Մատչելիության հղումներ

Հրազենային վնասվածք ստացած զինծառայողը մահացել է հոսպիտալի ճանապարհին


Շարքային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու» կասկածանքով:

«21.04.2011 թվականին ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ ‘N’ զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Ղազարյանը իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած կրակոցից ստացել է հրազենային մարմնական վնասվածք եւ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Պաշտպանության նախարարության Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի գծով ավագ սպա Մերի Սարգսյանը: - «Փաստի առթիվ ՀՀ ՊՆ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` ինքնասպանության հասցնել: Կատարվում է նախաքննություն»:

Ըստ որոշ տեղեկությունների, խոսքը Երեւանից ոչ հեռու գտնվող Բալահովիտ գյուղի մոտ տեղակայված զորամասի մասին է:

1992թ.-ին ծնված Արթուր Ղազարյանը Հրազդան քաղաքի բնակիչ էր եւ բանակ էր զորակոչվել քաղաքի զինկոմիսարիատից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զոհված զինծառայողի հայրը` Գեղամ Ղազարյանը, հայտարարեց, թե չի հավատում, որ իր որդին կարող էր ինքնասպանություն գործել:

«Ասում են ինքնասպանություն է, բայց դա բացառված է», - նշեց նա: Զոհված զինծառայողի հայրն ավելացրեց, թե իր որդին առողջական խնդիրներ չուներ, այլապես չէր զորակոչվի բանակ:

«Արթուրը զորամասում լավ դրսեւորվել է, նույնիսկ պատվոգրերի է արժանացել: Չգիտեմ ինչ է կատարվել: Ես ուղղակի հիմա կարող եմ հերքել ինքնասպանության փաստը: Ես պատրաստ եմ մինչեւ վերջ գնալ, ես ճամփի կեսից չեմ շուռ գա», - հավելեց Գեղամ Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG