ անհանգստանալու կարիք Քոչարյանը չունի»:

«Ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական ընդդիմության այն կուսակցությունները, որոնք ՀԱԿ-ում ներգրավված չեն, նաեւ իշխանության, կոալիցիայի մեջ ներգրավված ուժեր ու քաղաքական անհատներ Կոնգրեսին դրդում են իշխանության հետ գնալ առճակատման», - «168 ժամ» թերթին տված հարցազրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Պատասխանելով մարտի 1-ի դեպքերը բացահայտելու` Սերժ Սարգսյանի հանձնարարականին եւ Կոնգրեսի մյուս պահանջների կատարման մասին հարցին, Արամ Սարգսյանը նշում է. - «Պահանջներից մեկն այնպես, ինչպես մենք դրել էինք, ամբողջությամբ կատարվել է: Եվ դա հնարավոր չէ մերժել: Ինչ վերաբերում է մյուս պահանջները կատարելուն, ես անկեղծորեն ուզում եմ, որ իշխանությունները կատարեն դրանք, եւ անկեղծորեն ուզում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը նստեն երկխոսության: Ինչո՞ւ եմ դա ուզում` որովհետեւ այդպես եմ դա տեսնում, որ դա այս իրավիճակից դուրս գալու ամենաընդունելի, ամենաանցնցում, ամենաբարենպաստ ելքն է: Եվ ուզում եմ, որ թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական դաշտում եղած կուսակցություններն ու անհատները հասկանան դա, եթե այլ մոտեցումներ ունեն, իրենք էլ առաջարկություններ անեն»:

«Առավոտ»-ը գրում է. - «Երեկ Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության քննիչներ, ովքեր վստահություն էին հայտնում, որ իրենց գործընկեր, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարեւոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանն անհիմն է կալանավորվել, եւ այդ ամենի դիրիժորը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Նրանք ակնարկում էին, որ եթե դատարանը շարունակի պարել դատախազության նվագի տակ, ապա իրենք վայր կդնեն իրենց ծառայողական վկայականները եւ դուրս կգան ոստիկանության համակարգից: Քննիչներին վրդովվեցրել էր նաեւ ոստիկանապետի հայտարարությունն այն մասին, թե ոստիկանների շրջանում ոչ մի բունտ կամ դժգոհություն չկա: Դժգոհ ոստիկանները հեգնում էին. «Կարողա՞ ոստիկանապետին սխալ տեղեկություններ են տվել, ինչպես ժամանակին տվել էին Վահան Խալաֆյանի եւ Մարիամ Սուխուդյանի դեպքերում»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Վաղը Զատիկ է եւ միեւնույն ժամանակ Ցեղասպանության հիշատակի օր: Հայ ժողովրդի մեծ մասն այդ օրը ոչ մի հակասություն չի ապրի` առավոտյան ձու կներկի ու փլավ կուտի, իսկ կեսօրին զբոսնելու կգնա դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հոգեւորի ու մտածողության աղքատիկության, հասարակության կենսափիլիսոփայության մակերեսային ժամանակներում ենք ապրում: Գիտե՞ք ինչ տերմին են օգտագործում մեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն ավելի հաճախ` «արագի մեջ»: Արտահայտությունը ոչ միայն մեր լեզվամտածողության արատավորության ցուցիչն է, այլեւ մեր խելքի սաղրության, մեր ապրումների մակերեսայնության, մեր հոգեվիճակի սնանկության: «Արագի մեջ» ամեն ինչ ձուլվում է իրար. արժեքը` անարժանին, խելացին` անխելքին, ազնիվը` անազնիվին, հավատարիմը` անհավատարմությանը: Մեր արագ ու էժան օրերում մենք բոլորս, ըստ էության, մեր կյանքն ենք մաշում` անիմաստ ու անհեթեթ վատնելով Աստծուց մեզ տրված թանկ ժամանակը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG