Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն. Բռնության դեպքերը հատկապես հաճախ են ուժային կառույցներում


Կարեն Անդրեասյան

Կարեն Անդրեասյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ ներկայումս բռնության դեպքերը հատկապես հաճախ են զինված ուժերում, ոստիկանության մարմիններում եւ քրեակատարողական հիմնարկներում:

Նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն օրենքով հանդիսանում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայով նախատեսված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրությունում փաստել է. - «Զինված ուժերում 2010 թվականի ընթացքում խաղաղ պայմաններում գրանցվել է 54 մահվան դեպք, որոնց մեծ մասը կապվում է խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի հետ»:

Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է, որ ըստ պաշտոնական տվյալների նույն տարվա ընթացքում բռնությունների 176 դեպքերով մեղավորները ենթարկվել են պատասխանատվության:

Կարեն Անդրեասյանը առավել մտահոգիչ է համարել բանակում առանց ծառայողական քննություն իրականացնելու զինծառայողներին կարգապահական կալանքի ենթարկելը, միաժամանակ դրական գնահատելով շրջանառության մեջ դրված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի գաղափարը, որով նախատեսվում է վերացնել զինծառայողին պատժի ենթարկելու մեկ տեսակը՝ կալանքը:

«Զինվորական ծառայության ոլորտում անմարդկային վերաբերմունքի դրսեւորում է նաեւ առողջական լուրջ խնդիրներով անձանց զորակոչելը կամ ոչ պատշաճ ծառայության հարկադրելը», - ասել է օմբուդսմենը: «Նման օրինակ է վերջերս զինվորի ծնողի դիմումով մեզ հայտնի դարձած դեպքը, երբ նրա որդին, ունենալով բժշկական պատշաճ փաստաթղթերով հիմնավորված սրտային հիվանդություն, զորակոչվել է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Տվյալ դեպքում Պաշտպանի միջամտության արդյունքում դիմումատուի որդին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության` խիստ սահմանափակումով»:

Հաղորդագրության համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքների մի մասը վերաբերում են ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված բռնություններին, ինչպես նաեւ բերման ենթարկված անձանց իրավունքների խախտումներին, մասնավորապես անհիմն պահվելուն եւ փաստաբանների հետ հանդիպման արգելքներին: Օմբուդսմենը նաեւ անդրադարձել է իր ներկայացուցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարված բազմաթիվ այցելությունների ընթացքում արձանագրված գերբնակեցմանն ու կոմունալ-կենցաղային անընդունելի պայմաններին:

«Ի պատասխան Պաշտպանի զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ միջոցառումների ծրագիր` մասնավորապես նշելով, որ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի եւ գերբնակեցման խնդիրը բարելավել առաջիկա 10 տարիների ընթացքում: Ակնհայտ է, որ այս ժամկետը կրճատելու կարիք կա` ավելի ողջամիտ հեռանկարում ազատազրկման վայրերում պահվող մարդկանց համար մարդկային` մարդու իրավունքների տեսակետից ընդունելի, պայմաններ ստեղծելու առումով», - այս առնչությամբ ասել է Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանի գրասենյակը, որպես խոշտանգումների կանխարգելման համար պատասխանատու հաստատություն, ունեցել է խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խումբ, որի կազմում ընդգրկվել են իրավագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ռազմագիտության եւ այլ ոլորտների փորձառու մասնագետներ:

Հաղորդագրության համաձայն, այժմ խմբի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար Պաշտպանի գրասենյակը համագործակցության առաջարկ է արել այս ոլորտում մասնագիտացած մի շարք հասարակական կազմակերպությունների՝ նրանց ներկայացուցիչներին նույնպես մոնիտորինգային այս խմբում ընդգրկելու համար:

«Խումբն ուսումնասիրությունների եւ վերլուծությունների հիման վրա կվերհանի անազատության մեջ գտնվող անձանց ոչ միայն գերբնակեցման ու կոմունալ-կենցաղային վատ պայմանները, այլեւ կբացահայտի ազատազրկման վայրերում ակնհայտորեն գոյություն ունեցող բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի դրսեւորումները եւ կներկայացնի դրանք հասարակությանը՝ տալով բռնությունների կանխարգելման կոնկրետ առաջարկներ», - եզրափակել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG