Մատչելիության հղումներ

Ապրիլի 22-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասում է. - «Շատ կարեւոր է նկատի ունենալ, որ մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերը չբացահայտելու հանգամանքը ոչ մի կերպ չի վերաբերում այդ իրադարձություններն ուսումնասիրելու համար ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին: Այդ մարմինը հետաքննող լիազորություններ չուներ եւ բարեխղճորեն կատարել է իր բոլոր պարտավորությունները: Իսկ մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված բազմաթիվ հանգամանքներ հիմա էլ շարունակում են շահարկվել ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ հասարակական հարթությունում, ե՛ւ մամուլում: Հենց դա էլ հարուցված բոլոր քրեական գործերը մինչեւ վերջ բացահայտելու հավելյալ անհրաժեշտություն է առաջացնում: Նախկինում էլ մենք տարբեր առիթներով նշել ենք, որ մարտիմեկյան իրադարձությունների կազմակերպիչները գոնե պետք է ցուցմունք տան ու ներկայացնեն որոշակի իրողություններ: Հավատացած եմ, որ կազմակերպիչները շատ ավելին գիտեն, քան այսօր բացահայտված է: Նրանք առնվազն որոշ գործողությունների ականատեսն են եղել, սակայն վկայություն չեն տվել»:

«Հրապարակ»-ում իր խոսքն է ներկայացրել նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը. - «Ինչո՞ւ այսքան ուշացած կամ ինչո՞ւ է «Մարտի 1-ի» մասին հարցը նոր դրվում: Էլ չխոսենք` ի՞նչ բացահայտման մասին է խոսքը, եթե այս դեպքում ակնհայտ ակներեւության պայմաններում կատարված հանցագործության մասին է խոսքը, եւ համակատարի ինստիտուտ կա իրավաբանության մեջ, որը ենթադրում է` եթե խուլիգանություն են կատարում 4-5 հոգի, ու մեկը, պարզվում է` դանակահարվել է, բայց ոչ ոք չի ասում, թե ով է դանակահարվել, բոլորն էլ դատվում են դանակահարելու համար: Եվ էլ պետք չէ պարզել, թե կոնկրետ ով է դանակահարողը: Իհարկե, եթե բարի կգտնվեն ու կասեն ով է, թող բացահայտվի, բայց դա արդեն էական չէ: Մարտի 1-ը բացահայտված է, մնում է իրավական գնահատական տալ դրան»:

«Ժամանակ»-ը Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանին հարցնում է. - «Միջազգային հանրության վերաբերմունքի այս փոփոխությունն արդյո՞ք վկայում է, որ Մարտի 1-ի նման նոր իրադարձություններ լինելու դեպքում իշխանությունները չեն կրակի սեփական ժողովրդի վրա»: Պատասխան. - «Կարճ պատասխանն է` այո: 2008-ին իշխանությունը եթե հզոր աջակցություն ուներ նախագահական ընտրություններից առաջ, երբ Սերժ Սարգսյանը ներկայացվում էր որպես ռեֆորմացիայի լիդեր, ապա այսօր բոլորի համար պարզ է, որ Սերժ Սարգսյանը չի կարող որեւէ հարց լուծել: Ավելին` տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված կենտրոնները տեսնում են, որ Հայաստանը տանուլ է տալիս, թուրքական գործոնը գնալով հզորանում է, հայ-ադրբեջանական հարաբերությունները ավելի անհավասար են դառնում: Այսօր կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը կորցրել է Արեւմուտքի աջակցությունը: Այսօր իշխանությունը չի կարող բռնությունների դիմել, դա բացառվում է, քանի որ զրկվել է միջազգային հանրության աջակցությունից»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասում է. - «Մեր պահանջների մասնակի բավարարումը մեզ համար ընդունելի չէ: 15 պահանջներից 3 առաջնահերթ պահանջը առանձնացված է հենց այն նպատակով, որ նրանք կազմեն մեկ փաթեթ, որը ամբողջությամբ պետք է կատարվի»: Լրագրողը հարցնում է. - «Իսկ եթե Սերժ Սարգսյանը կատարի այդ բոլոր երեք պահանջները, այդ դեպքում ի՞նչ է փոխվելու»: Պատասխան. - «Դա նշանակում է, որ 28-ը դառնում է երկխոսության սկզբնավորման փուլ` ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել էր իր ելույթում: Իսկ նման դեպքում մենք կունենանք շատ կոնկրետ ձեւակերպումներ, որոնք միայն կոգեւորեն ժողովրդին եւ հասարակությանը»: Հարց. - «Անկախ այն հանգամանքից, թե քանի պահանջ կկատարի Սերժ Սարգսյանը, արտահերթ նախագահական ընտրությունները եւ նրա հրաժարականի պահանջը շարունակելո՞ւ է մնալ օրակարգում»: «Իսկ ի՞նչն է առիթ կամ հիմք տվել կասկածելու, որ մենք մեր ինչ-որ պահանջներից հրաժարվում են», - արձագանքում է Զուրաբյանը` շարունակելով. - «Ես հենց նոր ասացի 15 պահանջների կատարման մասին: Խոսքն այն մասին է, որ այս պահանջների կատարումից հետո մենք պետք է սկսենք երկխոսություն արտահերթ ընտրությունների օրակարգով»:

Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը «Իրատես de facto»-ին ասում է. - «Ուղղակի ամոթալի ավանդույթ է դառնում այն, ինչ տարիներ շարունակ գոյություն ունի ԱՄՆ-ում: Հիմա էլ դրան միացել է Հայաստանը. բոլորը շունչները պահած հետեւում են, թե ինչ կասի ԱՄՆ-ի նախագահը ապրիլի 24-ի ուղերձում: Նամակներ են հղում նրան ու կոնգրեսականներին, ծախսում են հսկայական միջոցներ, որ Կոնգրեսի հանձնաժողովը եւս մեկ անգամ ասի «այո», բայց Կոնգրեսը` «ոչ»: Այն, ինչ ասել է կամ կասի Բարաք Օբաման իր եւ Ամերիկայի բարոյական խնդիրն է, իր ու իր երկրի շահերի խնդիրը; Ոչ թե պետք է օտարին աղաչել, խնդրել, հետո էլ հիասթափվել ու հայհոյել, այլ ճիշտ գնահատել մեր անելիքները ու մեծացնել մեր երկրի քայլերի կարեւորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG