Մատչելիության հղումներ

Հայաստանում բնակչության 12 տոկոսը վստահ է, որ իր կյանքը բարգավաճում է, մինչդեռ 54 տոկոսը պայքարում է գոյատեւման համար, իսկ 34 տոկոսը` տառապում: Համենայն դեպս, այդ են վկայում հեղինակավոր Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրությունները:

Աշխարհի 124 երկրում կատարված այդ հետազոտության նպատակն է պարզել` ինչպես են իրենց կյանքը գնահատում տեղաբնակները եւ ինչ են ակնկալում առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Պատկերը ստանալու համար յուրաքանչյուր մասնակցի առաջարկվել է գնահատել իր առօրյա կյանքը 10-բալլանոց համակարգով:

Հայաստանում, ըստ այդմ, մեծամասնությունը` 50 տոկոսից ավելին, սեփական կենսամակարդակը գնահատել է 4-7 բալլի սահմաններում:

Բնորոշելով այս խումբը` Gallup-ը փաստում է. - «Այս մարդիկ վարում են չափավոր կամ անկայուն կյանք, զուսպ կամ բացասական կարծիք ունեն իրենց ներկայի եւ ապագայի վերաբերյալ, նրանք կա'մ որոշակի խնդիրների են բախվում ներկայումս, կա'մ կարծում են, որ դրանք կունանան առաջիկայում, մտահոգվում են փողի պակասից եւ, որպես կանոն, ծխում»:

Առավել վատ է իրավիճակը երրորդ` տառապողների խմբում, որտեղ ընդգրկվել են Հայաստանում հարցվածների մոտ մեկ երրորդը: Ըստ այդմ, Հայաստանում յուրաքանչյուր երեքից մեկը բացասական ակնկալիք ունի ապագա հինգ տարիներից, որպես կանոն` խնդիրներ ունի հանապազօրյա հաց վաստակելու, օթեւանի, առողջության ու դրա պահպանման հետ:

Սեփական կենսամակարդակին 7-ից բարձր միավոր է տվել Հայաստանում հարցվածների 12 տոկոսը: Նրանք, ըստ Gallup-ի, կայուն եւ բարգավաճ կյանք են վարում, դրական ակնկալիքներ ունեն ապագայից, բավական հազվադեպ են բողոքում առողջությունից եւ, որպես կանոն, ապրում են երջանկության մեջ:

Ընդ որում, Հայաստանում, ըստ հարցումների, բարեկեցիկ կյանք վարողների թիվը 2 տոկոսով ավելի է, քան Ադրբեջանում եւ Վրաստանում:
Հարեւան երկրներում, սակայն, առավել շատ են միջին` գոյատեւող խմբի ներկայացուցիչները եւ ավելի քիչ` տառապողները:

Ընդհանուր առմամբ, բարեկեցության առումով առաջին հորիզոնականներում են Դանիան, Շվեդիան եւ Կանադան, որտեղ սեփական կյանքը բարգավաճ է գնահատում բնակչության 70 տոկոսը եւ ավելին, մինչդեռ տառապողների թիվը հասնում է 1 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG