Մատչելիության հղումներ

Թուրքիայում 1915-ի զոհերի հիշատակման աննախադեպ ակցիաներ կանցկացվեն


Ստամբուլ, Թուրքիա
Ստամբուլ, Թուրքիա
Ապրիլի 23-ին եւ 24-ին Թուրքիայի 5 քաղաքներում միաժամանակ տեղի կունենան 1915 թվականի զոհերի հիշատակի զանգվածային արարողություններ:

Նման միջոցառումներ Թուրքիայում անցկացվեցին նաեւ անցած տարի, սակայն այս տարի դրանք ավելի լայնամասշտաբ են լինելու: Ակցիաներ տեղի կունենան միանգամից 5 քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում եւ Բուրսայում:

Անցած տարի ոստիկանությունը Ստամբուլում ձեռնարկել էր անհրաժեշտ միջոցներ ցուցարարների եւ թուրք ծայրահեղականների միջեւ հնարավոր բախումները կանխելու համար: Ակցիաների կազմակերպիչները հույս են հայտնել, որ այս տարի եւս դրանք կանցնեն խաղաղ պայմաններում:

Թուրք քաղաքական վերլուծաբան Ալի Բայրամօղլուն, ով ապրիլի 24-ին նվիրված ակցիաների կազմակերպիչներից մեկն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ 5 տարի առաջ գրեթե անհնար էր Թուրքիայում օգտագործել Ցեղասպանություն բառը: Այսօր հնարավոր է ազատորեն խոսել այդ մասին: Ընդ որում, ըստ փորձագետի, այս փոփոխությունը լավ է ոչ միայն երկու երկրների հարաբերությունների, այլ նաեւ Թուրքիայի ժողովրդավարացման համար: Սակայն ինչպես ասաց Ալի Բայրամօղլուն, Ցեղասպանության ճանաչումը պետք է հասարակության մեջ հասունանա:

«Դա պետք է հասարակության կողմից արդարացվի եւ ընդունելի դառնա, ոչ թե այն պարտադրվի»,- ասաց նա:

Ցեղասպանության մասին խոսելու տաբուն Թուրքիայում հաղթահարվել է 2005 թվականից հետո, երբ Ստամբուլի Բիլգիի համալսարանը այս թեմայով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի անցկացումը ուղեկցվեց ազգայնականների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներով: Սակայն դրանից հետո Թուրքիայում սառույցը ասես հալվեց:

Ակցիաներին նախորդող օրերին հիշատակի արարողությունների մասին հայտարարություններ ու կոչեր են տպագրել թուրքական թերթերը:

«Թուրքիան չի հաղթահարել այն կրիտիկական շեմը, որտեղ այս արյունոտ անցյալը միայն պատմություն կդառնա: Դեռ շատ ժամանակ կպահանջվի դեռ առ դեմ կանգնելու այդ անցյալի հետ: Մենք գտնվում ենք բուժման երկար ընթացքի սկզբնամասում», - գրել էր Today’s Zaman օրաթերթի հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը եւ կոչ արել մասնակցել հիշատակի արարողություններին:

Հայ համայնքը հիմնականում լուռ է


Մինչ թուրք մտավորականները ակցիաներ են կազմակերպում, թուրքիայի հայ համայնքը ավելի շատ հակված է լռել Ցեղասպանության մասին:

Ստամբուլում լույս տեսնող ամենամեծ հայկական թերթի` «Ժամանակ»-ի խմբագիր Արա Գոչունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ապրիլի 24-ին հատուկ թողարկում կունենան, բայց ոչ թե Մեծ Եղեռնին, այլ Զատիկին նվիրված:

Հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ առհասարակ հրաժարվեցին խոսել Ցեղասպանության մասին` նշելով, թե այդ մասին խոսելը հայ-թուրքական հարաբերությունների հարցում ոչ մի դրական բան չի կարող ավելացնել:

Թուրք քաղաքագետ Ալի Բայրամօղլուին կարծում է, որ լռությունը գոյության պայքար է փոքրամասնությունների համար:

«Գերադասում են լռել` խնդիրներից խուսափելու համար: Ի՞նչ տեղի ունեցավ Հրանտ Դինքի հետ, որ խոսեց», - մեզ հետ զրույցում մատնանշեց թուրք քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG