Մատչելիության հղումներ

Արտասահմանյան մամուլի անդրադարձերը Ցեղասպանության տարելիցին


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Երեւանում:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Երեւանում:

Թուրքական, ամերիկյան ու բրիտանական մի շարք պարբերականներ իրենց հրապարակումներում անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին:

Թուրքական «Հյուրիեթ»-ը գրում է, թե ապրիլի 24-ին ընդառաջ պաշտոնական Անկարան շփումներ է ունենում Միացյալ Նահանգների վարչակազմի հետ եւ հորդորում արդար ու չեզոք դիրքորոշում որդեգրել Հայոց ցեղասպանության շուրջ հայտարարություններում։

«Մենք ասում ենք ամերիկացի դիվանագետներին, որ այդ վիճահարույց պատմական իրադարձության շուրջ որոշում կայացնելը կարող է խնդիրներ առաջ բերել», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը։

Սրան զուգահեռ Թուրքիայի արտգործնախարարությունը նաեւ քննարկումներ է ունենում Շվեյցրիայի եւ Իրանի իշխանությունների հետ։ Հիշեցնենք՝ ժնեւի հայ համայնքի նախաձեռնությամբ եւ տեղական իշխանությունների թույլտվությամբ նախատեսվում է երկու տարի անց ապրիլի 24-ին քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում տեղադրել Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթող: Իսկ Իրանում արդեն առաջիկա կիրակի օրը՝ ապրիլին 24-ին, ցուցադրվելու է Տիգրան Խզմալյանի ֆիլմը` նվիրված Ցեղասպանությանը: Ընդ որում, ակնկալվում է, որ հայ համայնքից բացի, ցուցադրությանը ներկա են լինելու նաեւ իրանցի պատգամավորները։

«Մենք կապի մեջ ենք երկու երկրների դիվանագետների հետ եւ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը։

Մեկ այլ հրապարակման մեջ «Հյուրիեթ»-ը գրում է, թե վերջին շրջանում Թուրքիայի դեսպանատները սպառնալից նամակներ են ստացել Հայաստանի ազատագրության գաղտնի բանակից՝ ԱՍԱԼԱ-ից, եւ այժմ արտգործնախարարությունը եւ Ազգային հետախուզական ծառայությունը ուսումնասիրում են դրանք եւ քայլեր ձեռնարկում՝ արտերկրում թուրք դիվանագետների անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ։

Ըստ թուրքական թերթի, առաջինը ԱՍԱԼԱ-ից ուղերձ է ստացել Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը, որում, մասնավորապես, ասվում է. - «Եթե թուրքերը շարունակեն աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ապա ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչները կշարունակեն թուրք դիվանագետների սպանությունները»:

Վրաստանի դեսպանատնից բացի , ըստ թուրքական աղբյուրների, նման նամակներ են ստացել նաեւ այլ երկրներում գործող մի շարք թուրքական դեսանատներ եւ խնդրել են հյուրընկալող երկրներից ամրապնդել իրենց անցվտանգությունը։

Ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում նախագահ Բարաք Օբամայի այցն է Լոս Անջելես, որի ընթացքում հայ համայնքը ցույց է կազմակերպել եւ հիշեցրել նրա նախընտրական խոստումը։

«2009 թվականին՝ Կալիֆորնիայի նախընտրական հանդիպումների ժամանակ, Օբաման խոստացավ նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - գրում է «Լոս Անջելես Դեյլի Նյուս»-ը՝ հավելելով. - «Այդուամենայնիվ, մինչ օրս նա Ցեղասպանությանը նվիրված իր ուղերձներում օգտագործել է «սպանություն», «կոտորած», «ոճիր», «Մեծ եղեռն» բնորոշումները, բայց ոչ՝ «ցեղասպանություն» բառը»։

Ընդգծելով, որ այս տարի ապրիլ 24-ը համընկել է Սուրբ Զատիկի հետ` լոսանջելեսյան պարբերականը մեջբերում է հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի խոսքը. - «Քրիստոսը խաչվեց, որպեսզի մենք կարողանանք ապրել, եւ նույն օրը մեր նախնիները զոհվեցին, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր կյանքը»։

Եվ մի ուշագրավ հրապարակում էլ բրիտանական թերթերից. հեղինակավոր «Գարդիան»-ը բավական ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտասի վերաբերյալ, որտեղ ներկայացրել է նրա անցած դաժան ճանապարհն ու թողած անգնահատելի ժառանգությունը։ «Ազգային երգի մոռացված հերոս». այսպես է վերնագել իր հոդվածը Մեծ Բրիտանիայում հայտնի երաժշտական քննադատ Մայքլ Չըրչը եւ մանրամասնել. - «Ապրիլի 24-ը Սուրբ Զատիկի օրն է, հայերի համար այն նաեւ Ցեղասպանության հիշատակի օրն է։ Այդ օրը ամբողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնց մի մասը կոտորվել է Թուրքիայում, մյուս մասը՝ զոհվել է աքսորի ճանապարհին: Եվ երբ հայերը հավաքվում են՝ հիշելու անմեղ զոհերին, երգում են Կոմիտաս վարդապետի երգերը: Ինքը՝ Կոմիտասը, 1915-ին հետապնդումների ենթարկվեց ու թեեւ ֆիզիկապես վերապրեց, սակայն հոգեպես խանգարվեց այդ իրադարձություններից, եւ այսօր նրան Հայաստանից դուրս չգիտեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG