Մատչելիության հղումներ

«Հրապարակ»-ի խմբագիրը հիասթափված է օմբուդսմենի հայտարարությունից


«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր հիասթափությունը արտահայտեց խոսքի ազատության իրավունքին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` հինգշաբթի օրը հրապարակված անդրադարձից:

50-օրյա լռությունից հետո հրապարակած անդրադարձում օմբուդսմենը մտահոգություններ է արտահայտել, մասնավորապես, որ դատական սխալների պատճառով չսահմանափակվի լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը, եւ օրենքի ու լրագրողական էթիկայի տարրական կանոնների խախտման պատճառով էլ իրականում չնսեմացվի որեւէ մարդու արժանապատվությունը:

Անդրեասյանը վիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականացնող
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
օրինագծի հեղինակն էր, եւ այդ օրենսդրական փոփոխություններից հետո պաշտոնյաները սկսեցին մեկը մյուսի հետեւից մամուլի դեմ հայցերով մտնել դատարան:

Իր անդրադարձում օմբուդսմենը, վերահաստատելով այն դիրքորոշումը, որ «լրագրողին սուտ կամ վիրավորական խոսքի համար չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության», միաժամանակ ընդգծում է, որ «գոյություն չունի ժողովրդավարական որեւէ պետություն, որտեղ մարդն իրավունք չունենա զրպարտության կամ վիրավորանքի համար պահանջել բարոյական փոխհատուցում»:

«Անկեղծորեն հիասթափված եմ այս տեքստից, եւ բոլորովին այլ բան էի սպասում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ներկայումս դատական վեճի մեջ գտնվող «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը` իր հիասթափության համար մատնանշելով մի քանի պատճառ:

«Նախ, ուրեմն, այնպիսի տպավորություն է, որ ոչ այնքան անդրադարձել է խոսքի ազատության իրավունքին, որքան խոսքի ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտությանը», - ասաց Արմինե Օհանյանը` շարունակելով. - «Ի՞նչ իմաստ ուներ, ասենք, այսպիսի նախադասություն գրել. - «Երբ լրագրողը պատվերով կամ իր ներքին չարությունից դրդված նսեմացնում է որեւէ մարդու արժանապատվությունը»: Միգուցե կարելի էր անդրադառնալ մարդու արժանապատվության խնդրին այլ տեքստերում, այլ կոնտեքստում, այլ իրավիճակում, երբ խոսվեր ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության, երկրում տիրող վիճակի, քաղաքացիների պաշտպանության իրավունքների մասին: Բայց երբ դու խոսում ես մամուլի ազատության մասին եւ շեշտը դնում ես դրա վրա եւ օգտագործում ես այս տգեղ բառը` «պատվերով» բառը, որի դեմ մենք` լրատվամիջոցներս տարիներ շարունակ փորձում ենք պայքարել, համոզել, բացատրել մարդկանց, որ պետք չէ ամեն հոդվածի տակ պատվեր գտնել, սա խոսում է մի բանի մասին` որ մարդու իրավունքների պաշտպանը մեր շահերից, մեր աչքերով չի նայում մեր խնդիրներին, այլ նայում է իշխանության շահերից, դիրքերից, օլիգարխների, այն մարդկանց դիրքերից, ում իրավունքները կարող է, հնարավոր է ոտնահարվեն մամուլի միջոցներում»:

«Այստեղ մի հետաքրքիր նախադասություն ես հայտնաբերեցի նաեւ այս տեքստի մեջ, որ ասում է` «դատական այս պրոցեսները հնարավոր է սահմանափակեն խոսքի ազատությունը»: Այսինքն, ինքը կասկածներ ունի այդ առումով եւ ենթադրում է, որ ինչ-որ պոտենցիալ հնարավորության մասին է խոսում, մինչդեռ այսօր փաստ է, որ մենք ունենք մի քանի լրատվամիջոցներ, որոնք արդեն ունեն վճիռներ իրենց նկատմամբ արձակված, եւ մյուսներն էլ սպասում են այդպիսի վճիռների, իսկ դա նշանակում է, որ մենք այսօր արդեն կանգնած ենք այդ խնդրի առաջ, մեր ազատությունը, մեր արտահայտվելու ազատությունը արդեն իսկ սահմանափակված է», - ընդգծեց «Հրապարակ»-ի խմբագիրը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր գնահատականը տալով Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ, ընդգծեց. - «Այս վերջին ամիսները աննախադեպ էին դատական հայցերի առատությամբ` ընդդեմ լրատվամիջոցների, մասնավորապես` տպագիր ԶԼՄ-ների: Իմ կարծիքով, սա արշավ է ընդդիմադիր մամուլի դեմ եւ փորձ է լռեցնել այդ մամուլը, կամ գոնե ուժեղացնել այդ ներքին գրաքննությունը, որը առանց այդ էլ գոյություն ունի լրագրողական շրջանակներում»:
XS
SM
MD
LG